Գյումրու «Գորկա» այգու փառավոր անցյալն ու ներկա անմխիթար վիճակը
Գյումրու «Գորկի սադ» կամ «Գորկա» կոչվող այգու անվան ստուգաբանության համար պետք է հետ գնալ առնվազն 150 տարի: Տարածքը, մինչև 19-րդ դարի կեսերը, եղել է Սև բերդի մեծ այգու բլրակը՝ (Горка большого крепостного сада), որի պատճառով էլ տեղաբնակները մինչև օրս այն անվանում են «Գորկի(Գորկա) սադ»: Ի սկզբանե, այգու տարածքի արևմտյան հատվածը եղել է քաղաքային գերեզմանոց, որ ձգվել է Պլպլան ժամից, և որտեղ հիմնականում հուղարկավորել են ռուս զինվորականների: Մոլորություն է այն վարկածը, որ անվանումը կապ ունի ռուս գրող Մաքսիմ Գորկու հետ: Խորհրդային շրջանում այգին անվանակոչվել է հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով, սակայն բնակիչների մոտ անվանման այդ տարբերակն այդպես էլ չի արմատացել:
19-րդ դարի վերջին տարածքը ծառազուրկ է եղել: Կումայրի արգելոց թանգարանի արխիվի փաստաթղթերի համաձայն՝ կանաչապատում իրականացվել է ռուսական զորքերի սպա, գեներալ Պրասկովնյակովի ջանքերով: Վերջինս կազմակերպել է Ռուսական կայսրության տարբեր նահանգներից տեղի կլիմային համապատասխան ծառատեսակների ներկրումը: Այն տարիների քաղաքային վարչությունը պատվիրել է մի քանի հարյուր տնկի՝ եղևնի, սոճի և այլ դեկորատիվ ծառեր: Այգի է բերվել սևահող՝ ծաղիկների և թփերի համար: Կավե խողովակներից բաղկացած ջրամատակարարման համակարգն անցկացվել է Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետի կնոջ՝ Ջավահիր Դրամփյանի նյութական աջակցությամբ: Տարածքը հետագայում պարսպապատվել է:
Այգու հարավային հատվածում 1860-ականներին կառուցվել է առաջին թատրոնի շենքը: Փոքրիկ քաղաքի բնակչությունն իր սուղ միջոցներից թատրոնի ստեղծման համար տրամադրել է 117 ռուբլի: Բավական պատկառելի գումար սեփական գրպանից նվիրաբերել է նաև նախաձեռնության հեղինակ, ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցը: 1865թ․-ի մայիսի 23-ին բացվել են քաղաքային «կլուբի» վարագույրները, և նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին է ներկայացրել իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ. Կարենյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը: 1912թ․-ին թատրոնում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան:
20-րդ դարասկզբին այգու տարածքում կառուցվել են տաղավարներ, տեղադրվել նստարաններ, տարբեր ատրակցիոններ, տոնական օրերին երեկոյան այգին լուսավորվել է, իսկ հանգստյան օրերին նվագել է զինվորական փողային նվագախումբը: Այգու մուտքը մինչև 1930թ․-ն եղել է վճարովի: Փաստը հաստատում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոխանցելով Սաթեն տատի հուշերը:
«Տատս պատմում էր, որ այգու մուտքերը դարպասներ են ունեցել: Այգին բացվել է որոշակի ժամերի: Մուտքը եղել է վճարովի, այսինքն ամեն մեկը չի կարողացել մտնել, պիտի պարտադիր տոմս ունենայիր: Այգի այցելել են հիմնականում քաղաքի հարուստներն ու արհեստավորական խավը: Այն ժամանակ ընտանիքներով էին սիրում զբոսնել, ու դրա համար պիտի բավականաչափ գումար ունենայիր,- նկատում է զրուցակիցս,- Սաթեն տատս, որ Ալեքսանդրապոլի օրիորդաց գիմնազիան էր ավարտել ու ազատ տիրապետում էր ֆրանսերենին և ռուսերենին, պատմում էր, որ այգին ոչ միայն «օդ շնչելու» վայր էր, այլև տեղ, որտեղ կարելի էր հասարակության բարձր խավի, կիրթ անձանց հետ շփվել, զրուցել, քաղաքի անցուդարձն իմանալ»:
Այգին անցած հարյուրամյակում մշտապես խնամվել է, տեղադրվել են քանդակներ, ստեղծվել հանգստի տարբեր գոտիներ: Այգու ամենասիրուն անկյունը, թերևս հռոմեական ոճով կառուցված սպիտակ Ռոտոնդան է (բոլորակ հատակագծով, գմբեթով պսակված և սովորաբար սյուներով շրջապատված կենտրոնակազմ ճարտարապետական կառույց), որ պահպանվել է մինչ օրս: Ռոտոնդայի դիմաց՝ ընդարձակ պարահրապարակի մյուս կողմում, մինչև 1990-ականները փայտից կառուցված մեծ բեմ է եղել (երկրաշարժից հետո այրել են), որտեղ սովորաբար տեղավորվում էր փողային նվագախումբը:
Այգում մինչ օրս պահպանվել է երկու փոքր և երեք մեծ ջրավազան: Փոքրերը գտնվում են այգու մուտքի աջ և ձախ կողմերում՝ կրելով առավել դեկորատիվ բնույթ: Ռոտոնդայի հարևանությամբ գտնվող ջրավազանը կասկադի տեսք ուներ, բաղկացած էր շատրվաններից ու զարդարված էր սովետական սոցռեալիզմի ոգով արված քանդակներով: Ամռանը երեխաները սովորություն ունեին այստեղ լողալու: Երկրաշարժից հետո ջրավազանն իր նպատակին չէր ծառայում, իսկ 2000-ականների սկզբներին այն պարզապես անհետացավ: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցված է) եղբորը պատկանող երկաթե կոնստրուկցիաներով ապակեպատ «Օազիս» ռեստորանը «կլանեց» հանրային նշանակության և քաղաքի սեփականությունը հանդիսացող ջրավազանը՝ այն հայտնվեց ռեստորանի մեջ:
Իսկ ահա կենտրոնական ճեմուղու սկզբնամասում գտնվող ջրավազանը, որի մեջտեղում տեղադրված է «Թիակով աղջկա» արձանը, պահպանված է նույնությամբ, միայն քանդակն են ներկել սպիտակ գույնով: Պատմում են, որ լողազգեստով կնոջ արձանի առկայությունն ավանդապաշտ քաղաքում քննարկման թեմա էր դարձել, քիչ չէին նաև զավեշտալի դեպքերը: Մեխանիկական գործարանի տղաները երեկոյան սովորություն էին դարձրել մեղր կամ շաքարաջուր քսել արձանի բարեմասնություններին, որի վրա արդեն առավոտյան, հավաքվում էին ճանճերն ու կատակ-ծիծաղի առիթ տալիս հավաքվածներին: «Թամաշի բան էր,- Հովհաննես Հովհաննիսյանը ծիծաղում է,- համ մի տեսակ ամոթ էր, համ՝ շատ խնդալու, մանավանդ, երբ հավաքարարները մտնում էին ջուրը, որ արձանը մաքրեն»:
Գյումրեցի հայտնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կա մի տեսարան, որ նկարված է «Գորկա» այգում, և հանդիսատեսը կարող է կադրերում տեսնել Ռոտոնդան, պարահրապարակը, շատրվաններով ջրավազանը, տիրը, լուսանկարվելու հարթակը: Մի քանի րոպե ձգվող տեսարանում, ռեժիսորը շատ տիպիկ փոխանցել է հետպատերազմյան տարիներին քաղաքում տիրող բարքերը՝ ժամանցի առումով:
«Լենինականում, իմ երիտասարդության տարիներին, երեք ժամադրավայր կար՝ «Կիրովի քյալլեն»(ներկայիս Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասն է), «Ժամացույցի տակ» («Կինո Հոկտեմբերի» շենքի մոտ) ու «Գորկի սադը»: Էն առաջին երկուսը գործնական բնույթի ժամադրությունների համար էր, իսկ այգին… Այգում առաջին անգամ ժամադրվել եմ 10-րդ դասարանում,- հիշում է Հ. Հովհաննիսյանը,- մի աղջիկ կար, որ սիրահարվել էի, երկար տատանվելուց հետո առաջարկեցի ու ի զարմանս ինձ՝ համաձայնվավ: Գնացինք այգու խորքը, որտեղ սովորաբար սիրահարներն են հանդիպում, էդտեղ սեր խոստովանեցի առաջին անգամ ու… դա եղավ առաջին ու վերջին անգամը»:
Հովհաննեսի հիշողություններում քաղաքային այգին առավել մշակութային բնույթ էր կրում: Ջերմությամբ է հիշում հատկապես հանգստյան օրերին այգում կազմակերպվող միջոցառումները: «Երկար մազեր կպահեինք էդ թվերին, կհագնեինք մեր ամենամոդայիկ շորերը՝ հոլիդեյ շալվար, գունավոր վերնաշապիկ ու խելահեղ կպարեինք: Ես լավ պարող էի ու դրա համար անգամ «պատժվել եմ»,- հիշում է զրուցակիցս,- «Սլաբոդկա» թաղամասի տղերքը միշտ կհավաքվեին պարահրապարակի անկյունում ու կնայեին, թե ով շատ աչքի կընգնի: Մի օր, ինձ մի կողմ կանչեցին, բռնեցին ոտքերիցս ու ձեռքերիցս՝ շպրտեցին ջրավազանը: Ես էլ էդ օրը թարսի նման սպիտակ, նոր կարած շալվար էի հագել»:
Այգին սիրում էին բոլոր գյումրեցիները՝ տարեց տղամարդիկ, որ գալիս էին նարդի, շախմատ խաղալու, երեխաները, որ գալիս էին կարուսել նստելու, կենդանի երաժշտության ու պարզապես բնության սիրահարները և իհարկե՝ սիրահար զույգերը, որոնց համար այգին հանդիպման իդեալական վայր էր: Ամենաշատ հերթերը գոյանում էին կարուսելների և «Ծիծաղի տնակ»-ի մոտ: Այգում, Շինարարների պալատից (առաջին թատրոնի շենքը) բացի, գործում էր նաև 400 տեղանոց ամառային կինոդահլիճը: «Այնտեղ շաբաթ-կիրակի պարտադիր համերգ կար, մուտքն էլ ազատ էր, տոմսով չէր,- պատմում է Հովհաննեսը,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին առաջին անգամ էդտեղ եմ լսել, առաջին ֆիլմն էլ, որ դիտել եմ, եղել է «Կոմս Մոնթե Քրիստոն»: Հիմա ամառային կինոթատրոնից կարկասն է մնացել, երկրաշարժից հետո քանդեցին»:
«Գորկա» այգին խորհրդային տարիներին մշտապես եղել է քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Երկրաշարժից հետո, թվացյալ անտերության պայմաններում, երբ առաջին պլան էր մղված անօթևանների խնդիրը, համատարած ծառահատումների ֆոնին, որքան էլ որ զարմանալի էր, այգին պահպանեց տեսքը՝ ծառերի սպանդ տեղի չունեցավ: 2000-ականներին «Ամբերդ» ՍՊԸ-ն (պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին) 90 տարով ստանձնեց այգու վարձակալությունը: Սակայն, Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետի պաշտոնը 2012թ.-ին թողնելուց մի քանի տարի անց՝ 2015-ին, Կառավարության որոշմամբ, այգին հատկացվեց «Թումո» ստեղծարար կենտրոնին՝ երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով:
Ներկայում այգու տարածքում բարեկարգման և ներդրումային ակտիվ ծրագրեր չեն ընթանում: Փետրվարին կայացած Գյումրու այս տարվա ավագանու առաջին նիստին ներկայացվել էր նախագիծ՝ մի շարք տարածքներ համայնքին վերադարձնելու պահանջով, որոնց թվում էր նաև «Գորկա» զբոսայգին: Քաղաքային ներկա իշխանությունները պատճառաբանում են, որ բացի «Թումո»-ի շենքից (պաշտոնապես կենտրոնը բացվել է 2020-ին), անցած 5 տարիներին որևէ այլ աշխատանք չի իրականացվել: Սակայն, ինչպես հայտնի է, Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 2022թ․-ին մեղադրանք է առաջադրվել կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող 5 միավոր հողամասը (վերաբերում է «Օազիս» ռեստորանին)՝ ընդհանուր 0,48743 հա մակերեսով, հանցավոր ճանապարհով օրինականացնելու վերաբերյալ: Եվ միայն նշված վիճելի տարածքների հարցը լուծելուց հետո զբոսայգու բարեկարգումը ստանձնած կազմակերպությունը հնարավորություն կունենա իրականացնել նախատեսած ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել