Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից
Ութ տարի առաջ Կառավարությունը մարզպետարանները պետության համար ավելորդ բեռ էր համարում և ցանկանում էր դրանցից ձերբազատվել: 2018-ին սա հեղափոխական օրակարգի մաս էր։ Ժամանակը ցույց տվեց, որ իշխանության համար, ինչպես նախկինում, այժմ էլ դրանք քաղաքական գործիք են:
Որքա՞ն արժի մարզպետի ինստիտուտը պետության համար
2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո հաղթող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում էր կրճատել մարզպետների լիազորությունները, որի հետևանքով կկրճատվեր նաև պետական բյուջեից տրամադրվող գումարը։ 2022 թվականին պետական բյուջեից տասը մարզպետների աշխատակազմերին հատկացվել է 5 միլիարդ 377 միլիոն դրամ, որը 2021 թվականի համեմատ պակաս է եղել 12.10%-ով։ 2023-ին հատկացումներն աճել են 12.12%-ով՝ կազմելով 6 միլիարդ 28 միլիոն դրամ, 2024-ին նվազել են 1.6%-ով, 2025-ին՝ կրկին նվազել, այս անգամ՝ 18.7%: 2026-ին բոլոր մարզպետների աշխատակազմերին հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.5%-ով՝ կազմելով 4 միլիարդ 798 մլն դրամ։

Լոռու մարզպետի աշխատակազմի 2025 թվականի բյուջեի կատարողականը ցույց է տալիս, որ մարզպետի աշխատակազմին հատկացված ֆինանսների մեծ մասն օգտագործվել է աշխատավարձերի, պարգևատրումների և հավելավճարների համար՝ 503 մլն դրամ՝ 562 մլն 459 հազար դրամից։ Մոտ 30 մլն դրամ ծախսվել է շենքերի պահպանման, կոմունալ ծախսերի, սոցիալական նպաստների, ներքին գործուղումների համար։ Բյուջեի մնացած մասը կազմում են համակարգչային, ներկայացուցչական, կառավարչական ծառայությունները և այլն։
Արագածոտնի մարզում ևս բյուջեի մեծ մասն օգտագործվում է աշխատավարձերի և պարգևատրումների համար՝ 428 մլն դրամ՝ 480 մլն դրամանոց բյուջեից։ Մյուս մարզերի պարագայում պատկերը քիչ է տարբերվում։ Բյուջեի չափը մարզից մարզ կարող է փոխվել, բայց դրանց ծախսման նպատակները և չափաբաժինները, հիմնականում, նույնն են․ այսինքն՝ մարզպետի աշխատակազմին հատկացված գումարի մեծ մասն օգտագործվում է աշխատավարձերի և պարգևավճարների համար։
Ինչ էր նախատեսել Կառավարությունը մարզպետարանների համար և ինչ է արել
Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, մարզպետարանների համար սահմանվելու էին միատեսակ կառուցվածք և գործառույթներ։ Նույն ծրագրով պետք է իրականացվեին լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, խորքային վերլուծություն կատարվեր պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:
Սրանք Կառավարության հիմնական խոստումներն են մարզպետարանների առնչությամբ։ Մինչ այս Կառավարության ձևավորումը՝ արդեն սկսվել և իրականացվել էին մի շարք փոփոխություններ, որոնցով մարզպետարանների լիազորությունների շրջանակը փոքրացել էր, և դրանք տրվել էին կա՛մ նոր խոշորացող համայնքներին, կա՛մ գործադիր իշխանության այլ մարմինների։
Փաշինյանի կառավարությունն այս ընթացքում որոշ փոփոխություններ արել է մարզպետների լիազորություններում՝ սահմանափակելով կամ նոր լիազորություններ տալով։ Մինչև նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունները մարզպետներն ավելի լայն լիազորություններ ունեին կրթության ոլորտում․ ուսումնական հաստատություններում իրագործում էին պետական հանրակրթական ծրագրեր, կազմակերպում էին ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխությունները հանգեցրին նրան, որ 2026 թվականի սեպտեմբերից մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող դպրոցները բովանդակային մասով կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Փոփոխության համաձայն՝ մարզպետները աջակցում են ուսումնական հաստատությունների կողմից կրթության մասին օրենսդրության կատարմանը, իրականացնում են մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կրթության ոլորտում մարզպետն ապահովում է մարզում գործող կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը։ Իրականացնում է մշտադիտարկում և այլն։
Փոփոխություններ են արվել նաև առողջապահության ոլորտում։ Նախորդ տարվա փետրվարին Կառավարության որոշմամբ մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցել են Առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Մարզպետի տեղակալի՝ աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավար լինելու լիազորությունը ևս հանվել է: Բացի լիազորությունների սահմանափակումից, նախատեսվել են նորերը։ Օրինակ՝ 2026-ի հունվարին կատարված փոփոխության համաձայն, մարզպետին կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:
«Մարզպետի աշխատակազմը իշխանության համար
քաղաքական ազդեցությունը պահպանելու գործիք է»
Դեռևս 2018 թվականի հոկտեմբերին, երբ Կառավարությունը քննարկում էր «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը, այն ժամանակվա Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը (այժմ՝ Պաշտպանության նախարար) անարդյունավետ էր համարում մարզպետարանների գործունեությունը։ Ըստ նրա՝ Կառավարություն-մարզպետարաններ-համայնքներ կառավարման համակարգի երկրորդ օղակը հանդիսացող մարզպետարանների գործառույթները կարելի է փոխանցել խոշորացված համայնքներին։ Սուրեն Պապիկյանը նշում էր. «Ես խոշորացման պրոցեսը բավականին դրական եմ համարում այն հանգամանքից ելնելով նաև, որ Հայաստանի հետագա կառավարումը պատկերացնում եմ ոչ թե եռաստիճան համակարգով, այլ երկաստիճան: Մենք պիտի հրաժարվենք այդ խոշոր և պետության վրա ծանրացած ծանր համակարգից և անցնենք ավելի քիչ ֆինանսներ պահանջող, բայց ավելի արդյունավետ ու ավելի մոբիլ գործող համակարգի»։ (Մեջբերումները՝ Ազատություն ռադիոկայանի հոդվածից)։
Նախարարի այս ելույթից անցել է յոթ տարի, բայց մարզպետներ դեռ նշանակվում են, և այդ համակարգի լուծարման մասին խոսակցություններ չկան։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աբրահամ Արտաշեսյանի մեկնաբանությամբ՝ մարզպետները օրվա իշխանության ներկայացուցիչն են մարզերում, և այդ համակարգն օգտագործվում է մարզում ազդեցություն ունենալու համար։
Ըստ օրենքի՝ Կառավարությունը տարածքային կառավարման ոլորտում քաղաքականությունն իրականացնում է մարզպետների միջոցով։ Մարզպետի ընդհանուր լիազորություններն են՝ իրականացնում է պետական տարածքային քաղաքականությունը և համակարգում տեղական ու պետական մարմինների կապը։ Ներկայացնում է մարզի զարգացմանն ու բյուջետային հատկացումներին ուղղված առաջարկներ, հետևում է պետական սեփականության պահպանմանը և իր իրավասության շրջանակում պաշտպանում քաղաքացիների իրավունքները։ Իր աշխատանքի ընթացքում մարզպետն ընդունում է որոշումներ և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնում Կառավարությանն ու հանրությանը՝ ամփոփելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակը։
Աբրահամ Արտաշեսյանը կարծում է, որ մարզպետի աշխատակազմի գոյությունը մեծապես քաղաքական նպատակներով է պայմանավորված, քանի որ մի քանի համայնքներում ընտրությունները իշխանություններին ցույց են տվել, որ հնարավոր է՝ պարտվեն, և մարզպետը իրենց պետք է պարտված համայնքներում վերահսկողություն իրականացնելու համար: Նրա կարծիքով՝ մարզպետի աշխատակազմերի գոյությունը նաև ավելորդ բյուրոկրատիա է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հարցում է ուղարկում մարզպետի աշխատակազմ, թե համայնքային մանկապարտեզներում սովորող երեխաների թիվը որքան է, մարզպետի աշխատակազմից ուղարկում են համայնքներին, համայնքապետարանները թիվը տալիս են մարզպետի աշխատակազմին, իրենք էլ նախարարությանը։ Այսինքն, կարելի է հարցումը ուղղակի համայնք ուղարկել»։
Արտաշեսյանն ասում է՝ իրական ապակենտրոնացման գործընթաց չկա, քանի որ այն լիզորությունները, որ հիմա ունեն մարզպետները, պետք է փոխանցվեն համայնքներին։ «Մարզպետի օղակը պիտի կրճատվի։ Ժամանակին քննարկում էինք, որ ըստ անվանումների մարզպետարաններ չլինեն, ասենք՝ լինի հյուսիս, կենտրոն, հարավ։ Այդ դեպքում ազդեցությունը (խմբ․՝ քաղաքական) ահագին կրճատվելու էր, բայց պատկերացրեք՝ արդեն 10 տարի անցել է ապակենտրոնացման մասին խոսելուց, ոչ մի բան չի փոխվել։ Մինչև հիմա պահած այդ ինստիտուտը նրա համար է, որ մարզերում ունենան մարդիկ, ովքեր կգնան ուղղակի կասեն՝ մենք իշխանության ներկայացուցիչ ենք»,- ասաց Աբրահամ Արտաշեսյանը։
Ըստ նրա՝ համայնքները պետք է ավելի ինքնուրույն լինեն, պետք է սեփական եկամուտներն ավելի մեծ լինեն և Կառավարությունից հնարավորինս փոքր կախվածություն ունենան, բայց այժմ հակառակ գործընթացն է․ Կառավարությունը շարունակում է համայնքների եկամուտների զգալի մասն ապահովել սուբվենցիաներով, որը կախվածութան մեջ է դնում համայնքներին։ Մարզպետն այս օղակում օրենքով նախատեսված իր դերն ունի՝ «․․․վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը»։
«Իրենք ավելացնում են սուբվենցիաների թիվը, որպեսզի մարզպետը գնա, նկարահանի ու ցույց տա, թե ինչ լավն է կենտրոնական իշխանությունը, որովհետև սուբվենցիա է տալիս մարզում մանկապարտեզ ու դպրոց սարքելու համար»,- ասում է Աբրահամ Արտաշեսյանը։
«Հետքը» ՏԿԵ նախարարությանը խնդրեց հարցազրույց կազմակերպել համապատասխան պաշտոնյայի հետ հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ: Նախարարի մամլո խոսնակն ասաց՝ հարցերին միայն գրավոր կարող են պատասխանել: Մենք հարցերը գրավոր ուղարկել ենք նախարարության էլեկտրոնային հասցեին, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մարզպետները Կառավարության ներկայացուցիչներն են մարզերում և, ըստ փորձագետի, բացի օրենսդրական նպատակներից, ունեն նաև քաղաքական նպատակներ՝ ազդեցություն համայնքների վրա, և իրականության մեջ ավելի լայն լիազորություններ ունեն, քան նախատեսված է օրենքով։
Ովքեր են մարզպետները
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել