HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հոգին ...ապրելու դարաւոր փորձառութիւն ունի. Հմայակ Շեմս (մաս 3)

սկիզբը

Պաշտօնականան բժշկութիւնը կը դեղէ...

Հմայակ Շեմսը ուսուցիչ էր իր ողջ էությամբ՝ նրա բանախոսությունները, զրույցները հոգիներ գերող էին: Քրոջորդին՝ Վահե Պալատունին նմանություն էր տեսնում մորեղբոր և Զրադաշտի ու Ջուբրան Խալիլ Ջուբրանի Մարգարեի՝ կերպարների միջև: Ուսուցչության տարիներին, երբ բացի դասավանդումից հրատարակում էր  նաև «Հայ վարժարան» ամսագիրը՝ թիկունք ունենալով Նիկոլ Աղբալեանին և Լևոն Շանթին, Հմայակ Շեմսը գիտեր, թե որքան կարևոր է մանկավարժություն բերել հոգեբանությունն ու հոգեվերլուծությունը: Մասնագիտական հմտություններ ստանալու համար, 1927 թվականին նա մեկնեց Փարիզ՝ դասընթացների մասնակցելու: Փարիզը, որի «մայթերու վրայ գեղեցկութիւն ու համբոյր կը հոսի...», Հմայակին ծանոթացրեց Անրի Դյուրվիլի հետ: Շեմսը հիացած էր Դյուրվիլի՝ հիվանդությունների պատճառահետևանքային կապի մասին պնդումներով  և դրանցից ձերբազատվելու եղանակներով: Դյուրվիլը վերհանում էր պաշտոնական բժշկության հիմնական թույլ կողմը՝ մարդու հոգու, էության անտեսումը հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ, մարմնական խնդիրը ամբողջությունից դուրս դիտարկելը: Մինչդեռ «հոգեբնաբուժութիւնը կը յայտարարէ, թէ հիւանդութեան մասնաւորումը մոլարանք մըն է»: 1928 թվականին, Կահիրեի «Յուսաբեր»ի մի քանի համարներում Հմայակը հրատարակեց «Հոգեբնական վարդապետութիւն. Psycho-Naturisme» հոդվածը՝ ներկայացնելով  հոգեբնաբուժության «դավանաբանությունը»: Շեմսը գրում է՝ հիվանդության ախտանիշը տեսանելի նշանն է՝ հետևանքը, իսկ ցավը ընդամենը լրատու է՝ տեղեկություն տվող, որ զգուշացնում է, թե մի բան այն չէ, խախտված է ընդհանուր հավասարակշռությունը, ներդաշնակությունը: Պաշտոնական բժշկությունը «կը դեղէ» թունավոր նյութերով, չէ որ դեղերը, պատվաստանյութերը, շիճուկները քիմիա են, իսկ նշանակված կազդուրիչները՝ «յօգնած օրգանիզմին մտրակի հարուածներ...» և այլն: Ուղերձը մարդկանց հետևյալն էր՝ լինել մոտ բնությանը և բնականությանը, ունենալ առողջ մտածումներ, բարի մտքեր, զերծ մնալ մտասևեռումից և մտալլկումներից: Բայց հազիվ թե ինքը՝ Շեմսը, կարողացավ հետևել այս պատգամին՝ ազատել գլուխը անցյալի ապրումներից: Բացի այդ, ստիպված եղավ կեսկատար թողնել հոգեվերլուծության իր պրպտումները, այդ ոլորտում իր գործնական աշխատանքը ու վերադառնալ Եգիպտոս: Մահացել էր քրոջ՝ Հայկուհու ամուսինը: Հարկավոր էր տեր կանգնել նրա ընտանիքին, որ մնացել էր անօգնական: 

...թաւալգլոր կեանք մըն է կ՛անցնեմ

Տունը, որտեղ քրոջ, նրա սկեսուրմայրիկի և զավակի՝ փոքրիկ Վահեի հետ ապրեց Շեմսը Ալեքսանդրիայում, դարձավ իր վերջին բնակարանը: Նա հրաժարվեց իր անձնական կյանքը ունենալու, սեփական ընտանիքը կազմելու մտքից: Տան ձեղնահարկում, փոքր սենյակի «հարստությունը» ինքնաշեն պահարանն էր՝ ճկված գրքերի ծանրությունից, դռան ետևի գամից կախված իր հագուստները, մոխրամանները՝ իտալական սև սիգարի ու վառված խունկի մնացորդներով: Իբրահիմիե թաղամասի Աբել 11 հասցեում գտնվող այս տունը իր թանկ զարդարանքը ուներ՝ Հայաստանի քարտեզը՝ ժամանակների ընթացքում վերաձևված սահմանների խառնաշփոթ և ողբերգական հաստ գծերով՝ պատմական Հայաստանից մինչև Վիլսոնյան Հայաստանի սահմաններ, 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության սահմաններից մինչև Խորհրդային Հայաստանի սահմաններ: Քարտեզը շրջապատված էր անհետացած սերունդի լուսանկարներով, որոնց մասին հիշատակները հե՛նց  մտալլկումի պատճառ էին և խմիչքին ապավինելու դրդում: Ալեսանդրիայում Շեմսը բացեց  իր բուժարանը և լավ հաջողություն ունեցավ հաճախորդների թվի առումով, որոնք սակայն վճարելու շատ փափագ չունեին: Ինքն էլ բարի մարդ էր, մերժել չէր կարողանում և կառավարչական ձիրքից իսպառ զուրկ էր: Այնպես որ, տանուլ տվեց և բուժարանը ստիպված եղավ փակել:

հեղինակ՝ Աշոտ Զորեան.jpg (11.48 MB)

Հեղինակ՝ Աշոտ Զորեան

...աս ի՞նչ ըրիր, ըսէ՛ աղուոր

Իրար հերթագայող կյանքի անլույս դրվագները, ի վերջո, Ալեքսանդրիայում ծնունդ տվեցին իր ռոշնական՝ լուսավոր, պայճառ հատորին՝ հենց այդ վերանգրով՝  «Ռոշնական». բանաստեղծություններ, հոդվածներ...: Ժամանակ հետո նրա բանաստեղծությունների հիման վրա կոմպոզիտորներ Աշոտ Պատմագրեանը, Վաղարշակ Սրվանձտեանցը և ուրիշներ երգեր գրեցին: Հետաքրքրական է, որ միշտ նախապատվել է արևելահայ գրականությունը: Երևի թե Երևանի թեմական դպրոցում ուսանած լինելու փաստն էր պատճառը և գրականության հրաշալի ուսուցիչ Արսեն Տերտերեանին աշակերտած լինելը: Անգամ սկզբնական շրջանին գրում էր արևելահայերենով: Իր համար մի փառահեղ երրորդություն էին կազմում Սայաթ Նովան, Խ.Աբովեանը և Գ. Նարեկացին, որոնք «կը խտացնեն հարազատօրէն ու կը պատկերեն շքեղօրէն հայութեան ոգեղինացումի տուայտանքներն ու նուաճումները»: Անգամ ծրագիր ուներ արևմտահայերենի փոխադրելու «Վերք Հայաստանի»-ն, իսկ Սայաթ Նովան... : «...Սայաթ Նովայէն կ՛արտասանէ յանկարծ աչքերը կիսախուփ, դէմքը լայն ժպիտով մը պայծառացած»: Շեմսը ուսումնասիրեց աշուղի կյանքը, ստեղծագործական ընթացքը, լույս ընծայեց «Սայաթ Նովա» աշխատությունը և էլի չբավարարվեց: Եվ կայացրեց մի անսպասելի որոշում՝ Նովայի գործերը փոխադրել արևմտահայերենի, «Սայաթ-Նովա իբրեւ թիֆլիսեցի՝ իր հայերէն տաղերը գրած է Թիֆլիսի բարբառով, պարագայ մը, որ անծանօթ պահած է այս հանճարեղ քնարերգակ-բանաստեղծը արեւմտեան հայերուն»: Եվ ի՜նչ գեղեցիկ են հնչում աշուղի տողերը Հմայակ Շեմսի միջնորդությամբ: Իր արևմտահայերենը ինչպես է ներդաշնակում Սայաթ Նովայի արտահայտչամիջոցներին: Կարծես փոխադրելիս՝ Շեմսը ոչ թե բառերի հետ է աշխատել, այլ՝ Նովայի նուրբ սրտի հետ.

Խօսք մը ունիմ թախանձագին, մտի՛կ ըրէ, ո՛վ աչքի լոյս.(Մէ խօսկ ունիմ իլթիմազով, անգաճ ա՛րա,օ՜վ աճկի լուս)

Սըրտիս մէջ վառ կարօտ ունիմ, քու տեսքըդ բարով, աչքի լոյս.(Սըրտուըս ինթիզար ունիմ, քու տիսը բարով, աճկի լուս)

Քեզ ի՞նչ վատ բան եմ ըրեր, որ կը կենաս խըռով, աչքի լոյս.(Աջաբ քիզ ի՛նչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, աճկի լուս)

Աշխարհս աշխարհով կըշտացաւ, լոկ ե՛ս քեզմէ՝ սո՜վ, աչքի լոյս:(Աշխարս աշխարով կըշտացաւ, յիս քիզանից սով, աճկի լուս)

Միթէ ոչ ոք եար չէ սիրած, աս ի՞նչ ըրիր, ըսէ՛ աղուոր.(Մագամ օճ օվ յար չէ՞ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա)

Սէրըդ ըրաւ զիս խելագար, կը թափառիմ հըրատոչոր.(Էշխեմեդ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա)

****************

Նպարավաճառ Խաչիկի «սանտուիչները»

Երկրորդ պատերազմի պայթող ռումբերի ձայները լսվում էին նաև Ալեքսանդրիայում: Իտալական եւ գերմանական զորքերը Լիբիայի սահմանով անցան Եգիպտոս՝ ընդհուպ հասնելով Շեմսի ապրած քաղաքը: Աստված գիտի, թե ինչ կլիներ Հմայակի և իր ընտանիքի ճակատագիրը և ողջ Ալեքսանդրիայինը, եթե քաղաքի մատույցներից մոտ 100  կիլոմետր հեռու՝ Էլ Ալամեինում դաշնակիցների զորամիավորումները չկասեցնեին նրանց առաջխաղացումը: Շեմսը երբեք օդային տագնապի ժամանակ չենթարկվեց հրահանգի և չիջավ ապաստարան, մնաց իր ձեղնահարկում և մի օր էլ հայտնվեց իր սենյակի պատուհանի փշրված ապակիների տակ: Այդ ծանր օրերին Համազգային հայ կրթական և մշակութային միության տեղի մասնաճյուղը դադարեցրեց գործունեությունը, որի առանցքը Շեմսն էր՝ իր  «...հմայիչ անձնաւորութեան շուրջ» համախմբված  երիտասարդներով: Բարեբախտաբար Էլ Ալամեինի ճակատամարտի դրական ելքը վերստին աշխուժացրեց Ալեքսանդրիայի հայ համայքի մշակութային և կրթական կյանքը: «Յառաջադիմական» ակումբի երիտասարդները անվերջ փնտրում էին նրա ընկերակցությունը: Գիտեին, թե երեկոները որտեղ կգտնեին նրան՝ նպարավաճառ Խաչիկի մոտ՝ հավկիթով և ապուխտով «սանտուիչ» անուշ անելիս: Հետո միասին տեղափոխվում էին Օվասի սրճարան, որտեղ կլանված շարունակում էին մշակութային զրույցները՝  իտալական սև սիգարների թանձր ծխով պարուրված Շեմսի հետ՝ և չէին նկատում «մօտէն անցնող գեղանի պարմանուհիներին»: Շուտով այս սրճարանային հավաքները կոչեցին հենց այսպես՝ «չաշկա չայ»՝ «մի բաժակ թեյ»: Երիտասարդներից Պերճ Մոմճեանը պատմում է, որ անունը վերցրել են իբր Հովհ. Թումանեանի Վերնատան ավանդությունից, որի մասին նրանց պատմել էր Հմայակը: Բայց, ճիշտն այն է, որ  Թիֆլիսում իսկապես եղել է ‘’Чашка чая'' սրճարան՝ նախկին Երևանյան, այժմ՝ Ազատության հրապարակին հարող Գալակտիոն Տաբիձե փողոցում, որտեղ սիրել է լինել Վահան Տերեանը:

Հմայակ Շեմս և Գուրգեն Մխիթարեան, Ալեքսանդրիա, 1940-ականներ.jpg (1.13 MB)

Հմայակ Շեմս և Գուրգեն Մխիթարեան, Ալեքսանդրիա, 1940-ականներ

Եվ կրկին ծովի օրորը

1951թ. առողջությունը անկում ապրեց: Մղձավանջային գիշերներ՝ արևին տենդագին սպասելով. «Ոճրագործներուն պաշտպան, սիրահարներու հովանաւոր Գիշերը փռուեր է քաղաքին վրայ հսկայ հրէշի մը նման՝ մագիլները խրած հորիզոնին ու երախը լայն բացած երկնքին կապոյտին: Գիշերը նստեր է սրտիս վրայ ու կը տրորէ ժանտօրէն»: Այդ օրերին, երբ ուժը ներում էր, Վահեն՝ քրոջորդին, նրան տանում էր Նուզհա՝ զբոսանքի: Պատմում էր իր գլխով անցած-գնացածը: Կյանքի վերջին էլի՛ վայելում էր իրեն գնահատող երիտասարդների սերը և, զգում որոշ գաղափարագար կուսակցականների չարությունը իր ըմբոստ կեցվածքի և նրանցից զատված լինելու պատճառով: Այդ չարությունը չմարեց անգամ նրա մահից հետո, երբ մերժեցին հրատարակել գրքերը՝ անտաղանդ որակելով Շեմսին: «Այո՛, ըստ իրենց օրէնքին, ներսը մնացո՛ղը միայն կրնայ տաղանդ ունենալ...»: Հարբեցողի պիտակն էլ չմոռացան փակցնել: Մինչդեռ «...մարդ մըն է, որ կը սիրէ գինին կամ օղին, քանի մը զուարթ վայրկեաններու համար. Վեր մնալու ...աշխարհի ցեխէն, մարդոց ճղճիմ հաշիւներէն...»: 1952-ի Հունվարին արդեն գամվել էր անկողնուն: Շուտով տեղափոխեցին անգլո-շվեյցարական հիվանդանոց: Այլևս չէր կարողանում խոսել: Մահից օրեր առաջ անսպասելի խոսեց վերջին անգամ՝ թողնելու իր  մարգարեությունը՝ « Հայ ազգը պիտի ապրի. Շէմսեր կուգան ու կ՛երթան, բայց ազգը ի վերջոյ պիտի յաղթանակէ ու ապրի»: Կամք էր հայտնել, որ իր թաղումը լինի անշուք՝ ի հարգանս անշիրիմ մնացած հայոց նահատակների: 1952թ. Մարտ 30-նն էր, ինքն էլ 56 տարեկան: Դագաղը՝ Հայաստանի Հանրապետության եռագույնով ամփոփված, տարան Ալեքսանդրիայի լեփ-լեցուն Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի, այնտեղից էլ Շաթբի հայկական գերեզմանատուն, որտեղից պարզորոշ լսվում էր Միջերկրականի երգը՝ « Ծովն էր որ կ՛երգէր: Ու ես շատ սիրեցի անոր երգը...»: 

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter