HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ի որոշումը հակասում է Սահմանադրությանը. Վազգեն Սահակյանը չի նշանակվի դատավորի պաշտոնում

Սահմանադրությանը հակասող է ճանաչվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը, որով Հանրապետության նախագահին առաջարկվել է դատավորի պաշտոնում նշանակել Վազգեն Սահակյանին: Սահմանադրական դատարանն այս որոշումն ընդունել է 2026թ. ապրիլի 1-ին։ 

Հանրապետության նախագահը 2026թ. մարտի 23-ին դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) ԲԴԽ-ի՝ Վազգեն Տիգրանի Սահակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու առաջարկը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով: 

ԲԴԽ-ի՝ 2022թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններով: Դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ներառվել է նաև Վազգեն Սահակյանը: ԲԴԽ-ի՝ 2023թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների նոր ցուցակ: Վազգեն Սահակյանը դարձյալ եղել է այդ ցուցակում:

2026թ. մարտի 12-ի որոշմամբ ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել է Վազգեն Սահակյանի թեկնածությունը՝ Սյունիքի դատարանի թափուր տեղում նշանակելու համար: Որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում և նույն օրը ներկայացվել նախագահին: Առաջարկությանը կցվել է թեկնածուի անձնական գործը, ներառյալ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է թեկնածուի բարեվարքությանը:

Հանրապետության նախագահը առարկությամբ ԲԴԽ է վերադարձրել դատավոր նշանակելու առաջարկությունը, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ դատավորի թեկնածուի գույքային դրությանն առնչվող դիտարկումներ է արել: Այդ հարցով ԲԴԽ-ի կարծիքը բացակայել է: Այդ է պատճառը, որ նախագահը չի կարողացել օբյեկտիվ և ամբողջական դիրքորոշում ձևավորել տվյալ թեկնածուի նշանակման հիմնավորվածության վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անհրաժեշտ է համարել առանձնահատուկ ուշադրություն դարձնել եզրակացությանը՝ այն դարձնելով ԲԴԽ-ի կողմից ուսումնասիրման և քննարկման առարկա, և դրա արդյունքների հիման վրա նորից քննարկել Վազգեն Սահակյանի թեկնածությունը կրկին ներկայացնելու նպատակահարմարությունը: 

Նշենք, որ բարեվարքության եզրակացությունը գաղտնի է՝ չի հրապարակվում, հետևաբար հանրությանը հասանելի չեն մանրամասները:

2026թ. մարտի 20-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունը, որով կրկին նրա քննարկմանն է  ներկայացվել ԲԴԽ-ի մարտի 12-ի որոշումը: ԲԴԽ-ն չի ընդունել նախագահի առարկությունը:

ԲԴԽ նախագահի գրության մեջ նշվել է, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության եզրակացությունը ԲԴԽ-ի համար ունի խորհրդատվական բնույթ, և այն հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության ու հարցազրույցի արդյունքների հետ միասնության մեջ: Տվյալ դեպքում եզրակացությունն ինքնին հիմք չի հանդիսացել Վազգեն Սահակյանին դատավորների թեկնածուների ցուցակում չներառելու համար, ուստի վերջինս 2022թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ ներառվել է դատավորների հավակնորդների ցուցակում: 

Այդ գրությամբ Հանրապետության նախագահի առարկությունում բարձրացված մտահոգությունները չեն փարատվել, ինչից հետո նա դիմել է ՍԴ:

Վահագն Խաչատուրյանը դիմումում նշել է, որ դատավորների նշանակման գործընթացն անմիջական ազդեցություն ունի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ձևավորման վրա: Դատական իշխանության նկատմամբ վստահությունը արդարադատության անբաժանելի պայման է: Պատճառաբանված և թափանցիկ որոշումների բացակայությունը խաթարում է այդ վստահությունը և վտանգում դատական իշխանության լեգիտիմությունը: Հենց այդ համատեքստում նշել է, որ ԲԴԽ որոշումը պատճառաբանված չի եղել:

ԲԴԽ-ն էլ դիրքորոշում է հայտնել, թե հանձնաժողովի եզրակացությունը Վազգեն Սահակյանի վերաբերյալ տրամադրվել է դեռևս 4 տարի առաջ՝ 2022թ.-ին: Դրանում նշված տեղեկությունները ներկայացվել են բացառապես անձին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկելու նպատակով: ԲԴԽ-ն չունի լիազորություն՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնելուց առաջ հանձնաժողովից նոր եզրակացություն ստանալու: Թեկնածուի համար օրենքով նման պարտականություն ևս չի սահմանվել: 

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ: Թեև այն չի կաշկանդում ԲԴԽ-ին համապատասխան որոշում կայացնելիս, սակայն հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքների հետ միասին՝ համակցության մեջ: Մասնավորապես՝ դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը, ինքնին, արգելք չէ դատավորի թեկնածությունն առաջարկելու համար, սակայն հաշվի առնելով, որ առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման գործընթացին, ԲԴԽ-ից բացի, մասնակցում է նաև Հանրապետության նախագահը, անհրաժեշտ է ԲԴԽ-ի պատճառաբանված որոշում:

Ըստ ՍԴ-ի՝ պատճառաբանված որոշումն ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ անաչառ դիտորդին պետք է հնարավորություն ընձեռի՝ վստահելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության լեգիտիմությանը: Հանրության շրջանում պետք է համոզմունք ձևավորվի, որ դատավորի թեկնածուն արժանի է դատավորի բարձր կարգավիճակին և համապատասխան առաքելությունը ստանձնելուն. հակառակ մոտեցման պայմաններում կստվերվի արդարադատության լեգիտիմությունը: Հետևաբար, ԲԴԽ որոշումը հակասում է Սահմանադրությամբ ԲԴԽ-ին տրված լիազորություններին, մասնավորապես՝ 175-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետին, այն է՝ ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին:

ՍԴ որոշումից պարզ է դառնում, որ Վազգեն Սահակյանը չի նշանակվի դատավորի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter