Անչափահասները՝ դատարանում. ինչ հանցագործությունների մեջ են ներգրավված
Գևորգի (անունը փոխված է) 16 տարին դեռ չէր լրացել, երբ ձերբակալվեց՝ հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Անչափահաս տղայի ընտանիքում միշտ անհաշտություն է եղել, հայրը պարբերաբար վիրավորել և ծեծել է մորը: Այս ամենը ծանր է անդրադարձել Գևորգի վրա: 2025թ. օգոստոսին, վրեժխնդիր լինելու նպատակով, խոհանոցային դանակով նա 10-ից ավելի հարված է հասցրել քնած հորը: Հայրը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, ինչի հետևանքով արթնացել է ու որդու ձեռքից խլել դանակը:
Անչափահաս տղայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մերձավոր ազգականի սպանության փորձի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նա չի կալանավորվել, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, սակայն հոր հետ նույն հասցեում չի գտնվել։ Գործն այժմ քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
2025 թվականին դատարանի առջև կանգնած 62 անչափահասների մեծ մասը եղել է 16–18 տարեկան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեկուսացումը և կրթությունից դուրս մնալը ազդում են հանցավոր վարքագծի ձևավորման վրա, իսկ դատարանները հաճախ նախընտրում են կիրառել պայմանական ազատազրկում՝ առաջնահերթ համարելով դաստիարակչական և վերասոցիալականացման գործոնը։
Անչափահասներից 27-ի նկատմամբ դատարանները պատիժ են նշանակել ազատազրկման ձևով, մեծամասամբ՝ 2-3 տարի ժամկետով: Միայն 6 անչափահասի նկատմամբ է պատիժ նշանակվել 3-5 տարի ժամկետով:
.jpg)
Հանցագործություն կատարած 27 անչափահաս ոչ աշխատել է, ոչ՝ սովորել, ինչը վկայում է սոցիալական որոշակի խնդիրների մասին։ Չզբաղված անչափահասներից 16-ը դատապարտվել են Երևան քաղաքի դատարանում, 5-ը՝ Լոռու մարզի, 3-ը՝ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարաններում և այլն:
Դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրության համաձայն՝ ազատազրկված 27 անչափահասից 25-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Անչափահասների նկատմամբ դատարանները հիմնականում՝ պայմանական ազատազրկում են կիրառում, քանի որ առաջնահերթ է դաստիարակչական և վերասոցիալականացման մոտեցումը։
Անչափահասներից 4-ը հանցագործությունը կատարել է մի խումբ անձանց կազմում՝ խմբակային, իսկ 1-ը՝ մեծահասակների մասնակցությամբ: Այսինքն՝ անչափահասները երբեմն ներգրավվում են հանցագործության մեջ հասակակիցների կամ մեծահասակների ազդեցության տակ։
Երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունը 2025թ. դատարաններում քննված գործերում գերիշխող տեղ է զբաղեցրել: Այդ արարքի կատարման համար դատապարտվել է 22 անչափահաս:
Անչափահաս վարորդների մասնակցությամբ ավտովթարների վերաբերյալ մամուլը հաճախ է գրում: Վարորդական իրավունք չունեցող երեխաները մեքենա վարելիս հաճախ լինում են ոչ սթափ վիճակում:
Հաջորդը առողջության դեմ ուղղված հանցագործությունն է, որի կատարման համար դատապարտվել է 16 անչափահաս, որից 10-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Այս արարքի համար դատապարտվածներից մեկը եղել է 14-16 տարեկանի միջակայքում, իսկ մնացածը՝ 16-18:
6 անչափահաս դատարանում հայտնվել է հրազեն կամ սառը զենք կրելու համար:
Ռիսկային և արկածախնդիր վարքագիծը բնորոշ է դեռահասության տարիքին: Նրանք էմոցիոնալ են, ունեն անկայուն և կոնֆլիկտային վարքագիծ։ Հատկապես բռնության դեպքերի հիմքում ընկերական շրջապատն է, ընտանեկան խնդիրները և սոցիալական վերահսկողության բացակայությունը։
Մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից միայն Արագածոտնի մարզում 2025թ.-ին անչափահասների վերաբերյալ որեւէ դատավճիռ չի կայացվել: Ամենաշատը եղել է Երևանում՝ 22 հոգի, իսկ մարզերից՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ 9 հոգի:
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը 16 տարեկանն է: Բացառիկ դեպքերում են պատասխանատվության ենթարկվում 14 տարեկանից (օրինակ՝ սպանության, ավազակային հարձակման դեպքերում և այլն): Դրանով է պայմանավորված, որ դատապարտվածների գերակշիռ մասը 16-18 տարեկան են։
.jpg)
Դավիթ Թումասյանի խոսքով՝ աշխատանք, զբաղմունք, կրթություն չստանալու փաստը խոսում է այդ երեխաների սոցիալական մեկուսացման մասին: Իսկ երբ անձն ունենում է ազատ ժամանակ և այն չի կարողանում օգտակար ձևով օգտագործել, սկսում է դրսևորել շեղվող վարքագիծ, ինչը կարող է հանգեցնել հանցագործության:
«Շատ դեպքերում, կարող է չնչին չարաճճիությունը կամաց-կամաց, ձնագնդի էֆեկտով կուտակվել, մեծանալ ու հասնել նրան, որ անձը կատարի նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: Եթե չլինեն կրթական, սոցիալական, մշակութային, մարզական ծրագրեր, մենք ունենալու ենք նման պատկեր, և թվերը աճելու են»,-ասում է Դ. Թումասյանը:
Փորձագետի փոխանցմամբ՝ երեխաների զգալի մասը դատապարտվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որի մեղավորը մեծամասամբ ծնողներն ու երեխաներին խնամող անձինք են: Նրանք պատշաճ հսկողություն չեն իրականացնում և տրանսպորտային միջոցները հասանելի են դարձնում երեխաներին:
Դ. Թումասյանն ասում է, որ այդ տարիքում տղաների մոտ ավտոմեքենա վարելը երբեմն կարծրատիպային կարգավիճակ է, ինչից ելնելով՝ ունենում են մեքենա վարելու ցանկություն:
«Ունենք դեպքեր, որ մեքենա վարող շրջանավարտները վթարից մահանում են, ստանում են ծանր վնասվածքներ: Այստեղ զգոնություն, վերահսկողություն ու ուշադրություն է պետք»,-ասում է Դավիթ Թումասյանը:
Անդրադառնալով առողջության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անչափահասներին՝ փորձագետը նշեց, որ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել կատարողի հոգեհուզական վիճակը, պետության ներսում ընդհանուր լարվածությունը, երեխաների միջև ագրեսիվ վարքագծի առկայությունը, քանի որ արարքը բռնի հանցագործություն է: Իսկ ուժեղի միշտ ճիշտ լինելու «սկզբունքն» ավելացնում է ուժի և իշխանության միջոցով հարցեր լուծելու հավանականությունը, և դրանով էլ անչափահասներն ինքնահաստատվում են:
Դավիթ Թումասյանը դրական է համարում, երբ անչափահասին միանգամից չեն ուղարկում քրեակատարողական հիմնարկ՝ պատիժ կրելու։ Դա, նրա կարծիքով, անթույլատրելի է թե վերասոցիալականացման, թե հետագա ռիսկերի իմաստով: Որոշ դեպքերում՝ ՔԿՀ-ում հայտնվելը կարող է ավելի խորացնել անչափահասի բացասական վարքագիծը: Հետևաբար, դատարանը ստիպված է կայացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու դատավճիռ, որպեսզի անչափահասը չհայտնվի քրեակատարողական հիմնարկում:
Փորձագետի դիտարկմամբ՝ միջազգային իրավունքում կա մեխանիզմ, որը խրախուսում է երեխային՝ կատարելու սոցիալական աշխատանք։ Այսինքն՝ հանրօգուտ աշխատանքը փոխում է անչափահասի վարքագիծը:
.jpg)
«Մեզ մոտ նման կարգավորումներ դեռ չկան: Ցավոք սրտի, այս առումով ունենք լրջագույն խնդիր: Պետք է լիներ հատուկ հաստատություն, որտեղ հանցագործություն, իրավախախտում կատարած անչափահասները օգտվեին վերասոցիալականացման ծրագրերից ու ծառայություններից: Չնայած Քրեական օրենսգրքով նախատեսված ժամկետները լրացել են, Հայաստանում նման հաստատություն դեռ ստեղծված չէ»,-ասում է Դ. Թումասյանը և հավելում, որ կարևոր է նման հաստատության գոյությունը, քանի որ դրական ազդեցություն է ունենում հատկապես ոչ մեծ կամ միջին ծանրության, առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց վրա:
Ուշագրավ է, որ Քննչական կոմիտեում 2025թ. ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024թ.-ից:
.jpg)
464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Վարույթներից 177-ը կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող հիմքով (իրավական հիմք, որի դեպքում անձը ամբողջությամբ արդարացվում է, և համարվում է, որ նա հանցանք չի կատարել):
Դատարան ուղարկված վարույթներից 5-ը Քննչական կոմիտեում քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված և այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
.jpg)
Նշենք, որ Քննչական կոմիտեում 2025թ.-ին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1529 քրեական վարույթ (2024-ին՝ 1374), որից 483-ը փոխանցվել է 2024թ.-ից:
Դատարան ուղարկված վարույթներով 157 տուժողից 49-ը եղել է մինչև 12 տարեկան, 47-ը՝ 13-14, 42-ը՝ 15-16, 19-ը՝ 17-18 տարեկան:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել