Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթին, որով ներդրվում է «հետադարձ հիփոթեքի» համակարգը։ Այն թույլ կտա տարեց քաղաքացիներին բանակցել բանկերի հետ և իրենց սեփական տունը հանձնել բանկին՝ շարունակելով այնտեղ ապրել և ստանալ ամսական հավելյալ ֆինանսական միջոցներ՝ որպես թոշակի հավելում։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ օրինագծերի ընդունման արդյունքում անշարժ գույքի շուկայի մեջ ներգրավված կապիտալի շրջանառությունը կաճի, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ և կանխատեսելի: Անշարժ գույքի այն հատվածը, որը մինչև հիմա գտնվել է պասիվ սպառողական օգտագործման դաշտում, կդառնա շրջանառվող ֆինանսական ակտիվ՝ ապահովելով նոր դրամական հոսքեր և եկամտաբերություն։ Անշարժ գույքի շուկան կդառնա ավելի բազմաշերտ՝ կձևավորվեն շուկայի նոր մասնակիցներ: Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի ֆինանսական նոր արտադրանք, կապահովվի սոցիալական պաշտպանվածության բարձրացում, կբարձրանա կյանքի որակը, սեփականության իրավունքի տնտեսական արժեքը և վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ։
Ինչպես նշել է Կադաստրի կոմիտե ղեկավար Սուրեն Թովմասյանը, օրինագծերով նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտներ։ Սուրեն Թովմասյանի խոսքով՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս թոշակի տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ: «Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում, բանակցելով բանկի հետ, բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներով, այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը, և թոշակառու տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքն ու տեղափոխվել»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այս եկամուտը կգումարվի թոշակառուի համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որպեսզի անշարժ գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Մյուս օրինագիծը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտին, ենթադրում է հետևյալ կարգավորումը։ «Երբ ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում որևէ բնակելի անշարժ գույք են ձեռք բերում, նրանք տիրապետում են այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով, և որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում, և ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ, դառնում են համասեփականատերեր: Այս ինստիտուտի ներդրմամբ թույլ ենք տալիս, որպեսզի ամուսիններն իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը միանձնյա պահպանել կենդանի մնացած ամուսնու համար, և հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո գույքը կտրվի ժառանգության: Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը, և հետագայում միայն կլուծվեն արդեն ժառանգության խնդիրները»,- ասել է Կադաստրի կոմիտե ղեկավարը:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով ընդլայնում են թոշակառուների ազատությունների սահմանները: Վարչապետը պարզաբանել է՝ օրինակ, եթե Մաշտոցի պողոտայում թոշակառուն ունի բնակարան, կարող է բանկի հետ ձևակերպել հետադաձ հիփոթեք, ինչի արդյունքում բանկը կգնի ամուսիններից բնակարանը և ամենամսյա կտրվածքով որոշակի գումար կփոխանցի ամուսիններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել