HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լենինականի «Դպրաթատրոնի» ծնունդը, առասպելն ու վախճանը (1985-1992թթ.)

...Թատրոնի ծնունդը (մաս-1-ին)

Եկեղեցին՝ թատրոն: Գուցե համարեք առասպել, հորինվածք, գյումրեցիների հերթական մեծախոսություններից, բայց ո՜չ, բացարձակ ճշմարտություն է: Եվ սա պիտի հենց Գյումրիում պատահեր: Ու մարդիկ պիտի չհավատային, ու պիտի գային սեփական աչքերով տեսնել-համոզվելու: Ասքերգուների ձայնով առասպելապատումի ազդարարումից հետո պիտի համրանային, երբ վարագույրին փոխարինող երկփեղկ դարպասները բացվեին ու Մեծ Հայքն իր ողջ հզորությամբ հառներ այդ փոքրիկ տարածքում, հասնեին մինչև Մենուա արքայի պաշտած հայրենիք ու պատումի ավարտին իրենց հիացմունքն արտահայտեին չդադարող ծափերով:

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ երեք մուտքով և շատ հասարակ խորանով՝ առանց սրբապատկերների: Քաղաքում պահպանված ամենահին եկեղեցին է գյումրեցոնց սիրելի «Սև ժամը»՝ բավական հետաքրքիր ճակատագրով: Կառուցվել է 1859-1864թթ.-ին՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և բնակիչների հանգանակած գումարով: Այդ մասին վկայությունները պահպանված են եկեղեցու հյուսիսային և հարավային մուտքերի վերին մասում փորագրված գրություններում: Խորհրդային տարիներին երկար ժամանակով պահեստի է վերածվել, 1980-ականների առաջին կեսին եղել է աթեիստական ակումբ, 1985թ. կեսերից մինչեւ 1988թ.-ի երկրաշարժը այստեղ թատրոն է գործել։

Մոմավաճառը ոտքերը քստքստացնելով ծածկվում է փոքրիկ խցի դռան հետևում: Մոմը վառելուց հետո տեղավորվում եմ փայտե նստարանին ու ակնապիշ նայում եկեղեցական բեմին՝ փորձելով պատկերացնել 40 տարի առաջ տեղի ունեցածը, հասկանալ անհասկանալին՝ անհավատության ու աթեիզմի տարիներին եկեղեցին նորաստեղծ թատրոնին հանձնելը: Բայց թատրոն-եկեղեցին այս պատմության սկիզբը չէ, այն պիտի ի հայտ գա երկրորդ արարում:

Իսկ ամեն ինչ սկսվեց 1984թ.-ին, երբ լուր տարածվեց, որ Լենինականում ստեղծվելու է Առասպելի դպրաթատրոն: Մտահղացման հեղինակը կին էր՝ սպիտակ վարսերով, ազնվականի արտաքինով, անսահման հմայիչ Աննա Պետրոսյանը, որ մի օր որոշեց թողնել մայր թատրոնի բեմը, որտեղ մարմնավորել էր բազմաթիվ դերեր, մայրաքաղաքային թոհուբոհն, արդեն հասունացած զավակներին և տեղափոխվել ծննդավայր:

«Դու երբևէ կպատկերացնեի՞ր, իմ հեռավոր մանկություն, որ մի օր մտնելու ես այստեղ հասուն տարիքում, որպես նոր թատրոնի հիմնադիր, որպես թատերագիր բեմադրիչ, որպես ուսուցիչ....»,-կարդում ենք նրա հուշերում («Տունը մոլախոտի մեջ»): 

Առասպելի դպրաթատրոնի ծրագիրը հայ և օտար մշակույթների հոգեբանական վերլուծումների միջոցով ազգային բնավորությունների ճանաչումն էր: «Առասպելները հնագույն ժողովուրդների ապրող գաղափարներն են»՝ մշտապես կրկնում էր Աննան: Նա վերադարձել էր ծննդավայր, ոչ թե պարզապես թատրոն ստեղծելու, այլ՝ դպրանոց, որտեղ մատաղ սերնդին ազգային ոգով կրթելու կոչումն էր իր մեջ տեսնում:

«Կարծում ես դյուրի՞ն էր: Դյուրի՞ն էր մեծ փորձությունների ու ջանքերի գնով, չկամության ու անհասկացության մթնոլորտում, անընդհատ մարդկանց տարակուսանքը հաղթահարելով ստեղծել թատրոն-դպրոց նրանց համար, ովքեր պիտի գային այստեղ ինքնագտնումի դժվար ճանապարհով քայլելու համար» (Ա. Պետրոսյան. «Տունը մոլախոտի մեջ», էջ 215):

Լենինականում դպրաթատրոնի կայացմանն օգնեց քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը: Իհարկե, հիմա դժվար է պատկերացնել, թե այն ժամանակ ինչ են խոսել երկու կանայք՝ մեկը պաշտոնյա, մյուսն՝ արվեստագետ, սակայն փաստն այն է, որ ծրագիրն իրագործելու համար կանաչ լույս է վառվել:

«Առաջին պլանում թատրոնի պաշտամունքն էր: Նա պետք է բացեր նոր, գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող թատրոն: Անունը՝ Առասպելի դպրաթատրոն: Պիտի հավաքեր դպրոցահասակ երեխաների, պատանիների, երիտասարդների, մասնագետ դերասանների և թատրոն արվեստի միջոցով նրանց և հանդիսականին պատմեր Հայոց բնավորության մասին: Թատրոնը պետք է ունենար երգչախումբ, պարախումբ, ասքերգուների խումբ: Պետք է խաղացվեին Հայոց պատմության դրվագներ, առասպելաբանված պատումներ՝ իրենց հարցադրումներով ավելի քան այժմեական»,-կարդում ենք Լուսյա Մեհրաբյանի «Ես արդեն վաղուց ծնված էի» գրքում՝ նվիրված Առասպելի դպրաթատրոնի հիմանդիր, դրամատուրգ, արձակագիր, ռեժիսոր Աննա Պետրոսյանին:

Որպեսզի նորաստեղծ Առասպելի դպրաթատրոնը գործեր, Լենինականի քաղաքային կոմիտեն հատկացնում է կենտրոնական այգում գտնվող հին թատրոնի շենքը, որ դարձել էր Շինարարների պալատ, սակայն բացարձակ զուրկ էր պալատի հմայքից: Դրամատիկ թատրոնը նոր կառուցված շենք էր տեղափոխվել, հին տարածքում թափառում էր մոռացության ուրվականը: Մեծ ու գեղեցիկ պատուհանները մեխված էին փայտով, այնպես, որ արևի ճառագայթները ներս չէին թափանցում: Աննան հիշում է, թե ինչպես են մաքրել տարածքը, մի քանի մեքենա աղբ թափել ու նորոգման աշխատանքներ իրականացրել: Եվ միայն դրանից հետո ձեռնամուխ եղել առաջին ներկայացման դեկորների պատրաստմանը:

Թերևս ամենազարմանալին դարպաս-վարագույրն էր, որի վրա Միշա Գյուրջօղլյանը նկարեց Հայոց Աշխարհի քարտեզը և իր ձեռքով քանդակեց Հայկի աստվածային կերպարը առյուծի վրա: Երբ ավարտվեցին բոլոր գործերը, 1985 թ. մայիսի 9-ին, «Մենուա» ներկայացումով, որի հեղինակն էր Աննա Պետրոսյանը, Դպրաթատրոնը ներկայացավ հանրությանը:

«Երբ հին թատրոնում առաջին անգամ բացվեցին բեմը փակող դարպասի փեղկերը, որտեղ Հայոց ամբողջական քարտեզն էր գծված և լեփ-լեցուն դահլիճի առջև խաղացվեց Հայոց հնագույն մի իրողություն՝ երեկոն տոն դարձավ: Երգչախումբն ու պարախումբն իրենց ծիսական կատարումներով, ասքերգուների ու դերակատարների խաղը և սքանչելի հայերեն խոսքը գերեց բոլորին: Իսկ շատերը եկել էին ծաղրելու ու քրքջալու խղճուկ թատրոնի խղճուկ ջանքերի վրա...» (Ա. Պետրոսյան, «Տունը մոլախոտի մեջ»)։

Բեմում խաղում էին մինչ այդ չեղած-չտեսնված հնամենի մի պատմություն, որից բացարձակ անտեղյակ էր հանդիսականը: Մաքուր հայերեն էր հնչում մեծի ու փոքրի, մասնագետ ու ոչ մասնագետ դերասանների շուրթերից: Իսկ որքան էր չարչարվել Աննան, որպեսզի բեմից հնչեր խոսք՝ ազատ տեղի բարբառի ազդեցությունից:

Մի ամբողջ տարի տառապալից աշխատանքից հետո՝ թատրոն կազմակերպելու, խումբ հավաքելու, թատրոնի համար թատերգություններ գրել-բեմադրելու, Աննա Պետրոսյանը վերջապես կարող էր շունչ քաշել: Լենինականում հիմք էր դրվել մանկապատանեկան թատրոնի, որտեղ հաճախող պատանիները սովորում էին վարպետություն, խոսքի արվեստ, երաժշտություն և պարարվեստ: Այս առարկաներից զատ, զրույցների ձևով, Աննան դասավանդում էր հայ ժողովրդի պատմություն, առասպելաբանություն ու դիցաբանություն, արևմտահայ ու արևելահայ, նաև գրաբար բանաստեղծություն, հնագույն մշակույթների վերլուծություններ: Նախքան փորձերը կամ ամենատարբեր դասերը սկսելուց առաջ, թատրոնի սաներն ամբողջ խմբով՝ ղեկավարի հետ մասին, երգում էին Կոմիտասի «Այբբենը»: Դա նրանց աղոթք-տուրքն էր իրենց սրբազան տառերին (աղբյուր՝ «Տունը մոլախոտի մեջ»

Սակայն, ինչպես և ամեն մի լավ բան, որն ունի սկիզբ, ունի և վերջ: Դպրաթատրոնին առաջարկում են ազատել Շինարարների պալատը: «Վռնդել բառը կոպիտ է...Բայց ինչ բառով էլ այն փոխարինես՝ էությունը նույնն է»,-իր հուշերում՝ այդ օրերի հուսահատությունն ու ստեղծածը կորցնելու ցավն այս կերպ է նկարագրում Աննա Պետրոսյանը: Թերևս արածի տգեղությունը քողարկելու նպատակով, նրան առաջարկում են դպրաթատրոնի գործունեությունը շարունակելու համար քաղաքում հարմար շինություն գտնել:

«Եվ բոլորը միասին սկսեցին փնտրել, փնտրել, մինչև գտան… Սուրբ Նշան եկեղեցին ինչ -որ մի ժամանակ դարձրել էին աթեիստների ակումբ, պատերին կախել հայտնի աթեիստների՝ անաստվածների նկարներ, ապա կոչել նաև պլանետարիում, երևի արդարացումն՝ հավատն այնտեղից արտաքսելու համար» (Ա. Պետրոսյան, «Տունը մոլախոտի մեջ», էջ 216)։

Քաղաքի ղեկավարությունը թույլ է տալիս դպրաթատրոնը տեղափոխել եկեղեցու տարածք և այստեղ վերսկսել աշխատանքները: Եկեղեցու բեմը թատրոնի բեմ չէր, և ընդհանրապես ոչ մի հարմարություն չկար, հատկապես՝ մեծամասշտաբ առասպել-պատումների ներկայացման համար, սակայն կար ամենակարևորը՝ համառություն, ստեղծածի կողքին մնալու ցանկություն:

 Շարունակելի։

Գլխավոր լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության օգնությամբ

Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են Ա. Պետրոսյանի «Տունը մոլախոտի մեջ» վիպակի և Լյուսյա Մեհրաբյանի «Ես արդեն վաղուց ծնված էի» գրքի վավերագրությունները:

Հատուկ շնորհակալություն ԳՄԹ-ի դերասան Սերգեյ Եղիկյանին՝ արխիվային նյութերի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter