Հայ հոգին ...ապրելու դարաւոր փորձառութիւն ունի. Հմայակ Շեմս (մաս 2)
Վճիռներ, որ ի զօրու են ցարդ
Հմայակ Շեմսի ամբողջ գերդաստանը բնաջնջվեց: Հույն մետրոպոլիտը կարողացավ փրկել միայն քույրերից մեկին՝ Հայկուհուն և ուրիշ 150 հայ աղջիկների հետ պատսպարեց իր մոտ: Հետո թուրքերը տեղորոշեցին թաքստոցը և... Հմայակը գտավ նրան Եգիպտոսի շոգ արևի տակ` 14 տարի անց իրենց վերջին հանդիպումից: Բայց, առայժմ երկար դեգերումներից և, ինչպես պատմում են ժամանակակիցները, թափառական դերվիշի կյանք վարելուց հետո, երբ փորձում էր այլևս իմաստ գտնել կյանքի մեջ կամ սահմանել կյանքի իմաստը` փորձելով համադրել Նիցշեի գաղափարները բուդդիզմի հետ, համոզել էր ինքն իրեն, որ եթե հրաժարվի աշխարհիկ գայթակղություններից, նիրվանայի կհասնի: Եվ իր երկար վերարկուն հագին, որ վրան էր անկախ եղանակից, «փափախը գլխուն», հորդ, սափրիչի մկրատի կարոտ մորուքը քարշ տալով, անցնում էր Ցարիցինից, Կերչ, Ռոստով, Բաթում, Թիֆլիս, Երևան... բայց կյանքից փախուստը նրան միայն ընկերակից դարձրեց խմիչքին և, մի կարճ ընթացք, մոլախաղին: Վերջապես ուժ հավաքեց և եկավ Տրապիզոն՝ տեսնելու իր քաղաքի մոխիրները և վերապրելու արհավիրքի դաժան մանրամասները: Տրապիզոնի հայությունից մի որբանոցն էր մնացել, ուրիշ ոչինչ: Տարիներ անց, արհավիրքին անդրադառնալով, կգրի իր «Ապրիլ 24-ի վճիռները» հոդվածը: Խոսքը 2 վճիռների մասին է, որոնք «ի զօրու են ցարդ». մեկ՝ թուրքի վճիռը՝ բնաջնջել և «տէր դառնալ հայ հայրենիքին» և հայի վճիռը՝ տևել և վերստին տիրանալ բռնագրավված իր պատմական հայրենիքին: «... Թրքական նամարդ վճիռը մնաց անաւարտ, որովհետեւ փրկուած էր արեւելեան հայութիւնը Մայիս 28-ով.... (թուրքը) չէ կրցած նշել համաշխարհային չափանիշով, քաղաքակրթական որևէ մարզի մէջ դոյզն յաջողութիւն մը: ...քաղաքակրթական կապկումները ոչինչ կրնան փոխել իր էութենէն: Եաթաղանն ու խժդժութիւնն են եղած իր քաղաքակրթութիւնը: Հին քաղաքակրթութիւններուն վրայ թառած է տափաստաններու այս չար ոգին եւ մահ ու աւեր սփռած իր չորս դին...: Ան ինչ որ ունի իբրեւ պարծանք, իրը չէ՝ սկսած իր լեզուէն, կրօնքէն, երաժշտութենէն, ճարտարապետութենէն եւ կերակուրներէն իսկ, որ հռչակ կը վայելեն, ամէնը, ամէնը խլած, կորզած անոնցմէ, որոնք ինկած են իր եաթաղանին տակ: Հայուն չափ ոչ ոք կը ճանչնայ թուրքը: Ան գիտէ, որ թուրքը թուրք կը մնայ միշտ՝ քաղաքակրթուելու անատակ...»: Ավերված Տրապիզոնում Գարեգին վարդապետ Խաչատուրեանը՝ ապագայի Պատրիարք Պոլսոյ, որբանոց է հիմնում՝ այստեղից-այնտեղից գտնված երեխաների համար: Հմայակը նրանց հայերեն և մաթեմատիկա է դասավանդում: Ողջ մնացած միայն մի խումբ Տրապիզոնցի երիտասարդներ իրար գլուխ էին հավաքվում: «...Բոլորին միտքերը խենթութիւններով տարուծ էին՝ արդար հատուցման միտքեր, եւ Հմայակը մէկն էր այդ խենթութիւնները հրահրողներէն»,-հիշում է «Նեմեսիս» մաքրագործման հերոսներից Երվանդ Ֆնտքեանը: Տրապիզոնի այս հաստատության փակվելուց հետո, Շեմսը նախ եկավ Պոլիս և այնտեղից անցավ Ռումինիա՝ ուր մեկնում էին հայ որբուկները՝ Սթրունկայի որբանոցում հաստատվելու համար: «Ֆօքշանէն կը գրեն մեզի. -Ամսոյս 17ին Ռումանահայ Որբանոցի Կեդր.Վարչութենէն հեռագիր մը ստացաւ տեղւոյս Հոգաբարձութիւնը, որուն կը հաղորդուէր Պոլսէն բերուած մեր որբուկներու Ֆօքշանի ճամբով դէպի Սթրունկայի նորահաստատ Ազգային Որբանոցը փոխադրութեան լուրը...»՝ գրեց Բուխարեստի «Նոր Արշալոյս» թերթը: Ահա այստեղ կես տարի դասավանդեց Հմայակ Շեմսը, ապա տեղափոխվեց Կոնստանցա՝ Հայկական դպրոցում շարունակելու իր ուսուցչությունը:

Կարելիութիւններով, հրաշքներով լեցուն ցեղ մըն է հայը, բայց...
Ռումինիայում, հատկապես Կոնստանցայում հավաքվել էին հայության բեկորները: Իր «Շշուկների մատյան» բացառիկ վեպում Վարուժան Ոսկանեանը պատմում է շատերի մասին՝ Դրոյից մինչև Թոռլաքեան, Միքայել Նորատունկեան, Լևոն Զոհրապ՝ Գրիգորի որդին, և շատ ուրիշներ: Հմայակը լուր առավ, որ ճակատագիրը իր Տրապիզոնցի լավ ընկերոջը՝ Վարդան Գևորգեանին հասցրել է Կոնստանցայից ոչ հեռու Բուլղարական Վառնա քաղաք: Վարդանը եկավ Հմայակի մոտ՝ միասին խոսելու Տրապիզոնի մասին, վերհիշելու նախաեղեռնյան իրենց կյանքը և երազները: Նույն Վարդան Գևորգեանն է, որ հետո տեղափոխվեց Բուենոս Այրես և աշխատեց «Արմենիա» օրաթերթում: «Մեր հանդիպումը եղաւ յուզիչ: Հին օրերու կարօտը, անճիտուած ամբողջ սերունդի մը եղերական ճակատագիրը եւ ափ մը վերապրողներու իրարմով մխիթարուելու պարագան դարձած էին անշուշտ այս տեսակցութեան շարժառիթը»,- հիշում է Վարդանը: Գինեսեղանի շուրջ կարծես Արամ Երկանեանն էլ կար, Միսաք Թոռլաքեանն էր, որը իր զինակից ընկերոջ՝ Երուանդ Ֆնտքեանի հետ արդեն 1921թ. Հուլիս 18-ին,Կոստանդնուպոլսում գործադրել էր Բաքվի հայության կոտորածի հեղինակ Բեհբուդ խան Ջիվանշիրին դժոխք ուղարկելու որոշումը և ինչ-որ առումով բավարարված էր: Վարդանը հիշում է՝ թե «Շեմս պարզապէս կը տառապէր ...», դատարկում էր բաժակ բաժակի ետևից: Հուշերն այդպես էլ հանգիստ չթողեցին Հմայակին: Եվ խմիչքը նորից դարձավ իր «փրկությունը»: Անհանգստություն կար իր մեջ և դա միայն կատարվածի մասին ցավեցնող հուշերը չէին: Ի՞նչ էր լինելու ողջ մնացածների հետ. «Ձուլման վտանգը հին է մեր ցեղին չափ, ինչպէս մահը հին է կեանքին չափ...»: «...Մեր օրերը կ՛ապրինք ու վաղուան պատմութիւնն է որ կը շինենք: Ամէն օր բան մը կը պակսի մեր հայկական հոգիներէն: Օտար հող ու երկինք, եւ հարկադրանքներ շա՜տ...Ի՛նչ պիտի թողունք գալիքին. Մղձաւանջ ահեղ»: Տարիներն անցնում էին, և ուծացումի դամոկլյան սուրը ավելի ու ավելի էր ճոճվելու սփյուռքի գլխին: Շեմսը գիտեր, որ ահեղ մղձավանջը վանելու պատասխանատվությունը մտավորականներինն է: Նրանցն է մշակույթը, վարժարանները զորացնելու առաքելությունը, չէր որ «Ցէղի մը տէրը իր մտաւորականութիւնը-իր ընտրանին է...», Շեմսի կարծիքով՝ արդեն «...մեր հատնող, վերջամնաց եւ «անհաց» մտավորականութիւնը...»: Հացի խնդիրը, բայց, ավելի շատ, ազգային պատասխանատվության տկարացումը օրինականացրեց «որտեղ հաց, այնտե՛ղ կաց » թեզը: Եվ ահա այն սերտելով՝ «...միայն հաց վաստակելու ճամբաներ որոնեց հայ սփյուռքը»: Բայց ինչու միայն սփյուռքը. ի գին Հայրենիքի և ազգայինի չի բավարարվել և բավարարվում հացի, շատ, մեծ քանակի հացի մոլուցքը: «...Դրամը չէ, որ պիտի վարէ հանրային կեանքը, այլ դրամը ստեղծող մարդը, որուն ձեռքերուն մէջ կը գտնուի հանրային կեանքին մեքենան: ...կը խամրի մեր հաւաքական կեանքը, որովհետեւ անոր իսկական տէրերը չեն զայն վարողը...»: Իմաստուն մտքեր նա շարադրեց իր հոդվածների էջերին, դրանք արդիական են մինչև հիմա, բայց որո՞ւ համար, ո՞վ է լսողը, կարդացողը, գործողը... Շեմսը գիտեր, որ մեր ազգը ապրելու դարավոր փորձառություն ունի, ուրեմն պետք է ի՛ր մեջ փնտրի կյանքի ու մահվան գաղտնիքները՝ բացահայտելով «ցեղին առաքինութիւններուն այն շարքը, որ անոր վահանն ու կապարճն են եղած, անոր հոգեկան զինարանն ու անխորտակելի մարտկոցը», ցավալիորեն հիշելով, որ ցեղի ժառանգական հարստությունները կործանվում են ավելի մե՛ր «մահաբոյր» անփութությունից, քան արտաքին հարվածներից: «Հայուն առաջին թշնամին ինքը հա՛յն է: Մեր ճակատագրի դաժանութիւնը հետեւանքն է մեր՝ իրարու հանդէպ ունեցած դաժանութեան: Շեմսը ասում է՝ «Կարելիութիւններով, հրաշքներով լեցուն ցեղ մըն է հայը...», բայց արի ու տես, որ հենց ինքն է իր առաջին հակառակորդը, խանգարողը, «որ յայտնուին իր հրաշքները, որ «փոքր ածուն» արեւուն տակ իր պատուաւոր տեղը բռնէ»:
Ֆուադ 1-ին թագավորի երկրում
Երջանիկ էր՝ Եգիպտոս անցնելով: Իր քույրն էր այստեղ՝ Տրապիզոնում թուրքերի ձեռքից հազիվ փրկված Հայկուհին, այդ օրերի մասին միայն իր՝ «...Աստուած իմ, մեզ փողոց հանելէ ետք, ինչե՜ր չ՛ըրին մեզի...» դաժան վերհուշով: Հայկուհին երբեք չպատմեց իր հետ կատարվածի, իր տեսածի մասին: Խոր ծերության մեջ ավանդեց հոգին՝ հետը տանելով իր ցավը, իր վախերը... Հունաստանում հայտնվելով , Հայկուհին դասավանդեց Սալոնիկին հայկական որբանոցում: Նրա աշակերտուհիներից էր Մարի Աթմաճեանը՝ ապագայի բանաստեղծուհին, որ Տրապիզոնի որբուկների քարավանով բերվել էր այս երկիր: Հունաստանում փոքրիկ Մարիին տպավորել էր 3 բան՝ «Կորնթոսի Ապողոնի տաճարը, Լութրաքիի արեւոտ ծովափը եւ իմ ուսուցչուհիս՝ օրիորդ Հայկուհին»: Եգիպտոսում Հայկուհին ամուսնացել էր էլի Տրապիզոնի կողմերից Սուրեն Պալատունու հետ, որ նաև իր եղբոր դասընկերն էր եղած Սանասարեանում: Սուրենը իր Սերայտարեան արաբա-թրքահունչ ազգանունը «թարգմանել» էր հայերեն՝ սարայ-ը պալատ դարձնելով: Ցեղասպանության ժամանակ Պոլսի Պէրպէրեան վարժարանի ուսանող էր: Ոչինչ գիտեր իր ընտանիքի մասին: Չգիտեր, որ բժիշկ հայրը սպանված էր ահավոր տանջանքներով, մայրը իր ձեռքով անապատի ավազների մեջ էր թաղել է իր 4 զավակներին և մորը, կիսախելագարված՝ Եփրատին հանձնվելու որոշում ունեցել... բայց՝ ո՛ւր է Սուրենը՝ մյուս որդին, գուցե ողջ է... Եվ, զինադադարից հետո, թրքուհու տարազով նա անցավ ճամբար առ ճամբար և գտավ իր ողջ մնացած զավակին Հալեպում ...Միասին տեղափոխվեցին Եգիպտոս՝ Նեղոսի բազուկի արևելյան կողմում գտնվող Զագազիգ քաղաք, որտեղ ձևավորված հայկական համայնք կար: Եգիպտոսում սկսվելու, և կարճ ժամանակ անց, ցավոք ավարտվելու էր Շեմսի կյանքը: Դեռ որ Կահիրեում էր և այստեղ հանդիպեց Հակոբ Օշականին, «Յուսաբեր»-ի խմբագիր Գուրգեն Մխիթարեանին, որը ԱՄՆ մեկնելուց հետո խմբագրեց Բոստոնի «Հայրենիք» օրաթերթը: Նա հիշում է իրենց առաջին հանդիպումը. Հմայակի ձեռքին Չարենցի՝ Մոսկվայում լույս տեսած հատորն էր: Սրճարանում էին: Հմայակը բացեց գիրքը կարդաց մի քանի գործ: Հետո պատմեց իր և Չարենցի ծանոթության մասին: Մի խոսքով, Հմայակն էր, որ իրեն՝ Գուրգենին և Հ.Օշականին առաջին անգամ ծանոթացրեց Չարենցի գրականությանը: «Զարմանալի երիտասարդ էր»՝ ասում է Գուրգենը, արևմտահայ էր, բայց խոսում էր արևելահայերեն: «Դժգոհութեամբ լեցուն հոգի մըն էր, ինքնատիպ մտածումներով եւ անկախ խառնուածքով: ...Երբ սրահէ մը ներս, անկիւն մը քաշուած մէկը նշմարէք...որ անվերջ կը ծխէ կուշտ վայելքով մը, ու ծուխին մէջ խորասոյզ կը մտածէ ինքն իր մէջ, Շէմսն է»: Այդպես գլուխը հակած, նոսրացած մազերը դեպի ետ սանրած, անցնում էր փողոցներով՝ առանց շուրջբոլորը նայելու: Նրան կարելի էր տեսնել էժանագին ըմպելարաններում՝ աղքատ մարդկանց ընկերակցությամբ, ծխախոտի թանձր ծխով քողարկված: «Հոն ան, ժամերով, առանձին յաճախ, ընկերովի երբեմն, սեղանին վրայ գաւաթ մը օղի, գինի կամ վերմութ, զոր կը ճաշակէ ընտանի շարժուձեւով մը եւ որ յաճախ կը նորոգէ, մօտ կամ հեռու սեղաններուն շուրջ նստող անծանօթ ու այլացեղ մարդոց ողջոյններ բաշխելով...»: Ուսումնասիրում էր մարդկանց, վերատեսության էր ենթարկում իր անցած հազիվ 30 տարիները: Գրականությունը խմորվում էր ներսում: Վառնայի «Հրազդան», Բուխարեստի «Նաւասարդ», Կահիրեի տարբեր պարբերականներում տպագրվում էին գործերը: Ալեքսանդրիայից ստացված հրավերը՝ ուսուցիչ լինելու Պողոսեան ազգային վարժարանում, ուրախությամբ ընդունեց: Տնօրենը Նիկոլ Աղբալեանն էր: Շեմսը ստանձնեց հայերեն, հայոց պատմություն, մաթեմատիկա, բարոյագիտություն առարկաների դասավանդումը: Դասերից հետո, ծովեզերքի մի սրճարանում, ուսուցիչներով հավաքվում էին Աղբալեանի կողքին՝ քննարկելու կրթական, գրական և, անշուշտ, ազգային հարցեր: Կյանքի վերաիմաստավորման հետ զուգահեռ, համայնքում ընթանում էր նաև քաղաքական-կուսակցական մաշող, անհամ պայքարը: Երբ թեմական ընտրություններում հաղթեցին Ռամկավարները, Աղբալեանի, Շեմսի նման մտավորականներին դուրս դրեցին վարժարանից: Դուրս դրեցին բոլորին՝ կուսակցական պատկանելիության հանգամանքով, հոգ չէ թե կրթական գործը կվնասվեր: Հետո գալու էր ժամանակը՝ 2-րդ պատերազմից հետո, երբ իր դավանած Դաշնակցության վերնախավը սկսելու էր քննադատել իրեն՝ կուսակցական «դիսիփլին»ը խախտելու՝ սեփական կարծիք հայտնելու համարձակության համար: Իսկ «հանցանքը» աշակերտության մեջ քարոզն էր հայրենադարձության՝ Հայաստան ներգաղթի: «...Գիշեր մը նստեր է եւ կը ճնշէ. ելք մը կը փնտռեմ ազատուելու...ունի՞ս դեղագիր մը այս երկաթէ խաւարը հալեցնելու, շոգիացնելու, ցնդեցնելու համար. Գրիր, երախտապարտ պիտի ըլլամ քեզի...»՝ նամակում սիրտը բացեց ընկերոջը՝ Վարդան Գեւրոգեանին:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել