Լիբանանահայ պատգամավոր. «Ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կարողանանք ոտքի մնալ»
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Հակոբ Բագրատունու հետ մարտի 31-ին կայացած մեր հեռախոսազրույցից 10 րոպե առաջ Իսրայելը հարվածել էր մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին: Հայ պատգամավորի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում չեն դադարել իսրայելական մարտական ինքնաթիռների ձայները Լիբանանի երկնքում:
Փետրվարի 28-ից Մերձավոր Արեւելքում ընթացքում պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարավում բախումները շարունակվում են: Լիբանանի հարավը սահմանակից է Իսրայելի հյուսիսին: Բախումների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով նաեւ Լիբանանի կենտրոնական շրջաններ, մասնավորապես՝ Բեյրութի հարավային արվարձաններ:
Իսրայելի գլխավոր թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության ենթակառուցվածքներն են: Սա շիա իսլամի հետեւորդ քաղաքական ուժ է, որը պատմականորեն աջակցում է Իրանին (շիա իսլամը Իրանի պետական կրոնն է):
«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ արդեն չորրորդ շաբաթն է, ինչ իսրայելական հարձակումները շարունակվում են Լիբանանի հարավի եւ Բեյրութի հարավային արվարձանների վրա, որտեղ բնակչության մեծամասնությունը շիա իսլամի հետեւորդներ են: Իսրայելը թիրախավորում է նաեւ այն շրջանները, որտեղ կասկածում է, որ կան «Հեզբոլլահի» ղեկավարներ, կամ իրականացվում է զինամթերքի փոխադրում:
Պատերազմի հետեւանքով, ըստ Հակոբ Բագրատունու, երկրում կա 1,2 մլն գաղթական, որոնցից 370 հազարը երեխաներ են: Լիբանանում զոհերի թիվը հասել է 1270-ի, վիրավորներինը՝ 3760-ի:
Պատգամավորի փոխանցմամբ՝ Իսրայելի հիմնական նպատակը Լիբանանի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելն է, եւ հրեական պետության զինվորականներն ավելի քան 10 օր ցամաքային ներխուժում են իրականացնում Լիբանանի տարածքում, որպեսզի վերջինիս հարավային շրջանները դառնան անմարդաբնակ, հետագայում ժողովուրդը չկարողանա վերադառնալ, իսկ իրենք ներթափանցեն մինչեւ 8-9 կմ։
Սա, ըստ Հ. Բագրատունու, Իսրայելի համար տասնամյակների ծրագիր է:
Լիբանանցիների վիճակի մասին հայ պատգամավորը նշում է, որ տարհանվածները տեղավորվել են տարբեր, այդ թվում՝ հայաշատ շրջաններում:
Շուրջ 1000 գաղթական ապաստան է գտել երկրի արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող հայաշատ Անջար քաղաքում: Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթյանը «Հետքին» հայտնել էր, որ մարտի առաջին տասնօրյակում իրենց համայնքում տեղավորվել է մոտ 500 գաղթական:
Հակոբ Բագրատունու տեղեկացմամբ՝ Իսրայելը թիրախավորում է բոլոր այն վայրերը, որտեղ գիտի կամ կասկածում է դիմադրության շարժման գրասենյակների գոյության կամ ղեկավար անձանց ներկայության մասին:
«Իսրայելը ոչ մի տարբերություն չի դնում իր թիրախների միջեւ՝ սպանվեցին հեռուստալրագրողներ, շտապօգնության աշխատակիցներ, սկաուտական շարժման ղեկավարներ, որոնք առաքելության մեջ ուզում էին օժանդակել գաղթականներին կամ տուժածներին։ Այս ամենը կատարվում է ի տես եւ ի լուր միջազգային հանրային կարծիքի, որը իսրայելական հարձակումները չի դատապարտում: Դատապարտվում է զոհը, որը դիմադրում է իսրայելական կամ ամերիկյան ներխուժումին»,- նշում է Լիբանանի խորհրդարանի անդամը:
Ինչ վերաբերում է 1978-ից ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի (UNIFIL) ներկայությանը Լիբանանում եւ դրա՝ զսպող գործոն լինել-չլինելուն, «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ խաղաղապահների առաքելությունը նախ սահմանային իրավիճակի հսկողությունն է, մյուս կողմից՝ առաջին անգամը չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը թիրախավորվում են: Հայ պատգամավորն ասում է, որ այս ամենին միջազգային արձագանքը եղել է առավելագույնը դատապարտումների տեսքով, բայց ահա զսպող գործողություններ չեն ձեռնարկվել:
Մարտի վերջին Իսրայելի հարվածներից ՄԱԿ-ի 3 խաղաղապահ է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են: Զոհերը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ: Ինդոնեզիան դատապարտել է կատարվածը: Իսրայելն էլ հայտարարել է, թե դեռ պետք է պարզել՝ խաղապահները զոհվել են իսրայելական բանակի՞, թե՞ «Հեզբոլլահի» հարվածների հետեւանքով: Նման ձեռագիրը Հակոբ Բագրատունուն ծանոթ է:
«Ինչպես առաջին հարվածը, որն ԱՄՆ-ն տվեց Իրանում աղջիկների վարժարանին, եւ ասաց, թե հետաքննություն պետք է կատարվի: Ինչու՞ պիտի «Հոզբալլահը» հարվածեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։ Տեսել ենք, թե միջազգային հետաքննություններն ուր են հասնում: Ով իր ձեռքում ունի մեդիա, զենք, զինամթերք եւ քաղաքական լծակներ, հաղթած է դուրս գալիս»,- ասում է քաղաքական գործիչը:
Ըստ Հակոբ Բագրատունու՝ վերլուծություններն ու առկա տեղեկությունները հուշում են, որ Իսրայելը շարունակելու է Լիբանան ներխուժելու իր ծրագիրը: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ չնայած Իսրայելը ծանր հակահարված է ստանում մարտադաշտում, բանակցային ճանապարհով պատերազմը կասեցնելու խոսակցությունները շոշափելի արդյունքի չեն հանգեցրել: Իրավիճակը մնում է ծանր եւ անորոշ:
Լիբանանահայերի վիճակին անդրադառնալով՝ հայ պատգամավորն ասում է, որ ինչպես հայերը, այնպես էլ Լիբանանի ամբողջ ժողովուրդը պատերազմական իրողության հետ հաշտվելու որոշ իմունիտետ ունեն: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հայաշատ թաղամասերում կյանքը բնականոն ընթացքի մեջ է, դպրոցներն աշխատում են:
Հավելում է, որ պատերազմից տուժած շրջաններից դուրս կյանքն աշխույժ է շաբաթվա վերջում: «Վարժվել ենք այնքան ժամանակ, քանի դեռ թիրախավորում չկա: Բնական է, որ որոշ մտավախություններ կան, սակայն պետք է ասել, որ տակավին աշխույժ ենք. թե՛ միութենական, թե՛ համայնքային, թե՛ քաղաքական կառույցները աչալուրջ են, որ կյանքը բնականոն ձեւով շարունակվի, հիասթափություններ տեղի չունենան։ Ճիշտ է՝ վախը կա, մտահոգությունները կան, տակավին ճիգ ենք թափում, որ այս կացության մեջ կարողանանք ոտքի մնալ»,- եզրափակում է լիբանանահայ պատգամավորը:
Լուսանկարը՝ arfd.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել