HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է բարեփոխել Քրեական դատավարության օրենսգիրքը

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի նպատակն անձի իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է: Որպես այդպիսին՝ արդյունավետ եւ որակյալ նախաքննության իրականացումը բխում է հենց այս նպատակից: Հարկ է նշել, որ շուրջ երեք տարի կիրառվող Քրեական դատավարության օրենսգրքում որոշակիորեն խնդրահարույց կարգավորումների առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել, որոնց վերացմանն էլ ուղղված է սույն օրենքի նախագիծը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության հեղինակ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները եւ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ քրեադատավարական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար: 
 
Նշվել է, որ նախագիծը կարգավորելու է հստակ ժամկետային եւ ընթացակարգային հարցեր քրեական դատավարությունում, որն ուղղված է քրեական վարույթի արդյունավետ, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը: Բացի այդ, նախագծով ակնկալվում է նաեւ հնարավորություն ստեղծել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավասությունների սահմաններում վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter