HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի կոնվենցիային

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մարտի 17-ին, դրական եզրակացություն տվեց «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։ Փաստաթուղթը, որը Հայաստանը ստորագրել էր դեռևս 2014 թվականին, նպատակ ունի արմատախիլ անել պայմանավորված խաղերն ու սպորտային զեղծարարությունները։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ կոնվենցիան մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում: Կարգավորումներ են նախատեսվում՝ խրախուսելու մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ կազմակերպությանը՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար, այդ թվում՝ ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով: Մասնավորապես, դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաեւ ներքին տեղեկատվության չարաշահումը:

Խրախուսում է նախատեսվում նաեւ մարզական կազմակերպություններին՝ ընդունելու եւ իրականացնելու համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին:

Կոնվենցիայով սահմանված են կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի: Այն ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաեւ մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ:

Քանի որ մեքենայությունները խաթարում են սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան կարեւոր դեր ունի բարոյական չափանիշներն ամրապնդելու գործում: Համատեղ պայքարի արդյունավետության համար կոնվենցիան խթանում է համագործակցությունը տարբեր երկրների պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջեւ:

Կարեւորություն է տրվում կրթական ծրագրերին եւ հանրության իրազեկմանը՝ սպորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով:

Կոնվենցիան նախատեսում է նաեւ համաչափ միջոցների ամբողջական համալիր՝ դրամական տույժերից մինչեւ գործունեության արգելք՝ կախված այն հանգամանքից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին է խոսքը:

Նախատեսվում է ստեղծել հսկիչ հանձնաժողով, որը նաեւ ամեն տարի երկրից զեկույց է ստանալու այնտեղ տիրող իրավիճակի եւ արձանագրված հարցերի վերաբերյալ:

Նշվել է, որ հետագայում օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն կլինի:

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 17-ի նիստում եւ արժանացել դրական եզրակացության:

 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 44 պետություն: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter