HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր անցում. Պտղնու բնակիչները գործադիրին խնդրում են հետիոտնային թույլատրելի անցում ստեղծել

2025 թ. աշնանը Երեւան-Սեւան Մ-4 մայրուղու՝ Պտղնի գյուղի հատվածում տեղի ունեցած պատահարը այստեղի բնակիչները լավ են հիշում: Պատմում են, որ ուրբաթ երեկո էր: Միջին տարիքից բարձր մի տղամարդ Պտղնու մայթից մայրուղին անցնելիս մեքենայի տակ էր ընկել ու մահացել: Մահացածը նոր էր աշխատանքի անցել մայրուղուն կից գործող տնտեսվարող ընկերություններից մեկում:

Պտղնին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի կազմում է 2021-ից: Համաձայն Կոտայքի մարզպետի աշխատակազմի՝ գյուղն ունի 1833 բնակիչ: Գյուղի գերեզմանոցից հյուսիս ընկած հատվածը նախկինում հայտնի էր որպես ամառանոցային թաղամաս, եւ մշտական բնակչությունն այստեղ շատ չէր: Բայց ժամանակի ընթացքում գյուղն ընդլայնվել է դեպի հյուսիս, ավելացել են թե՛ տները, թե՛ մշտական բնակիչները:

Պտղնեցի Անահիտ Ազարյանն ասում է, որ այժմ գյուղը խիտ բնակեցված է, ու նախկինում իբրեւ ամառանոցային թաղամաս հայտնի հատվածը ամբողջությամբ ինտեգրված է գյուղին: Սակայն մի խնդիր կա:

Պտղնի տանող ճանապարհն սկսվում է Մ-4 մայրուղու սկզբնամասի ոստիկանական հենակետի («ԳԱԻ-ի պոստ») մոտից: Հենակետի հարեւանությամբ հետիոտնային անցում կա, եւ «կանչով» աշխատող լուսացույց է տեղադրված: Պտղնեցիները պատմում են, որ լուսացույցը մոտ 3 տարի առաջ է դրվել, երբ այդ հատվածում երեխա էր ընկել մեքենայի տակ:

Yandex MapsYandex Maps
Yandex MapsYandex Maps
Առանց լուսացույցի (2016 թ.) եւ լուսացույցով (2024 թ.) հետիոտնային անցումը՝ ոստիկանական հենակետի մոտ

Հետիոտնային անցումը, սակայն, Պտղնի հասնելու ընդամենը առաջին քայլն է, քանի որ գյուղը գտնվում է ձորակի մեջ, եւ տուն հասնելու համար մարդիկ պետք է Մ-4 մայրուղուց քայլեն առնվազն 2 կմ (տես ստորեւ): Բնականաբար, ավելի դժվար է գյուղից մայրուղի դուրս գալը, քանի որ ձորակից դուրս եկող ճանապարհը պետք է բարձրանան:

Yandex MapsYandex Maps

Գյուղում հանրային տրանսպորտ աշխատում է՝ թիվ 47 միկրոավտոբուսը, որը գյուղամեջից հասնում է մինչեւ Երեւանի Թբիլիսյան խճուղի՝ «Ռադիոկայմի» խաչմերուկ, ապա շրջադարձ կատարում ու գնում Աբովյան քաղաք (Պտղնի-Աբովյան երթուղին՝ ստորեւ): Պտղնեցիներն ասում են, որ միկրոավտոբուսը կոնկրետ ժամերի է աշխատում, եւ թե՛ Երեւան աշխատանքի կամ դասի գնացողները, թե՛ այնտեղից վերադարձողները հաճախ չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից դրա անհարմար գրաֆիկի պատճառով:

Էլ ավելի դժվար է ամառանոցային թաղամասի բնակիչների երթեւեկության հարցը: Նույնիսկ անհարմար գրաֆիկով աշխատող թիվ 47 երթուղայինից օգտվելու համար այս մարդիկ պետք է տնից մինչեւ կանգառ կամ կանգառից տուն գրունտային ճանապարհով քայլեն 1 կմ-ից ավելի:

Իսկ Երեւանից վերադառնալիս այս թաղամասում ապրողները շատ դեպքերում ստիպված են լինում տրանսպորտից իջնել Մ-4 մայրուղու վրա գտնվող կանգառներից մեկում (մեկը գտնվում է «Հյուսիսային» ավտոկայանի մոտ, մյուսը՝ Մ-4 մայրուղուց Աբովյան թեքվող ճանապարհի սկզբնամասում), ապա քայլել մոտ 700 մ եւ հասնել ոստիկանական հենակետի մոտ գտնվող հետիոտնային անցումին: Այն անցնելուց հետո էլ մարդիկ մայրուղու երկայնքով քայլում են մոտ 3 կմ, մինչեւ հասնեն Պտղնու ամառանոցային թաղամաս:

Yandex MapsYandex Maps

Այսքան չքայլելու ամենաօպտիմալ այլընտրանքը դեպի Չարենցավան, Արգել եւ այդ ուղղությամբ մյուս բնակավայրեր գնացող հանրային տրանսպորտից օգտվելն է եւ վարորդին խնդրելը, որ կանգառ կատարի Մ-4 մայրուղու վրա՝ ամառանոցային թաղամասի հատվածում, այսինքն՝ ոստիկանական հենակետի մոտ գտնվող հետիոտնային միակ անցումից 3 կմ հեռու: Բայց տրանսպորտից իջնելուց հետո ամենամեծ խնդիրը մայրուղին անցնելն է (տես ստորեւ):

Պտղնու այս թաղամասի բնակիչները հաճախ ստիպված են լինում խախտել ճանապարհային անվտանգության կանոնները՝ չթույլատրված տեղից անցնելով Մ-4 մայրուղին:

Բնականաբար, նրանք կարող են օգտվել նաեւ տաքսիներից՝ միանգամից տուն հասնելու համար, բայց դա ներկայում դարձել է թանկ հաճույք: Բանն այն է, որ եթե նախկինում Երեւան-Սեւան ուղղությամբ ընթանալիս Պտղնու ամառանոցային թաղամաս կարող էիր մտնել՝ արծվի հայտնի հուշարձանից կամ շշերի գործարանից մի փոքր ներքեւ շրջադարձ կատարելով, ապա հիմա նման հնարավորություն չկա (Ոստիկանությունն անվտանգային նկատառումներով հանել է հետադարձի նշանը), եւ անհրաժեշտ է հասնել Աբովյանի տրանսպորտային հանգույց (Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի եւ Երեւան-Սեւան մայրուղու խաչմերուկ) ու նոր միայն ողղություն վերցնել դեպի Պտղնի:

Yandex MapsYandex Maps

Սա նշանակում է, որ թաղամասի՝ մեքենա վարող բնակիչները ամեն անգամ Երեւան-Սեւան մայրուղով տուն վերադառնալիս անցնում են հավելյալ մոտ 7 կմ (տես վերեւում), որպեսզի տրանսպորտային հանգույցի միջոցով փոխեն երթեւեկելի գոտին ու վերադառնան Պտղնի:

Թաղամասի բնակիչները ստորագրահավաք են սկսել՝ պահանջով, որ Պտղնու այս հատվածում Մ-4 մայրուղու վրա հետիոտնային անցում ապահովվի:

Դիանա Եղյանն ամեն օր երեխային Վերին Պտղնի գյուղի դպրոց է տանում: Դասից վերադառնալիս նրանք օգտվում են դեպի հյուսիս գնացող հանրային տրանսպորտից եւ իջնում են թաղամասի դիմաց ու ստիպված են լինում մայրուղին անցնել անթույլատրելի տեղից: Դիանան ասում է՝ ուրիշ տարբերակ չի մնում:

2025-ին նրա 8-ամյա որդին փրկվել է մեքենայի տակ ընկնելուց: «Մեր բախտը բերեց, որ այդ մեքենան արագ չէր գնում, արգելակեց, երեխան ընկավ խոտածածկ տարածք (նկատի ունի երթեւեկության հանդիպակաց գոտիներն իրարից առանձնացնող հատվածը – հեղ.): Այդ դեպքից հետո մի քանի օր երեխային դպրոց չէի տանում, քանի որ վախեցել էր»,- նշում է բնակիչը:

Մեր զրուցակիցը պատմում է, որ նախորդ տարի որդին շատ է բացակայել դասերից, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով ինքը վախեցել է նրան անցկացնել մայրուղով ու ստիպված է եղել երեխային դպրոց չտանել:

«Խնդիրը վերաբերում է բնակիչների անվտանգությանը: Մենք անվտանգ ձեւով չենք կարողանում հասնել բնակավայր, քանի որ մեր մուտքը միջպետական մայրուղու վրա է, եւ բնակիչները ստիպված հատում են այդ միջպետական արագընթաց ճանապարհը: Բայց ուրիշ տարբերակ չունենք»,- ասում է Դիանա Եղյանը:

Դիանան գրավոր դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Կոտայքի մարզպետի աշխատակազմ ու Աբովյանի համայնքապետարան: Բնակիչն աջակցություն եւ միջնորդություն է խնդրել պատկան կառույցներից, որպեսզի հետիոտնային անցում կազմակերպելու համար համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ տեղադրվեն ճանապարհային նշաններ, սահմանվեն թույլատրելի անցման կետեր՝ ընդգծելով, որ խնդիրը շտապ լուծման կարիք ունի:

ՏԿԵՆ-ից գրավոր դիմումին արձագանքել են բանավոր՝ զանգահարելով Դիանային:

«Դիմել ենք ՏԿԵՆ, որտեղից մերժել են՝ մեկնաբանելով, որ բնակչությունը քիչ է, դա կարվի այն ժամանակ, երբ բավականին բնակիչ լինի: Պատասխանել են բանավոր, իսկ ես գրավոր էի ուղարկել նամակը: Ասացին՝ բնակելի տարածքը մայրուղուց հեռու է, բայց մենք ո՛չ ֆոտոներ, ո՛չ էլ վիդեոներ էինք ուղարկել: Ասացին՝ այդ հարցը կարող եք այլընտրանքային ձեւով լուծել, դիմեք համայնքապետարան, իրենք գյուղի միջի ճանապարհը կապեն ձեզ: Իսկ գյուղի միջով անցնող ճանապարհից հնարավոր չէ օգտվել, գյուղը մեզնից հեռու է: Բացի դրանից՝ գրունտային է ճանապարհը»,- ասում է Դիանա Եղյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի Պտղնու վարչական ղեկավար Արաքսյա Արաբյանն իրենց հայտնել է, որ գյուղի միջով անցնող ճանապարհը վերանորոգելու նպատակ կա, եւ եթե հնարավոր լինի՝ նաեւ տրանսպորտ կհատկացնեն: Թաղամասի բնակիչ Մարիետա Շահնազարյանը կողմ է տրանսպորտ հատկացնելուն, սակայն նկատում է, որ դրա համար բարեկարգ ճանապարհ է պետք:

Կոտայքի մարզպետի աշխատակազմից էլ Դ. Եղյանին գրավոր պատասխանել են, որ Մ-4-ը միջպետական նշանակության ճանապարհ է եւ գտնվում է ՏԿԵՆ-ի պատասխանատվության ներքո:

Դիանան ասում է՝ ստորագրահավաքից հետո պատրաստվում է եւս մեկ անգամ գրավոր դիմել թե՛ նախարարություն, թե՛ մարզպետի աշխատակազմ:

Անահիտ Ազարյանի դուստրը սովորում է Երեւանում: Ամեն անգամ դասից տուն վերադառնալիս մայրը չթույլատրված տեղով անցնում է ճանապարհը, դիմավորում դստերն, ու երկուսով նորից հատում են մայրուղին: Ասում է՝ միայն այն միտքը, որ պետք է անցնեն ճանապարհը, արդեն սթրեսային է: Նույն ապրումներն ունենում է, երբ որդին է աշխատանքից տուն վերադառնում:

«Համակերպվել էինք այս վիճակին, քանի որ 10-15 ընտանիք էինք, բայց տարիների հետ բնակիչների թիվը շատացավ, 2020 թ. պատերազմից հետո մարդիկ ընտանիքներով տեղափոխվել են այս հատված, քանի որ այստեղ ազատ տարածքներ, շինություններ կային: Այսինքն՝ հիմա խիտ բնակեցված է գյուղը, եւ խիստ պահանջ է առաջանում, որ այս հարցի շուրջ համապատասխան մարմինները զբաղվեն»,- նշում է Անահիտը:

Պտղնու բնակիչը հավելում է, որ շատերը վախենում են փաստացի անցումից օգտվել եւ ստիպված են լինում տաքսի վերցնել, հասնել Նոր Հաճնի կամրջի մոտ ու շրջադարձ կատարել: Ծնողներ էլ կան, որ հարկադրված են երեխային դպրոցում թողնել երկարօրյա դասերի կամ այլընտրանքային զբաղմունք գտնել, որպեսզի համընկնի իրենց՝ աշխատանքից տուն գնալու ժամին: Անահիտն ասում է՝ վստահ է, եթե հետիոտնային թույլատրելի անցում լինի, ապա մայրուղին անցնողները ներկայի համեմատ 3-4 անգամ ավելի շատ կլինեն:

«Պտղնու մուտքի մոտ լուսացույց կա: Մի քանի տարի առաջ այդ ճանապարհին երեխա էին գցել մեքենայի տակ: Մինչեւ այդ դեպքը չեղավ, հարցը չլուծեցին»,- ակնարկում է Մարիետա Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ շատ ժամանակ երեխաները տաքսի են վերցնում, որը մինչեւ հասնում է Նոր Հաճնի կամրջի մոտ ու հետ դառնում գյուղ, 1000 դրամ ավելի են վճարում: «Մինչեւ երեխաները դասից տուն են գալիս, ծերանում ենք: Կամ գալիս կանգնում են ու չեն կարողանում անցնել: Երեխաս կայծակին, անձրեւին եկել կանգնել էր, չէր կարողանում անցնել ճանապարհը: Մինչեւ տուն հասավ, կես մարդ դարձա»,- նշում է Պտղնու բնակիչը:

Ամառանոցային թաղամասի բնակիչ, նկարիչ Մարտին Ակողլյանը նկատում է՝ մայրուղու այս հատվածով անցնելը վտանգավոր է թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար: Ասում է՝ դժբախտ պատահարներ, դեպքեր են եղել այդտեղ, որոնք բոլորը չի կարող մտաբերել:

«Հետքի» զրուցակիցները նշում են՝ միայն նախորդ տարի երկու զոհ է եղել այս հատվածում:

Թաղամասի բնակիչները լուծման տարբերակներ են առաջարկում պատկան մարմիններին. կա՛մ կառուցել վերգետնյա անցում, կա՛մ կարգավորվող լուսացույց եւ հետիոտնային անցում տեղադրել:

«Կամուրջը լավ կլինի, բայց որպես այլընտրանքային տարբերակ՝ կարելի է էստեղ երկկողմանի անցում ստեղծել, որպեսզի երկու կողմից կանգառ լինի, եւ մեքենան էլ շրջադարձ անի, որովհետեւ եթե խոսում ենք ժամանակակից թեմաների մասին, ամեն անգամ մարդիկ անիմաստ մի քանի կմ պտտվում են,- նշում է բնակիչներից Արմեն Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով վառելիքի ծախսը,- նախկինում ամառանոցային թաղամաս էր, հիմա փոխվել է: Ժողովուրդն ուզում է ազատ հաղորդակցվել քաղաքի հետ, գնալ-գալ»:

Տեղացիներից Արթուր Մանուկյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, առաջարկում է նվազեցնել Մ-4 մայրուղու այս հատվածով անցնող մեքենաների թույլատրելի արագությունը:

Ասում է՝ եթե մայրուղու տվյալ տեղամասը նշվի իբրեւ բնակավայրի տարածք (մայրուղու վրա Պտղնու անունով ցուցանակ չկա – հեղ.), ապա այդ հատվածում մեքենաների արագությունը կսահմանվի 60 կմ/ժ: Մյուս հարցը, ըստ Մանուկյանի, ճանապարհահատվածի լուսավորված չլինելն է, ինչը խնդիր է նաեւ մեքենաների համար, քանի որ մութ ժամանակ վարորդը կարող է չտեսնել ճանապարհն անցնող հետիոտնին:

Բնակիչները շարունակելու են ստորագրահավաքը: Դրան միացել են նաեւ ճանապարհի այս տեղամասում գտնվող տնտեսվարողները: Հավաքվել է 300-ից ավելի ստորագրություն:

«Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Արշալույս Չոբանյանը հետիոտնային անցման թեմայով 2025-ի դեկտեմբերին գրավոր դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին: Նրան պատասխանել են ՏԿԵՆ-ից:

Նախարարությունից հայտնել են, որ ճանապարհային երթեւեկության կանոնների տեսանկյունից Վերին Պտղնի բնակավայրի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում առկա են ինչպես բնակավայրի ռեժիմով գործող, այնպես էլ բնակավայրից դուրս համարվող տեղամասեր: Նշել են, որ Վերին Պտղնի բնակավայրի սկզբնամասում (ոստիկանական հենակետի մոտ) առկա է հետիոտնային «կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց (տես ստորեւ):

Իսկ «Հյուսիսային» ավտոկայանի մոտ, ըստ ՏԿԵՆ-ի, արդեն մեկնարկել են վերգետնյա հետիոտնային անցման կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է այս տարվա ընթացքում (իրականում երկու անցումներն էլ մի քանի կմ հեռու են Պտղնու վերոնշյալ թաղամասից):

Նախարարությունից Ա. Չոբանյանին փոխանցել են, որ հետիոտնային անցման տեսակի ընտրությունը կախված է ճանապարհի տեխնիկական կարգից, ինչպես նաեւ տրանսպորտային եւ հետիոտնային հոսքերի ժամային ինտենսիվություններից: Ըստ գործող ստանդարտի՝ նշված տեղամասում, որտեղ երթեւեկության ինտենսիվությունը մոտ 1600 ավտոմեքենա/ժամ է, վերգետնյա/ստորգետնյա անցում տեղադրելու հիմնավորման շեմը կազմում է մոտ 900 մարդ 1 ժամում: Սա նշանակում է, որ ներկայում Պտղնու բնակիչների կողմից փաստացի կիրառվող, բայց չթույլատրված անցումը կարող է դառնալ օրինական հետիոտնային անցում, եթե այնտեղով ժամում անցնի մոտ 900 մարդ:

ՏԿԵՆ-ից այս տարվա հունվարին «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենին նաեւ հայտնել են, որ նախատեսում են նախարարությունում քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իսկ հանդիպման օրվա մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Բնակիչները շեշտում են՝ հարցի լուծումը հրատապ է, եթե այն չլուծվի, ապա իրենք պատրաստ են երկկողմանի փակել Մ-4 միջպետական մայրուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter