Հայաստանում 6 և ավել երեխա ունեցող 643 ընտանիք կա․ բնակարանային ապահովման նախագիծ է ներկայացվել քննարկման
Հայաստանում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք կա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է 100 տոկոս սուբսիդավորում՝ բազմազավակ ընտանիքներին մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։
Ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է ընդամենը մեկ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Սակայն դրա շրջանակում պետական աջակցությունը միանվագ է, որի չափը կազմում է 500 հազ. դրամից մինչև 3 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։
Ըստ հրապարակված տվյալների՝ 643 բազմազավակ ընտանիքներից 390-ն ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։
Ըստ նախարարության հիմնավորումների՝ նոր ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։
Առաջարկվում է ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով։
Եթե նախագիծն ընդունվի, առաջիկա 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ։
Նախագծով առաջարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակմակերես սահմանել 10 քմ, միաժամանակ հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի տվյալները, 2025թ․ մարզերում անշարժ գույքի միջին շուկայական գները տատանվում են 1 քմ արժեքը 150,000-450,000 դրամի միջակայքում։ Ըստ այդմ, միջինում 300,000 դրամ արժեքի դեպքում 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է լինի 80 քմ (ներառյալ ծնողները), ուստի այդ ընտանիքին պետք է հատկացվի 24 մլն դրամ, ինչը 6 երեխաների դեպքում կազմում է յուրաքանչյուրի հաշվով 4 մլն դրամ։
Լուսանկարը՝ արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել