«Դրամական օգնությունը» ոչ այլ ինչ է, քան մարզպետների կշիռը բարձրացնելու միջոցառում
2025թ․-ից մարզերի բնակիչները դրամական օգնություն ստանալու դիմումները ներկայացնում են համայնքի ղեկավարին, վերջինս դրանք փոխանցում է մարզպետին, որովհետև ինքն այլևս դրամ բաժանելու իրավունք չունի։ Սոցիալապես անապահով խավերին դրամական օգնություն տրամադրելու գործընթացն այսպես է կազմակերպվում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի ընդունումից հետո (ուժի մեջ է մտել 2024թ․ նոյեմբերի 14-ին)։ Անցյալ տարվանից համայնքների ղեկավարներն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են բնակիչներին ցուցակներով դրամ բաժանելը։
Օրենքը համայնքների ղեկավարներին պարտավորեցնում է «կյանքի դժվարին իրավիճակում» հայտնված բնակիչներին ոչ թե դրամ տալ, այլ օգնել ինքնուրույն հաղթահարել սոցիալական կարիքները՝ կարողությունները զարգացնելու միջոցով։ Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքի պահանջով, սոցիալական ծրագիր պետք է ընդունեն, որը կհաշվառի «կյանքի դժվարին իրավիճակում» հայտնված բնակիչների կարիքները, դրանց լուծումները և մի շարք այլ պահանջներ։ Ծրագրին ներկայացվող պահանջները ներառված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմած մեթոդական ուղեցույցում, որով պետք է առաջնորդվեն համայնքները ծրագրերը մշակելիս։
Դա հեշտ աշխատանք չէ, այն գիտելիք, փորձ, հմտություն և ռեսուրսներ է պահանջում։ «Սոցիալական աջակցության մասին» և հարակից այլ օրենքներով սահմանվել է, որ համայնքներին ծրագրեր կազմելու հարցում պետք է օգնեն Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) և մարզպետարանի աշխատակիցները, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունները, բնակիչները և այլք։
2025թ․-ից մինչ օրս փոքրաթիվ համայնքներ են սոցիալական ծրագիր ընդունել։ Պատճառն այն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո է ընդունել «Համայնքային սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ուղեցույցը»։ Մի քանի համայնքների ծրագրերի բովանդակությունից ակնհայտ է դառնում ծրագիր կազմելու հմտությունների պակասը։ Խնդիրները մասնակի են քարտեզագրվել, իրատեսական լուծումներ չեն առաջարկվում, ռեսուրսների մասին տեղեկատվությունը հստակ չէ։
Բնակչության օրախնդիր հարցերին արձագանքելու միակ տարբերակը դարձյալ ցուցակներով դրամ բաժանելն է մնացել։ Մի տարբերությամբ․ նախկինում և՛ համայնքների ղեկավարներն էին օգնություն հատկացնում, և՛ մարզպետները։ 2025թ․-ից դրամ բաժանողները միայն մարզպետներն են։ Տարածքային մակարդակում այսպիսի լիազորություն պահպանելու միակ նպատակն այս ժամանակամիջոցում, երբ պետք է խրախուսվեր ապակենտրոնացումը, մեր կարծիքով՝ մարզպետի պաշտոնին հավելյալ կշիռ հաղորդելն է։
Մարզպետների հրապարակած տարեկան հաշվետվություններից պարզվում է, որ ոչ միայն համայնքների ղեկավարները, այլև Հայաստանի վարչապետը և պետական այլ կառույցներ ֆինանսական օգնության վերաբերյալ քաղաքացիների դիմումները վերահասցեագրում են մարզպետներին։ Մարզպետներն են որոշում՝ դրանք բավարարել կամ մերժել, բայց հայտնի չէ, թե ինչ չափանիշով։
2025թ․ մարզպետների տրամադրած դրամական օգնություններն ըստ մարզպետարանների պաշտոնական կայքերի
Վայոց ձորի մարզպետն իր տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ 2025թ․–ին մարզին սոցիալական աջակցության նպատակով տրամադրված ծախսերը 33%-ով կրճատվել են։ «Սոցիալական արդարությունը պահպանելու, համաչափ և հասցեական օգնություն տրամադրելու համար շրջաբերականներ են ուղարկվել համայնքապետարաններ»,- ասվում է հաշվետվության մեջ։
Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ 2025թ․-ի ընթացքում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությանն է մակագրվել ՀՀ վարչապետին ուղղված և Շիրակի մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված, Շիրակի մարզպետին ուղղված, ինչպես նաև այլ մարմիններից ստացված ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ 1198 դիմում։ «Ֆինանսական օգնություն տրամադրելու գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել 798 քաղաքացու դիմում։ Շիրակի մարզպետի համապատասխան որոշումներով 344 քաղաքացու տրամադրվել է ֆինանսական օգնություն»,- ասվում է հաշվետվության մեջ։
Գեղարքունիքի մարզպետարանը 2025թ․-ին քաղաքացիներից ստացված 1067 դիմում է քննարկել, 925 դիմումատուի դրամական օգնություն է տրամադրվել, 36 դիմում վերահասցեագրվել է համայնքին։ Բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի կազմում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով մարզպետի միջնորդությամբ 34 միջնորդագիր է ներկայացվել Առողջապահության նախարարություն։
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ մարզի սոցիալապես անապահով 827 ընտանիքների կարիքների գնահատում է արվել, որի արդյունքում բյուջեի «այլ նպաստներ» տողից դրամական օգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 370 ընտանիքի։ «Համայնքներն այդ ընտանիքների սոցիալական վիճակը հաղթահարելու ծրագրեր պետք է ընդունեն և նրանց ընդգրկեն ծրագրերում՝ կարիքները հաղթահարելու մշտական հնարավորություն ստեղծելու համար»,- խորհուրդ է տալիս Արմավիրի մարզպետը։
Արմավիրի մարզպետի հաշվետվությունից, նաև Գեղարքունիքի մարզպետի՝ համայնքներին վերահասցեագրված դիմումների քանակից ակնհայտ է դառնում, որ դիմումատուների կարիքները հնարավոր է լուծել համայնքներում, եթե նրանց ընդգրկեն սոցիալական աջակցության ծրագրերում։ Մարզպետների դրամական օգնության ցուցակներում քիչ չեն 10 000, երբեմն՝ 11 000 կամ 20 000 դրամի հատկացումները, hավանաբար՝ դեղորայք գնելու կամ կոմունալ վճարումերի համար։ Համայնքային սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվելու դեպքում մարդիկ կարող են ավելին վաստակել իրենց աշխատանքով։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքը սահմանել է սոցիալական աջակցություն հասկացությունը՝ «կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին գնահատված սոցիալական կարիքների կամ խոցելիության հիման վրա տրամադրվող մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություն»։
Ընդգծենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատումը համայնքները պետք է անեն, իսկ մարզպետարանները պետք է աջակցեն նրանց՝ իրագործելու ծրագրերը։ Արմավիրի մարզպետարանն ինչպե՞ս է իրականացրել կարիքների գնահատումը, ինչպե՞ս է որոշել դրամական հատկացումների չափը, ի՞նչ առաջարկներ է ներկայացրել համայնքներին՝ դրանք լուծելու համար։ Հաշվետվության մեջ այդ մասին ոչինչ չկա։
Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզպետները տարեկան հաշվետվություն չեն հրապարակել, ուստի չենք կարող խոսել նրանց սոցիալական քաղաքականության մասին։
Օրենսդրությունը մարզպետներին դրամ բաժանելու իրավունք չի տալիս
Ամենակարևոր հարցն այն է, որ օրենսդրությունը մարզպետներին նույնպես դրամ բաժանելու իրավունք չի տալիս։ Իհարկե, «դրամական օգնություն» տրամադրելու որոշումների օրինականությունը հիմնավորելու համար մարզպետները հղում են կատարում օրենսդրությանը՝ յուրաքանչյուրն ըստ իր նախասիրության։ Երբեմն համընկնումներ լինում են, գուցեև պատահականությամբ։ Օրինակ՝ հղում են կատարում «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածի 7-րդ, իսկ ավելի շատ՝ 8-րդ հոդվածներին։
Նշված օրենքի 1-ին հավելվածի համապատասխան աղյուսակներից պարզ չէ՝ սոցիալական աջակցության բնագավառում դրամական աջակցությունը ՄՍԾ-ն պետք է տրամադրի՞, թե այլ կառույց։ Այսինքն, «Պետական բյուջեի մասին» օրենքով մարզպետին «դրամական օգնություն» տրամադրելու ուղիղ լիազորություն չի վերապահվել։
Հղում են կատարում նաև «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին (մարզպետը լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ) կամ նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին (վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը), 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և այլն։
Հոդված 15. Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում
- Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
5) իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված լիազորությունները:
Ինչպես տեսնում ենք, «Տարածքային կառավարման մասին» օրենքը մարզպետին վերապահել է սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրագործումն ապահովելը, իսկ այն դրամ բաժանելու մասին չէ։
«Սոցիալական աջակցության մասին» օրենքը սոցիալական ոլորտի պետական ծրագրերի իրականացման գերակշիռ մասը վերապահել է Միասնական սոցիալական ծառայությանը։ Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են մարզպետի լիազորությունները, որը դարձյալ սահմանափակվում է պետական և համայնքային ծրագրերի իրականացմանն աջակցելով։
Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենք, Հոդված 10. Մարզպետի լիազորությունները
- Մարզպետն իր իրավասությունների շրջանակում`
1) մասնակցում է մարզի սոցիալական աջակցության պետական և համայնքային ծրագրերի իրականացմանը․
2) տրամադրում է աջակցություն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.
3) մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
4) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում Կառավարության սահմանած դեպքերում և կարգով ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ, ներառյալ կազմակերպում կամ իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված անձանց անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրումը, համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.
5) իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ընդգրկում համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու և կազմակերպելու գործընթացներում և վերահսկում նրանց աշխատանքը։
Բոլոր 10 մարզերի մարզպետների «դրամական օգնություն» ցուցաբերելու մասին որոշումներն ուսումնասիրելիս միայն մի դեպք հանդիպեցինք, որը կարելի է մարզպետի կողմից «բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործման ապահովում» համարել։ Լոռու մարզպետը 2025թ․-ի մայիսից մինչև հոկտեմբեր, 5 անգամ 820 հազար դրամ է տրամադրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 8 շենքի հրդեհի հետևանքով տուժած ընտանիքներին։ 15 քաղաքացու ամսական 50 կամ 60 հազարական դրամ է տրվել։ Թեպետ որոշման մեջ չի նշվում նպատակը, ենթադրում ենք, որ այն անօթևան մնացած բնակիչներին որպես բնակվարձ է տրամադրվել։
Լոռու մարզպետը 2025թ․-ին ընդհանուր 12 մլն 415 հազար դրամի դրամական օգնություն է տրամադրել, որից 4 մլն 100 հազար դրամը՝ հրդեհից տուժածներին։ Մնացած 8 մլն 315 հազար դրամը բաժանվել է մարզի տարբեր համայնքների բնակիչներին։ Ինչպես որոշումների մեջ է նշվում՝ օգնությունը տրամադրվել է Լոռու մարզպետի 2025թ․ հունվարի 31-ի որոշումով ստեղծված դրամական և նյութական օգնություն տրամադրելու համար մարզպետի աշխատակազմ դիմած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ստեղծված սոցիալական հանձնաժողովի արձանագրության հիման վրա։
Ոչ մի օրենքով մարզպետին այդպիսի հանձնաժողով ստեղծելու իրավունք չի տրվել, սակայն դա չի խանգարել, որ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը որոշում կայացնելիս հղում կատարի չգրված օրենքների։
Ոչ պակաս կարևոր հարց է դիմումատուներին տրամադրվող գումարների չափը․ մարզպետները երբեմն մեկ անձին տրամադրում են 200 000–500 000 դրամ, երբեմն՝ 500 000 դրամը բաժանում 20 անձանց միջև։ Հրապարակված որոշումների մեջ չի նշվում, թե գումարն ինչ նպատակով է հատկացվում։ Ավելին, որոշ մարզպետարաններ դրամ ստացողների անունները չեն հրապարակում (Արագածոտն), Արմավիրի և Շիրակի մարզպետարանները մասամբ են հրապարակել։ Տավուշը Հայաստանի 10 մարզերից միակն է, որ Հայկ Ղալումյանի՝ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2021թ․-ից, դրամական օգնությունների մասին որոշումները չի հրապարակում։
2025թ․-ին պետական բյուջեից Տավուշի մարզպետի աշխատակազմին սոցիալական օգնություն տրամադրելու համար 67 մլն 550 հազար դրամ է հատկացվել։ Սա ավելին է, քան, օրինակ, Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերին սոցիալական օգնության համար պետական բյուջեից հատկացված գումարները միասին։ Այս թիվը նույնն է եղել նաև նախորդ տարիներին։
Մարզպետարաններին բոլոր ժամանակներում սոցիալական օգնություն տրամադրելու համար գումար հատկացվել է պետական բյուջեից։ Նախորդ իշխանությունների ժամանակ «այլ նպաստներ» տողով 10 մլն դրամ, իսկ այնուհետև՝ 20 մլն դրամ էր հատկացվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման շրջանում սոցիալական նպաստների բաժինն անհամեմատ ավելացել է։ 2025թ․-ին տասը մարզերից ամենամեծ գումարը հատկացվել է Տավուշի մարզին՝ 67 մլն 550 հազար դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 34 մլն 200 000 դրամ, Սյունիքին, Կոտայքին, Շիրակին, Արմավիրին, Արարատին՝ հավասարապես 30 մլն դրամ, մյուս մարզերին՝ ավելի քիչ։
Որպեսզի չխոսենք յուրայիններին կարիքավոր ճանաչելու արատավոր բարքերի մասին, սոցիալական արդարությունը պահանջում է այդ հարցերը լուծել արտոնություններով և սոցիալական ծրագրերի շրջանակում։
Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել