HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ. Փաշինյան

Մարտի 12-ին տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի բացման խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա գտնվում ենք մի կետում, երբ ձևավորված Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանել: «Պետք է պաշտպանենք շատ պինդ, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար: Դա չի նշանակում, որ Հայաստանում չլուծված խնդիրներ չկան: Աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չլուծված խնդիր չկա. գոյություն չունի:

Շատ կարևոր է քաղաքական դիրքավորումը՝ մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք, որովհետև մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանը հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանն անվտանգ Հայաստան է, մեր ձևավորած Հայաստանն ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, և մեր ձևավորված Հայաստանն ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկող Հայաստան է: Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման: Մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների: Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող՝ անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը: Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության և մեր անելիքների հետ. «Այդ ճանապարհին մենք կսխալվենք, այդ ճանապարհին վերանայումներ կանենք: Ժամանակին մի կարգախոս կար, քաղաքացիական հասարակությունն էր օգտագործում այն, հնչում էր այսպես. «Մենք ենք տերը մեր երկրի»: Այդ կարգախոսն այսօր իրականացված է՝ մենք ենք տերը մեր երկրի: Դա ամենամեծ նպատակն է, որն ընդհանրապես եղել է, և այդ նպատակն իրագործված է: Հիմա պետք է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը հարատև ապահովի ՀՀ-ի քաղաքացիների՝ սեփական երկրի տերը լինելու փաստը: Այս իրողությունը պետք է շարունակական զարգանա: Մենք այսօր դա կարող ենք անել և կարող ենք դա մեզ թույլ տալ, որովհետև մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով: Այսօր ՀՀ-ն չի գոյատևում, այսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է օրակարգեր: Այսօր ՀՀ-ի միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է, այսօր ՀՀ-ի տարածաշրջանային հեղինակությունը աճում է, այսօր ՀՀ-ն ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում՝ իր համար հարմարավետություն ստեղծելով: Սա շատ կարևոր է, և մենք պետք է շարունակենք այս ճանապարհը: Եվ խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ, և մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter