Գազայից մոտ 10 երեխա բուժում կստանա Հայաստանում․ տարվում են նախապատրաստական աշխատանքներ
Հայաստանի բուժհաստատություններում նախատեսվում է կազմակերպել Գազայում պատերազմական գործողություններից տուժած երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը։
Այս նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարվել է 2026թ. հունվարի 29-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ։ ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ «Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով»։
Արտաքին գործերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ նախաձեռնությունը հիմնված է Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության հաստատմանը հավատարիմ լինելու սկզբունքի վրա և իրականացվում է ԱՀԿ-ի ու Պաղեստինի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ Նախարարության փոխանցմամբ՝ ներկայում շահագրգիռ կողմերի հետ աշխատանքներ են տարվում «բուժման կարիք ունեցող երեխաների շրջանակը հստակեցնելու, անհրաժեշտ փաստաթղթավորման ապահովման, Հայաստան տեղափոխման և համապատասխան բուժումը կազմակերպելու ուղղությամբ»։
Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ից ստացել է 40 երեխայի և նրանց ուղեկցողների բժշկական տեղեկանքները և անձը հաստատող փաստաթղթերը։ Ստացված տվյալների հիման վրա ոլորտի մասնագետներն այժմ իրականացնում են երեխաների առողջական վիճակի գնահատում՝ որոշելու Հայաստանում նրանց բուժելու հնարավորությունները։ Նախարարությունը նշում է, որ «վիճակի գնահատումից հետո մասնագետները կընտրեն մոտ մեկ տասնյակ երեխաներ, որոնց բուժումը հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանում», բժշկական հաստատությունների ընտրությունն էլ կկատարվի «բացառապես ըստ պացիենտների առողջական կարիքների՝ ներկայացված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»։
Բժշկական օգնությունից բացի, գործընթացը ներառում է կազմակերպչական և իրավական հարցեր, ինչպիսիք են մուտքի արտոնագրերի տրամադրումը և բժշկական տարհանումը։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ աշխատանքներ են տարվում «երեխաներին իրենց ուղեկցողներով հանդերձ Հայաստան բժշկական տարհանման ուղղությամբ», իսկ տեղափոխման ժամկետների և ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
Լուսանկարը՝ unicef.org-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել