HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին

«Նժար» սահմանադրական շարժումն այսօր՝ ապրիլի 3-ին, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Հանրային հեռարձակողի խորհրդի։ Ստորեւ՝ դատախազություն ներկայացված բողոքի տեքստը։

Հարգելի՛ տիկին Վարդապետյան,

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ («Առաջին ալիք», «Առաջին լրատվական ալիք», «Առաջին միջազգային ալիք», «Առաջին ալիք Ամերիկա») հեռարձակվում են մի շարք հասարակական-քաղաքական հաղորդումներ, որոնցից են՝

  • «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ», հեռարձակվում է ժամը 13։20-ին։
  • «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», հեռարձակվում է ժամը 22։10-ին, երեկոյան «Լուրերի» թողարկումից հետո։
  • «Մեծ բանավեճ», հեռարձակվում է կիրակի երեկոյան ժամը 21։50-ին, երեկոյան «Լուրերի» թողարկումից հետո։
  • «Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ», հեռարձակվում է ժամը 19։40-ին։
  • Որպես կանոն այս հաղորդումները ունեն մեծ (հանրային) լսարան. նախ հեռարձակվում են «Առաջին ալիք»-ով, իսկ հետագայում կրկնվում են նույն ալիքով կամ «Առաջին լրատվական ալիք»-ով, «Առաջին միջազգային ալիք»-ով և «Առաջին ալիք Ամերիկա»-ով։ Այս հաղորդումների մեծ լսարան ունենալը պայմանավորված է նաև դրանց հեռարձակման ժամերով. դրանք հեռարձակվում են եթերային լավագույն ժամերին, ինչ էլ ավելի է նպաստում դրանց լայն սփռմանն ու ազդեցության մեծացմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի առավել մեծ սփռում ու մատչելիություն սպառողների համար, ինչպես նաև գործում է սպառողի վճարած հարկերի հաշվին, ապա օրենքի ուժով պետք է և պարտավոր է գործել ի շահ հանրության (բոլոր սպառողների)։

Իրականում, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, հատկապես վերոնշյալ հաղորդումները հեռարձակվում են առավելապես մեկ մարդու՝ ՀՀ վարչապետի կամ մեկ կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի շահերի ներկայացման նպատակով։ Ավելին՝ նշյալ հաղորդումների ժամանակ, որպես կանոն արժեզրկվում և պիտակավորվում են այլ, ոչ իշխանական շարժումներն ու գաղափարները։

Փաստացի հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը ծառայում է հարկատուների մի մասին միայն և ուղղակիորեն խմբակային շահերից ելնելով ստորադասում է հանրության մի զգալի հատվածի շահերը։

Զորօրինակ՝ 2025 թվականի ընթացքում վստահորդիս կողմից իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը հեռարձակվել է 217 անգամ, որից 136-ին մասնակցելու հրավիրվել են ՔՊ կուսակցությունից (ԱԺ խմբակցությունից) կամ կառավարման գործադիր մարմնի ներկայացուցիչներ, կարգալույծ եղած 5 նախկին հոգևորական, 0 հոգևորական Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, 31 ընդդիմադիր գործիչ, արտախորհրդարանական ուժերի 10 ներկայացուցիչ, որոնցից՝ 2 անձ հրավիրվել են 10 անգամ (6 անգամ Արման Բաբաջանյանը և 4 անգամ Արամ Սարգսյանը (երկուսն էլ իշխանության քարոզիչներ են))։

Նույն պատկերն է նաև մյուս հաղորդումների դեպքում։

Ներկայացվածը վկայումն է այն փաստի, որ Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում հանրությանը, իսկ եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ապա հասկանալի է դառնում թե՝ ինչ բնույթի ու ծավալի իշխանահաճո քարոզչություն ու ոչ իշխանական ուժերի կամ շարժումների վարկաբեկում է սպասվում։

Այս պնդումը հաստատվում է նրանով, որ շուրջ 3 շաբաթ է ՀՀ վարչապետն ու նրա կուսակիցները, պատգամավորները, նախարարներն ու մարզպետները շրջագայում են ՀՀ մարզերով, համայնքներով, ըստ էության սկսել են քարոզարշավը, որը լուսաբանում է Հանրային հեռուստաընկերությունը, և միևնույն ժամանակ չի լուսաբանում ընդդիմադիր որևէ կուսակցության կամ շարժման նշանակալի միջոցառումները (համագումարներ, ժողովներ, այլ)։

Եթե վերոգրյալին հավելենք նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես վերջին ամիսների ընթացքում բացահայտ կամայական է լուսաբանել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող լուրերն ու իրադարձությունները, ապա կարող ենք նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունը իրեն թույլ է տալիս նաև վարել հանցավոր՝ հակահոգևոր և հակակրոնական քաղաքականություն, որն օգտագործում է վարչապետի անձի շահերի սպասարկման նպատակով։ Գործը հասել է նրան, որ «Առաջին ալիք»-ը ապահովում է վարչապետի մասնակցությամբ մատուցվող պատարագը այն դեպքում, երբ նույն պահին Մայր Աթոռում մատուցվող Ճրագալույցի Սուրբ Պատարագը չի հեռարձակվում։ Ի վերջո պատարագի շահառուն հարկատու հավատացյալն է, ով պետք է հոգևոր սնունդ ստանա, ինչը վարչապետին ցուցադրելով/դիտելով հնարավոր չէ ապահովել։

Հատկանշականն այն է, որ Հանրային-ը այս վարքագծով ուղղակիորեն նսեմացնում է հավատացյալների արժանապատվությունն ու զգացմունքները, խտրական գործունեությամբ ստորդասում է Առաքելական եկեղեցու բազմահազար հավատավորների հոգևոր զգացմունքները։ Այս ամենը բացահայտ հակասահմանադրական և հանցավոր գործունեություն է, որին առ այսօր իրավապահները զարմանալիորեն քրեաիրավական գնահատական չեն  տվել։

Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի

1-ին հոդվածի՝

«1. Սույն օրենքի նպատակն է՝

1) ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը.

2) երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը.

3) երաշխավորել տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների խմբագրական անկախությունը.

4) երաշխավորել կարգավորող պետական մարմնի անկախությունը.

(…)։

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝

1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.

2) օպերատորների վրա.

3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.

4) կարգավորող պետական մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի վրա.

6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի վրա։

(…)։»։

7-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Հեռարձակողները պետք է ապահովեն՝

1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը.

2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.

3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։»։

8-րդ հոդվածի՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի Հեռարձակողների միջոցով կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք՝ առանց նախապես անհատական թույլտվության։

  1. Հեռարձակողները, որոնց ծրագրերում առկա են լրատվական բնույթի տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են լուսաբանել կարևոր իրադարձությունները։
  2. Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը։
  3. Եթե կարևոր իրադարձությունը տևում է մի քանի օր, ապա ստեղծվում է առնվազն մեկ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին։
  4. Մեկ տեսանյութի տևողությունը չի կարող 60 վայրկյանից կարճ լինել։

(...)։»։

22-րդ հոդվածի՝

«1. Հանրային հեռարձակողները հիմնադրվում են Կառավարության կողմից փակ բաժնետիրական ընկերությունների ձևով։

(…)

  1. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։
  2. Հանրային հեռարձակողները պարտավոր են՝

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն՝

ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը՝ ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.

դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը, հասարակական-քաղաքական, միջազգային իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,

(...)։»։

23-րդ հոդվածի՝

«1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է։

(…)։

  1. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում։

(…)։»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 131-Ն «Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ով սահմանվել է.

«1. Սույն որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանում է հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող կարևոր իրադարձությունների շրջանակը՝ նպատակ ունենալով կանոնակարգել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների՝ այդ իրադարձություններն ամբողջությամբ կամ մասնակի, ուղիղ եթերում կամ վերահաղորդմամբ հեռարձակելու իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

(…)

  1. Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումները, սույն որոշման նպատակներից ելնելով, պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝

ա) հանդիսանան այնպիսի նշանակալի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում, ներառյալ այն անձանց համար, որոնք սովորաբար չեն դիտում կամ չեն մասնակցում նմանատիպ միջոցառումներին.

բ) ունենան նախապես սահմանված կազմակերպման ժամկետներ և իրականացվեն միջոցառման կազմակերպողի նախաձեռնությամբ.

գ) միջոցառմանը վերաբերող տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների գույքային իրավունքները պետք է հասանելի լինեն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնց սփռման տարածքն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

  1. «Կարևոր իրադարձություն» է համարվում պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն, այդ թվում՝

1) Իրադարձությունն առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն տարբեր սոցիալական խմբերի շրջաններում.

2) Իրադարձությունն ունի բարձր դիտելիություն կամ դրա նկատմամբ առկա է հանրային հասարակական հետաքրքրություն.

3) Իրադարձությունն ունի նշանակություն հասարակության արժեքներին, մշակութային ժառանգության պահպանմանը, պատմական զարգացման կամ ժողովրդավարության ամրապնդման համար.

4) Իրադարձությունն առանձնանում է հատուկ մշակութային նշանակությամբ և նպաստում է ազգային մշակութային ինքնության պահպանմանն ու ամրապնդմանը։»։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի՝

«1. Իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե՝

1) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ այդպիսի անձի թողտվությամբ կամ դրդմամբ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով և ի շահ իրավաբանական անձի գործելով,

2) իրավաբանական անձի կողմից չի ապահովվել դրա գործունեությունը կարգավորող օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված պարտականությունների կատարումը, որը հանգեցրել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի, իրավաբանական անձին ներկայացնող անձի կամ իրավաբանական անձի աշխատողի կողմից հանցանքի կատարմանը,

3) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով կամ իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով)։»։

Վերոգրյալ փաստական տվյալների ու իրավանորմերի լույսի ներքո գտնում ենք, որ առկա են ակնհայտ հանցավոր գործողություններ, որոնք կատարվում են իրավաբանական անձինք՝ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող Խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից։

Սույն հաղորդմամբ պահանջում ենք՝ հանձնարարեք նախաձեռնեն քրեական վարույթ և քրեական պատասխանատվության ենթարկեն Խորհրդին և Հանձնաժողովին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter