Եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա տղային քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց
2026 թ.-ի մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել էր Երևան քաղաքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ միջադեպ էր գրանցվել։ Անվտանգության աշխատակիցները պահանջել են եկեղեցում գտնվող հավատացյալներին հետ քաշվել, ինչին ընդդիմացել է մի քանի երիտասարդ։ Հրմշտոց է սկսվել անվտանգության աշխատակիցների ու երիտասարդների միջև։ Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել է 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտնել է, թե իրեն ձերբակալել են եղեղեցում Նիկոլ Փաշինյանի «աչքերի մեջ նայելու» համար։
Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հատկանիշներով, իսկ Գևորգ Գևորգյանին՝ խուլիգանություն կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հատկանիշներով։
Դ. Մինասյանի նկատմամբ այսօր՝ 2026 թ․ ապրիլի 1-ին, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Իսկ Մ․ Մինասյանի և Գ. Գևորգյանի նկատմամբ մարտի 31-ին ընտրվել է բացակայելու արգելք և գրավ՝ 5 մլն դրամի չափով:
Նշենք, որ Դավիթն ու Միքայելը դեռ չեն ավարտել դպրոցը, սովորում են ավագ դասարանում։
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցն արմունկով հարվածում տղաներից մեկին։ Այս դրվագով վարույթ նախաձեռնված չէ։
Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, դեռ ներս չմտած, գիտակցությունը կորցրել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տղայի մայրը հայտնել է, որ նա 4 տարեկանից հատուկ խնամքի կարիք ունի, և խնդրել է կալանք չկիրառել։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասում է, որ եղբայրները որևէ կապ չունեն քաղաքական կուսակցությունների, շարժումների, խմբերի կամ անհատ քաղաքական գործիչների հետ։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել են Ծաղկազարդի կրոնական արարողությանը զուտ անձնական և կրոնական պատճառներով։
Փաստաբանը դեպքի օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ մոտ մեկ ժամ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իրեն թույլ չեն տվել բարձրանալ վստահորդների մոտ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել