ՊՎԾ-ն չի կարող համայնքներում ֆինանսական ստուգումներ իրականացնել․ ՍԴ որոշումը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի մի շարք դրույթներ: Երևանի քաղաքապետը Սահմանադրական դատարանում վիճարկել է այն դրույթները, որոնք Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) իրավունք է վերապահում համայնքներում կամ համայնքային հիմնարկներում գնումների պահանջների պահպանման նկատմամբ իրականացնել վերահսկողություն:
Երևանի քաղաքապետարանը ՍԴ դիմել է 2025 թ․ օգոստոսի 29-ին։ Հիմնավորումն այն է, որ ՊՎԾ-ն իրավունք ունի տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) իրականացնել վերահսկողություն՝ տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության, տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության նպատակով: Բացի այդ, իրականացնում է վերահսկողություն՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, ինչը խաթարում է ՏԻՄ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը։
Երևանի քաղաքապետը ՍԴ-ում հարց է բարձրացրել՝ ՊՎԾ-ի միջոցով (որպես վարչապետի վերահսկողական լիազորություններն իրականացնող մարմին) տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն իրականացնելն արդյոք բխում է վարչապետի սահմանադրական իրավասություններից: Ըստ դիմողի՝ ՏԻՄ լիազորությունների նկատմամբ հսկողություն կարող են իրականացնել Կառավարության լիազոր մարմինները, ոչ թե վարչապետը:
Ըստ Երևանի քաղաքապետի՝ ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում, համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան համայնքներին տրվում է առանց պայմանի, առանց նպատակային նշանակությամբ ծախսելու պահանջների: Դրանով հնարավորություն է տրվում ՏԻՄ-երին ինքնուրույն տնօրինելու դոտացիայի ձևով համայնքի սեփականություն դարձած դրամական միջոցները և ինքնուրույն լուծելու համայնքային նշանակության հարցերը:
Գործով պատասխանող Ազգային ժողովի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանին հայտնել է, որ ՊՎԾ-ն իրականացնում է Կառավարության քաղաքականության և գործունեության տրամաբանությունից բխող վերահսկողություն: Այն ուղղված է բացառապես օրինականության և իրավական հսկողության ապահովմանը, չի խախտում համայնքի սեփականության և այն ազատ տնօրինելու իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 2026 թ․ մարտի 24-ին կայացրած որոշմամբ, արձանագրել է, որ Հայաստանում պետական վերահսկողության համակարգը կառուցված է աստիճանակարգության սկզբունքով: Հստակ տարանջատված են Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների իրավասությունները: ՊՎԾ-ն, լինելով վարչապետին ենթակա մարմին, իրականացնում է վարչապետի վերահսկողական լիազորությունները, հետևաբար դրանք չեն կարող նույնացվել Կառավարության հսկողական լիազորությունների հետ: ՊՎԾ-ն չի կարող հանդես գալ որպես Կառավարության լիազոր մարմին, իսկ վերջինս իրավասու է ՏԻՄ-երում իրականացնել հսկողություն:
ՍԴ-ի դիտարկմամբ՝ վարչապետի ենթակայությամբ գործող ՊՎԾ-ի կողմից համայնքներում իրավական և մասնագիտական հսկողությունը դուրս է թե՛ սահմանադրական կարգավորումների տրամաբանությունից, թե՛ միջազգային չափանիշներից:
Ըստ ՍԴ-ի՝ պետության կողմից ՏԻՄ-երին տրամադրվող սուբսիդիաների, սուբվենցիաների և դիոտացիաների նկատմամբ վերահսկողությունը պետք է քննարկման առարկա դառնա՝ ելնելով դրա իրականացման փուլային բնույթից։ Այսինքն՝ անհրաժեշտ է տարբերակել պետական միջոցների տրամադրման նախապատրաստական փուլում իրականացվող վերահսկողությունը, և այդ միջոցների տրամադրումից հետո իրականացվող վերահսկողությունը։ Հիմքերի ստուգումը թույլատրելի է, սակայն երբ վերահսկողությունը վերաբերում է արդեն տրամադրված միջոցների տնօրինմանը, հակասում է ՏԻՄ ֆինանսական ինքնուրույնության սկզբունքին։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել