HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հոգին ...ապրելու դարաւոր փորձառութիւն ունի. Հմայակ Շեմս (մաս 1)

Մանկութիւնս ծովուն հետ, ծովուն երգով անցաւ

2005 թվականի օգոստոսի 23-ից  սկսած, 8 օր շարունակ Նյու Օռլեանին պատուհասած Քաթրին մահաբեր փոթորիկը խլեց առնվազն 1833 մարդու կյանք և պատճառեց նվազագույնը 108 միլիարդ դոլարի վնաս: Ո՛ւմ մտքով կանցներ, որ Քաթրինը իր թաց գործը կտեսներ նաև ցեղասպանությունը վերապրած մի հմայիչ գրողի, հրապարակագրի, մանկավարժի ճակատագրում՝ նրա մահից 53 տարի անց ևս մեկ անգամ փորձելով մեռցնել նրան՝ ջնջելով թանաքը նրա ձեռագրերից և փչացնելով լուսանկար-հիշատակները, որ պահվում էին 18 Chatham Drive հասցեի տանը: Տունը պատկանում էր նրա քրոջ որդուն, որտեղ խնամքով պահվում էր մեր  հերոսին պատկանող ժառանգությունը: Արհավիրքից հետո արևը չորացրեց թրջված, քայքայված թղթերի և լուսանկարների որոշ մասը՝ հնարավորություն տալով դրանք ուսումնասիրելու և հրապարակելու: Արևն օգնեց Արևին: Իրեն մականուն էր ընտրել արաբերեն Շեմս՝ Արև բառ-անունը: Բայց մեկ ուրիշ մականուն էլ ուներ՝   Արեգենց: Այնպես որ, իր շուրջ արտաքնապես հյուսված էր մի տաք արևային պատմություն: Անունն էլ՝ Հմայակ, որ այնքան էր խոսում իր հմայիչ աչքերի հետ և ինչ-որ մոգական, հմայական զորությամբ օժտում իրեն։ Հայրը՝ Գրիգորը, վարսավիր էր, և ուներ Սափրիչեան արհեստի ազգանունը: Հազիվ էր վաստակում, որովհետև իր հաճախորդները աշխատավոր, պարզ մարդիկ էին՝ հաճախ դատարկ գրպանով: Մայրը՝ Թուրվանտա Ծերունեանը, մի աստվածավախ  կին էր: Անցյալի ամենից վառ հիշողությունը իր հորենական կապուտաչյա մեծ մայրն էր՝ «Կապուտիկ նէնէն», որի պատմած հեքիաթների կախարդանքի մեջ անցկացրեց  մանկությունը: Իր մեծ մոր աչքերի պես կապույտ ծովի, որ Սև անունն ուներ, ջրերն էլ ինչ-որ դյութիչ երգ էին երգում Հմայակի համար.«Լերան կատարէն փոխադրուած էի ծովուն ափը, նոր տունի մը մէջ:...Մանկութիւնս ծովուն հետ, ծովուն երգով անցաւ:... Ծովն էր որ կ՛երգէր: Ու ես շատ սիրեցի անոր երգը...»: Մինչ Տրապիզոն իջնելը, ընտանիքով ապրում էին Պոնտական լեռաշղթայի լանջին՝ Գյումուշխանեում: 4 երեխա էին՝ 2 աղջիկ, 2 տղա: Ավագը ինքն էր՝  ծնված 1896-ի Մայիս 17-ին: «Խորունկ ձորակի մը կատարը, ժայռերէն կախուած էր իմ պապենական տունս: Հո՛ն կապած էին իմ ճօճքս: Հո՛ն աչքերս խմեցին արեւուն մեղրագոյն լոյսը առաջին անգամ»: Կարիքը երբեք չլքեց այս ընտանիքը: Նաև՝ արժանապատվությունը: Երբ Հմայակը, որին  դասընկերները և ուսուցիչները «փոքրիկ բանաստեղծը» էին կոչում, ավարտեց Տրապիզոնի Լուսավորչական վարժարանը, երազեց Կարինի հանրահայտ Սանասարեան վարժարանի մասին: Մայրը ունեցած մի քանի զարդը դրեց սեղանին, թե՝ գնա երազանքիդ ետևից, «չեմ ուզեր, որ տղաս զրկուի փափաքած վարժարանը յաճախելէ»: 

 Հարուստ երազանքով, աղքատ իրագործումով... 

Հմայակի մասին է ասված: Երազեց, սլացավ իր երազանքների ետևից, բայց շատ հաճախ, իրենից անկախ, հայտնվեց փակուղու առջև: Առաջին երազանք-մարտահրավերը Սանասարեանն էր: Այստեղ սովորելը մեծ պատիվ էր: Բայց մի բան կար, որ, չնայած ուսումնական-գիտական բարձր հարգին, Հմայակի համար անընդունելի էր վարժարանի դրվածքում՝  սաների մտավոր և հոգևոր ազատությունը, այլախոհությունը անպայմանորեն ճնշելու մոլուցք-ռազմավարությունը: Վարժարանի հարուստ գրադարանի հայերեն, ֆրանսերեն գրքերը, դասընթացքին զուգահեռ, Հմայակի միտքը և ճաշակը ձևավորող աղբյուրն էին: Հատկապես Նիցշեի «Այդպէս խօսեց Զրադաշտը» ալեկոծել էր նրա և մյուս աշակերտների հոգիները: Վարժարանի պատասխանատուները դա շատ ցավագին էին ընդունում: «Ապստամբության» համար ձևավորվում է «անիշխանականների խումբ»: Հմայակը  պարագլուխներից  էր: Ցավոք, տղաներին չի հաջողվում հաստատել ազատ մտածելու և վերլուծելու իրավունքը , և, հակառակ որ Հմայակը  վարժարանի լավագույն աշակերտներից էր, տնօրինությունը անվարան նրան հեռացրեց հաստատությունից:

Scan_20260403 (8).jpg (258 KB)

Հանդիպումներ Տրապիզոնում

Մինչ այս միջադեպը, առաջին ուսումնական շրջանի ավարտին՝ արձակուրդի օրերին, Հմայակը Կարինից ճանապարհվեց տուն՝ Տրապիզոն: Նույն օրերին Կարսից Տրապիզոն՝ ելույթների ուղևորվեցին քաղաքական գործիչներ Ավետիս Ահարոնեանը, Գարեգին Խաժակը՝ Արծիվեան կեղծանունով և Ավ. Իսահակեանը: Այս «երեք մեծեր»ի, ինչպես կոչում էր նրանց Հմայակը, հանդիպումները իսկական նվեր էին իր համար: «Եւ այդ օրուընէ մինչեւ այսօր, մեր երեք մեծ ընկերները դարձած են իմ երեք վարպետներս: Ահարոնեանը եղած է ինծի համար ջերմ ու քաղցր ոճի վարպետ: Իսահակեանը իր վէրքերով զիս պահած է ժողովրդական երգերու հմայքին տակ եւ Պառնասէն վար քաշած: Արծիւեան ընկերային կեանքի ու վերելքի լայն հորիզոններ բացած է աչքերուս: Երեք վարպետներուս ալ թելադրանքը եղաւ ապրիլ ժողովուրդիս կեանքով ու գրել ժողովուրդիս համար»: Եվ Հմայակ Շեմսը ամբողջովին հետևեց նրանց այս թելադրանքին իր ապրած ոչ երկար, բայց վայրիվերումներով կյանքի ընթացքին: Տրապիզոն այցելում էին նաև ուրիշներ: Հերոս Միսաք Թոռլաքեանի գաղափարակից և զինակից Երվանդ Ֆնտքեանը պատմում է, թե ինչպես Տրապիզոնը հյուրընկալեց հայ իրականության ամենախոշոր դեմքերին՝ Զավարեան, Ռոստոմ, Թոփչեան, Ահարոնեան, Վարդգէս, Շահրիկեան եւ ուրիշներ, որոնք Տրապիզոնով եկան, անցան: «Նրանց հեղինակաւոր քարոզները հասունացրին եւ պատրաստեցին մի լաւ սերունդ»: Իսկ եթե լեռ բարձրացած մարտիկները, ինչպես կարծում էր դիմադրության կազմակերպիչներից և մասնակիցներից Մ.Թոռլաքեանը, աններելի միամտություն չունենային հավատալու «... թուրք ոճրագործի տուած «ազնիւ» խօսքեուն, այ­սօր Տրա­պի­զո­նի շրջա­նի պատ­մու­թիւ­նը թե­րեւս այլ ձեւով գրուէր, ինչ­պէս գրուե­ցան Մու­սա լե­րան, Շա­պին-Գա­րա­հի­սա­րի, Վա­նի եւ Ուրֆա­յի հե­րո­սա­մար­տե­րը»: 1910 թվականի ամռանը Տրապիզոն գալը իր վերջին տեսակցությունը եղավ ընտանիքի հետ: Դրանից հետո շատ ջրեր հոսեցին. Հեռացվեց Սանասարեանից, ճանապարհվեց Էջմիածին՝ Գևորգեան ճեմարան մտնելու համար: Չստացվեց, քանի որ ուսումնական տարին արդեն սկսված էր: Այստեղից երաշխավորագրով եկավ Երևան՝ Հայոց հոգևոր թեմական դպրոց: 1912 թվականն էր: Նաև աշխատանքի անցավ առաջնորդարանում՝ վայելելով Թեմի առաջնորդ, ապագայի Ամենայն Հայոց Հայարպետ Խորեն Մուրադբեկեանի հոգածությունը: Այն նույն Մուրադբեկեանի, որին բոլշևիկները սպանեցին վեհարանում, 1938-ին: Հետո, ծովի կարոտով և պարտքի զգացումով, մեկնեց Սուխում՝ հայկական դպրոցում դասավանդելու և այլն, և այլն: Մի խոսքով, ուսումով և աշխատանքով ծանրաբեռնված, քաղաքական-կուսակցական երազանքների ետևից ընկած, Հմայակը ժամանակ չունեցավ Տրապիզոն այցելելու և ծնողքը տեսնելու համար: Մինչև որ այս քաղաք գնալը դարձավ անիմաստ: 

 Մամուլի հաղորդագրություններ

«Հայաստան», Սոֆիա, Ապրիլ 11, շաբաթ և  Օգոստոս 12, չորեքշաբթի, 1915

«...Տրապիզոնէն Կարին ճանապարհի հայ գիւղերը ոչնչացած պիտի համարել»: «... շաբաթներ առաջ Տրապիզոնէն եկած թուրք հրոսակապետ մը կը պարծենար թէ՝ այն կողմի բոլոր հայերը ջարդեցինք, մեծով պզտիկով ...»:

«Մշակ», Թիֆլիս,  Օգոստոս 25, 1915

«Տրապիզոնի մասին էլ միևնոյն սիրտ   կտրատող գազանութիւններն են պատմում. միայն այնտեղ իբր թէ 500 երեխայ թիւրքերը իրենց մէջ բաժանել են և մի մասն էլ ուղարկել Կիրասոն ...»:

«Փայլակ», Շուշի, Մայիս 24, կիրակի, 1915

«Տրապիզոն--Էրզրում խճուղու վրայ թափւած են մեծ քանակութեամբ մարդկանց և ուղտերի դիակներ. եղանակը տաքանալուն, երկիւղ կայ համաճարակի, որից մինչև այժմ զերծ է եղել Տրապիզոնը»:

 Բայց ամենից սոսկալի նկարագրությունները  Երուանդ Ֆնտքեանինն են: «...Տրա­պի­զո­նի կո­տո­րած­նե­րի մեջ յու­րա­հա­տուկ էր մարդ­կանց բնաջնջե­լու մի եղա­նակ, որ այլ վայ­րե­րում չի հիշ­վում. նա­հան­գա­պետ Ջե­մալ Ազը­մին կողմ­նա­կից էր հա­յե­րին ծո­վում խեղ­դա­մահ անե­լուն, ին­չը կհեշտաց­ներ դա­հիճ­նե­րի գոր­ծը, քան­զի ճա­նա­պարհ­նե­րին սպան­ված­նե­րին թա­ղե­լու կա­րիք չէր լի­նի: ...Ծծկերներին խլում էին մայրերի գրկից, ոտքից բռնած խփում գետին ու գանկերը ցրիւ տալիս... խեղճ փոքրիկների մեծ մասը լեցնելով նաւակների մէջ, բաց ծովում խեղդեցին: Միւսներին դարձեալ հաւաքեցին ու տարագրեցին: Սրտաճըմլիկ էր փոքրիկների այդ կարաւանը...:  ...Փոքրիկների այդ խումբը մինչեւ Զղանա հասաւ: Այնտեղ մոտ 200 երեխայ ողջ ողջ թաղեցին...  Երեխասպան ժանտարմները ի վերջոյ հաճոյքով էին պատմում թէ ինչպէս հազիւ հողով ծածկուած «օձի ճուտերը» պար էին գալիս հողի մէջ մի երկու Ժամ...: Զինուորական բժիշկ Ալի Սայիտը՝ այդ մտաւորական բորենին, Ճեմալին դուր գալու համար կամ աւելի ճիշտը, իր սեւ հոգուն բաւարարութեան համար, տասնեակ երեխաներ թունաւորեց շաքարեղէններով քաղաքի կայաններում: Տրապիզոնից եւ շրջանից հազիւ 50 երեխաներ որդեգրուեցին երեխայ չունեցող թուրքերի կողմից»: Ջեմալ Ազըմին, որ Տրապիզոնի նահանգապետն էր, ուրախությամբ վկայում է, թե «10-13 տա­րե­կան ամե­նա­գե­ղե­ցիկ հայ աղ­ջիկ­ներին պա­հում էի ինձ հա­մար։ Նրան­ցից մե­կին նվի­րե­ցի որ­դուս։ Մնա­ցա­ծին խեղ­դե­ցի ծո­վում»: 1915-ի Տրապիզոնի ջարդերի եւ տեղահանութեան սեւ օրերի մասին այս վկայությունները Ռումինական Կոնստանցայում թղթին է հանձնել Միսաք Թոռլաքեանի ընկերը՝ Երուանդ Ֆնտքեանը, 1923թվի Հուլիսին, այն բանից հետո, երբ  1922թ. ապրիլ 17-ին Արամ Երկանեանը և Արշավիր Շիրակեանը Ազըմիին խեղդեցին իր սեփական կեղտոտ արյան մեջ՝ փառահեղ գործողության շրջանակում:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter