HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ

Հայաստանն այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլարի պետական պարտք ունի: 2018 թվականից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ կառավարություն ձեւավորեց, պետական պարտքը կրկնապատկվել է։ 

Պետական պարտքն իշխանություն-ընդդիմություն բանավեճի մշտական թեմաներից է։

Քանի որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այսինքն՝ քաղաքացիներից ու բիզնեսներից հավաքվող հարկերը, պետությունը պարտք է վերցնում, որ կարողանա ամբողջությամբ կատարել տվյալ տարվա ծախսը։ 

Այդպես, տարիներ շարունակ գոյացել ու ծանրացել է Հայաստանի պետական պարտքը։

Պարտքն աճել է ոչ միայն այս, այլև՝ նախկին իշխանությունների օրոք։ Տնտեսական շոկերի ժամանակ Հայաստանն ավելի շատ է հույսը դրել պարտքի վրա։ Այդպես եղավ նաև 2020 թվականին, երբ համավարակի ու արցախյան պատերազմի պայմաններում տնտեսությունը գահավիժեց, բյուջե քիչ փող մտավ։  

«Լավ, չէինք ուզում ասել, էդ էլ ասենք։ Զենք ենք առել։ Զենք ենք ա-ռել։ Պարտքով ենք զենք առել, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից։ … Եկեք տանենք ցույց տանք»,- 2025 թվականի նոյեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցերին, թե ինչու՞ է մեծացել պետական պարտքը։ 

Ըստ նրա՝ դրա վրա ազդել է նաև 2020 թվականի համավարակը. «Բա չգիտե՞ք, որ Կովիդ ա եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը Կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»։ 

Սակայն, պարտքը աճել է ոչ միայն պատերազմի ու համավարակի ժամանակ, այլև՝ հետագա տարիներին։ Նույնիսկ 2022-ին և դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Արևմուտքի ու Ռուսաստանի առևտրի համար ու բարձր տնտեսական աճ գրանցեց, ՌԴ-ից հազարավոր տեղափոխվածների ընդունեց ու ճանապարհեց։ 

«Ընդհանուր տրամաբանությունը այսպիսին է՝ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի ներդրում կատարենք մեր ապագա զարգացման մեջ, որպեսզի հետագայում կարողանանք ավելացնել մեր եկամուտներն ավելի արագ, քան պարտքի հետ կապված ծախսերն են, քան պարտքը ինքնին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Արդյոք Հայաստանը պարտքն ուղղել է զենքին ու քովիդը հաղթահարելուն, արդյոք պարտքի բեռը նվազել է, ինչպես հայտարարում են իշխանությունները։ 

Մեդալի երկու կողմում տարբեր թվեր են ու տարբեր մեկնաբանություններ

Հայաստանի պետական պարտքը ներքին ու արտաքին պարտքերի հանրագումարն է։

Այս տարվա հունվարի վերջի դրությամբ՝ Հայաստանի ընդհանուր պարտքի գրեթե կեսը արտաքին պարտքն է՝ 7.2 մլրդ դոլար, որից 6.7 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։

Կառավարության արտաքին պարտքը մեծ մասամբ այն վարկերն են, որոնք Հայաստանը վերցնում է միջազգային կազմակերպություններից ու տարբեր երկրներից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլն։

Իսկ ներքին պարտքը այս պահին 7.4 մլրդ դոլար է կամ 2.8 տրիլիոն դրամ: Այդ գումարը պետությունը պարտք է քաղաքացիներին և իրավավաբական անձանց։ Նրանք պետական պարտատոմսեր են գնել, այսինքն՝ պարտք են տվել պետությանը՝ որոշ ժամանակ անց դրանք հավելյալ տոկոսներով հետ ստանալու պայմանով։ 

Կարևոր է նշել,  որ  պետական պարտքի ոչ մեծ հատվածը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարության պարտքը։ Ֆինանսների նախարարությունը որոշել է Կենտրոնական բանկի պարտքը առանձնացնել և չներառել պետական պարտքի մեջ՝ ներկայացնելով դա որպես միջազգայնորեն ընդունված չափանիշ։ Իսկ իրականում, այդպես հաշվարկելով, պետական պարտքի չափը նվազում է։ 

Բայց քանի որ մինչ այդ Կենտրոնական բանկի պարտքը մշտապես հաշվարկվել է պետական պարտքի մեջ, մեր ներկայացրած գրաֆիկում այն ևս ներառված է։ Նույնիսկ, չներառելու դեպքում, պարտքի աճը չի մեղմանում։ 

Վերջին տարիներին ներքին պարտքը շատ ավելի արագ է աճում։ Պետությունը որոշել է, որ այդպես ավելի ապահով է. այն տրվում ու մարվում է հայկական դրամով և զերծ է արտարժույթի տատանումների ռիսկից։ 

2018-ից ի վեր ներքին պարտքն ավելացել է 6 մլրդ դոլարով, արտաքին պարտքը՝ 1.5 մլրդ դոլարով։ 


Մանիպուլյացիա՝ թերի տեղեկություններով. պարտքի բեռը չի նվազել


Իշխանությունները փորձում են փարատել ժողովրդի անհանգստությունը պետական պարտքի առնչությամբ ։ 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այդ նպատակով նույնիսկ թերի տեղեկություններ է օգտագործում։ 

«Վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզանից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ։ Արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է։ Եվ այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն, կամ միտումնավոր են անում, մանիպուլյացիայի ենթարկում»,- 2025 թվականի փետրվարին Պապոյանի այս հայտարարությունից հետո մասնագիտական հանրությունն ու լրատվամիջոցները շտապեցին արձագանքել։ 

Խոսելով միայն արտաքին պարտքի մասին՝ անգամ չհիշատակելով ներքին պարտքը, Պապոյանն, ըստ էության, ինքն է մոլորեցնում։

Մինչդեռ, ներքին պարտքը, ինչպես տեսանք, ոչ միայն չի զիջում արտաքին պարտքին, այլև՝ դրա սպասարկումն ավելի թանկ է։ Այսինքն՝ տոկոսներն ավելի բարձր են։

Սակայն, սպասարկման մասին Պապոյանը, կարծես, չի սիրում խոսել։ Այդ տեսանյութից մեկ տարի անց նա կրկին անդրադարձավ պարտքին։ 

Այս անգամ ավետեց, որ պետական պարտքի բեռը նվազել է՝ հիմք ընդունելով  համախառն ներքին արդյունքի նկատմամբ դրա հարաբերակցությունը։ Սակայն, որևէ կերպ չնշեց, որ ամեն տարի պետական բյուջեից ավելի մեծ գումարներ են ուղղվում պարտքի սպասարկմանը։

«ՀՀ պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր ՀՆԱ-ի 59%-ը, այնինչ 2025 թվականին կազմել է մեր ՀՆԱ-ի 49%-ը։ Այսինքն՝ մեր պետական պարտքի բեռը նվազել է։ Իսկ դա նշանակում է, որ, մեծ հաշվով, պետական պարտքը մեր երկրում, չնայած բացարձակ թվով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է, և դա որպես բեռ մեր պետության, մեր ժողովրդի համար փոքրացել է»,- 2025 թվականի փետրվարի 22-ին ֆեյսբուքյան հերթական տեսանյութում հայտարարել է Պապոյանը։

Հայաստանը չի կարող անվերջ պարտք վերցնել։ Ըստ հարկաբյուջետային կանոնների՝ եթե տվյալ տարվա վերջում Կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի 60%-ից ավելին է, ապա դա արդեն վտանգավոր շեմ է համարվում, և Կառավարությունը պարտավորվում է «ձգել գոտիները»։ 

Այստեղ առանձնացվում է Կառավարության պարտքը։ 

Եթե առաջնորդվենք Պապոյանի տրամաբանությամբ, ապա այո՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։ 

Բայց արդյոք սա կարող է հիմք լինել հայտարարելու, որ պարտքի սպասարկումը հեշտացել է, և պետության ու ժողովրդի բեռը նվազել է։ 

Ըստ պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի՝ ոչ, քանի որ դրան զուգահեռ կան «վտանգավոր» թվեր։

«Իրական վիճակը ցույց է տալիս տնտեսության աճը՝ ՀՆԱ-ի աճի տեմպը, համեմատելով պարտքի աճի տեմպի հետ։ Պարտք վերցնելու տրամաբանությունն այն է, որ տնտեսական աճը խթանվի։ Եթե պարտքը վերցրել ենք, պարտքը ավելի մեծ տեմպով է աճել, քան տնտեսությունը, ուրեմն չի աշխատում այդ պարտքը տնտեսության մեջ։ Դեռ չեմ ասում, որ պատերազմն է նպաստել նույն ՀՆԱ-ի աճին, նույնիսկ, այդ պարագայում պարտքն ավելի մեծ աճի տեմպով է։ Ընդհանուր երկու դեպքում էլ, անկախ նրանից՝ պարտքը դոլարով կվերցնեն, թե դրամով, պարտքի աճի կորը միշտ, հատկապես՝ 2019 թվականից սկսած, գտնվում է ՀՆԱ-ի կորի վերևում։ Նշանակում է՝ պարտքի բեռը աճում է»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը։

Մյուս փաստարկը, որ պետական պարտքի բեռը չի նվազել, տոկոսավճարների տարեցտարի աճն է, և պետությունը ստիպված է լինում ավելացնել դրանց կշիռը բյուջեում։

Այսպես, միայն 2025 թվականին Հայաստանի պետական բյուջեից 349 միլիարդ դրամի պետական պարտքի տոկոսներ են վճարվել։ 2017-ի համեմատ այն գրեթե եռապատկվել է։ Եվ սա դեռ միայն պարտքի տոկոսներն են՝ առանց մայր գումարների։ 

Պետական պարտքի թե՛ մայր գումարները, թե՛ տոկոսավճարները վճարում ենք մենք՝հարկատուներս։ 

Տոկոսավճարների հարաբերակցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների հետ ևս, 2017 թվականի համեմատ, աճել է՝ թեև վերջին տարիներին որոշակի նվազում կա։

«Երբ նայում ենք միտումը, տեսնում ենք, որ 2017-ին 10.5% էր, 2025-ին դարձել է 12.8%, 2023-ին՝ 13.1%: Այստեղ էլ ահռելի աճ կա, ինչու՞ եմ սա ահռելի ասում, որովհետև Փաշինյանը նույնիսկ գլուխ էր գովում, որ պետական եկամուտները 2018-ի համեմատ կրկնակի ավելացել են։ Դրանով ենք նաև հասկանում, թե պարտքի բեռն ինչքան շատ է մեծացել»,- նշում է Հովհաննես Ավետիսյանը։

Այն գումարները, որոնք պետությունը տրամադրում է պարտքի սպասարկմանը, կարող էր ուղղել, օրինակ, թոշակների բարձրացմանը, առողջապահությանը, կրթությանը։            

Բայց, ստացվել է այնպես, որ այսօր պարտքի տոկոսներին ավելի շատ գումար է ուղղվում, քան, օրինակ, կրթությանն ու առողջապահությանը։

Պարտքի բեռը չափելու ևս մեկ ցուցանիշ կա՝ միջին կշռված տոկոսադրույքը։ Այն, Հովհաննես Ավետիսյանի հաշվարկներով, ևս բարձրացել է։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասամբ համամիտ է, որ պարտքի բեռը ծանրացել է։ Ըստ նրա՝ կարևոր ցուցանիշ է տոկոսավճարների կամ պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտների մեջ դիտարկելը։ 

«Ճիշտ է, որ վերջին տարիներին այս ցուցանիշն ավելացել է։ Բայց ճիշտ է նաև, որ տոկոսավճարների ծախսերը, հարաբերած մեր բյուջեի եկամուտների հետ, նվազել են նախորդ տարվա համեմատ։ Ինչո՞ւ էր աճում 2022, 2023, 2024 թվականներին, որովհետև մենք ունեինք բարձր տոկոսների ժամանակաշրջան, այսինքն՝ ամբողջ աշխարհում տոկոսները բարձր էին, այդ թվում՝ նաև Հայաստանում, և պարտքի գինը որոշակիորեն բարձրացել էր։ 

Բացի դրանից, մենք զգալիորեն մեծացրել էինք տեղական պարտքի կշիռը, որը ավելի թանկ է, քան արտարժույթով վերցրած պարտքը՝ թեև այդ պարտքի մեջ չեն ներառվում այն ծախսերը, որը մենք կունենայինք, եթե փոխարժեքի ռիկսը ներառեինք»,- ասում է ֆինանսների նախարարը։ 

Ընդդիմախոսները մեղադրում են պարտքը կառավարողներին այն ոչ արդյունավետ ծախսելու համար։ Օրինակ՝ ճանապարհները, որոնք ևս պարտքով են կառուցվում ու վերանորոգվում, ձմեռվա առատ տեղումներից անմիջապես հետո քանդվում են։ 

«Ամբողջ աշխարհը գիտի, որ ճանապարհները տնտեսության արյունատար անոթներն են։ Դրա համար է աշխարհը ասում՝ ճանապարհների վրա փող դիր, որ զարգացնես տնտեսությունդ։ Մարդիկ արագ են տեղաշարժվում, վնասներ չեն կրում, մեքենաները չեն ջարդվում, այդ ամենը տնտեսության վրա բեռ է հանդիսանում։ Մենք ունենալու ենք պարտք, որը պետք է սպասարկենք՝ գումարած քայքայված ենթակառուցվածք, որը իր նպատակին չի ծառայելու»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը։ 

Մինչդեռ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ ճանապարհներն իրենց իշխանության «ուժեղ կողմերից» են և երբեք այնքան լավ չեն եղել, որքան հիմա են։ 

«Վերջին տարիներին մենք սովորել ենք, որ ճանապարհներին չի կարող ընդհանրապես փոս լինել, և ես ուրախ եմ դրա համար և վստահ, որ շատ արագ թերությունները կշտկվեն։ Վարչապետն էլ միշտ ասում է, որ որակի հետ կապված հարցեր դեռևս մնում են, և դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք»,- ասում է ֆինանսների նախարարը։ 

Հնարավո՞ր է հստակ հասկանալ, թե ինչի՞ վրա է ծախսվում ներգրավված պետական պարտքը։ 

Եթե խոսում ենք ներքին պարտքի մասին, ապա՝ ոչ։ Թողարկված պետական գանձապետական պարտատոմսերից գոյացող գումարները հոսում են բյուջեի, այսպես կոչված, ընդհանուր կաթսա և ծառայում պետության ստանձնած ծախսերին։ Իսկ վերջին տարիներին, ինչպես տեսանք, ներքին պարտքն է մեծ թափով աճել։ Թե կոնկրետ որ ծախսերին է դա ուղղվել, չգիտենք։ Նույնը վերաբերում է եվրոբոնդերին։

«Այսինքն՝ ոչ ոք չի կարող ասել, որ սա վերցվել է թոշակ տալու, զենք առնելու, թե պարգևավճար տալու համար։ Նման պնդումները, եթե մեկը կանի, կեղծ են, սուտ են։ Իրենք չեն կարող փաստական որևէ թղթով հիմնավորել, որ, օրինակ, այդ եվրոբոնդը թողարկվեց, որպեսզի զենք առնենք կամ թոշակ տանք»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը։

Այնուամենայնիվ, Ֆինանսների նախարարությունից պնդում են, որ վերցված պետական պարտքի և ուժային ենթակառուցվածքների վրա կատարված ծախսերի գումարները համահունչ են։ 

«Օրինակ՝ 2018 թվականից որքանո՞վ է պարտքը աճել, մոտավորապես 2 տրիլիոնից մի փոքր ավելի է։ Եվ, եթե նայենք, թե նույն ժամանակաշրջանում Կառավարությունը որքան փող է ծախսել, օրինակ, մեր ուժային ենթակառուցվածքների վրա, դա կլինի 2 տրիլիոնի չափով։ Ես կապիտալ ծախսերի մասին եմ խոսում, այսինքն՝ կարելի է ասել 2 տրլն ծախսել ենք ուժային ենթակառուցվածքների վրա՝ որպես կապիտալ ծախս, և այդքանով էլ ավելացել է մեր պարտքը։ Մենք մոտ 1 տրլն դրամ էլ ծախսել ենք ճանապարհների կամ տրանսպորտային ենթակառուցվածքների վրա և կրթության ոլորտում»,- հաշվարկել է ֆինանսների նախարարը։

Ծրագրերի մի մասը թերակատարվում է

Պետական բյուջեն պլանավորելիս Կառավարությունը պլանավորում է նաև պարտքի այն չափը, որը մտադիր է ներգրավել նշված տարում։ Սակայն, երբեմն շեղվում են ծրագրից։ 

Օրինակ՝ 2025 թվականին պլանավորված էր արտաքին աղբյուրներից ներգրավել մոտ 289 մլրդ դրամ, սակայն փաստացի ներգրավվել է 142 մլրդ դրամ։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ 

Մասնագետներն այստեղ ռիսկեր են տեսնում։ Սա կարող է նշանակել, որ եղել են պլանավորված կապիտալ ծախսեր և ծրագրեր, որոնք չեն իրականացվել։ Իսկ կապիտալ ծախսերի թերակատարումներն ի վնաս տնտեսության են։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը համաձայն է, որ այստեղ կան խրոնիկ խնդիրներ։ Բայց միայն դա չէ պլանավորվածից քիչ պարտք վերցնելու պատճառը։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ կան ծրագրեր, որոնք նախատեսված էին իրականացնել 2025 թվականին, սակայն չեն կատարվել։ Արտարժույթով վարկերի մի մասն էլ որոշվել է վերցնել այս տարի՝ 2026 թվականին։

Մյուս պատճառը, որը նշում է ֆինանսների նախարարը, հարկային եկամուտների «գոհացուցիչ» տվյալներն են՝ պլանավորվածից շատ է հավաքվել։

«Մենք ասում ենք՝ եկեք հիմա պարտք վերցնենք, դպրոց կառուցենք, որպեսզի ապագայում ավելի մեծ եկամուտ ունենանք։ Դա նման կլիներ, օրինակ, եթե մի մարդ որոշեր պարտք վերցնել և գնար բարձրագույն կրթություն ստանար այն մտքով, որ ապագայում ինքը ունենալու էր լավ աշխատանք և լավ եկամուտներ»,- նշում է Վահե Հովհաննիսյանը։

Թեև պետական պարտքի հիմնական նպատակը տնտեսական աճին նպաստելն է, սակայն  Հայաստանում պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Օրինակ՝ 2025 թվականն Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.2%, մինչդեռ պետական պարտքն աճել է 13.1%-ով։ 

Մասնագետները սա ռիսկային են գնահատում, սա նաև բացասական գնահատական է վերցված գումարները ոչ այնքան արդյունավետ կառավարելու մասին։ 

Իշխանություններն ու ընդդիմախոսներն այստեղ էլ, բնականաբար, տարակարծիք են։

«Այդ ցուցանիշը մենք, սովորաբար, չենք դիտարկում, որովհետև դա էական չի։ Էական է, թե պարտքը ՀՆԱ-ի մեջ և տնտեսական աճը ինչպես են հարաբերվում»,- նշում է Վահե Հովհաննիսյանը։ 

Պարտքի վերաբերյալ մարդկանց մոտ տրամաբանական հարցեր են առաջանում՝ հնարավո՞ր չէր երկիրը կառավարել ավելի համեստ պարտքով, վերցված գումարով ավելի մեծ ենթակառուցվածքներ ստեղծել, օրինակ՝ մետրոյի կայարան։ Այսքան պարտք վերցնելով՝ պետությունը կարո՞ղ է ֆորսմաժորային պահերին դրանք անխոչընդոտ սպասարկել ու մարել։

Ֆինանսների նախարարն ասում է, որ այդ դեպքում բյուջեից կատարվող սոցիալական ու առողջապահական ծախսերը էապես կնվազեին. «Այո, կարող էին ավելին լինել, միշտ էլ կարող էին ավելի լավ լինել, եթե մենք կատարյալ լինեինք։ Թերությունները տեսնում ենք, թերությունների վրա աշխատում ենք»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter