HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը կձևավորվի միջազգային հեղինակավոր բուհերի խորհրդատվությամբ

Հայաստանի կառավարությունն այսօրվ նիստումընդունել է որոշում, որով նախատեսվում է «մեկ անձից գնման» ընթացակարգով ձեռք բերել խորհրդատվական ծառայություններ Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով։

Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ, և որոշումներով հնարավորություն կտրվի կնքել պայմանագրեր:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին պայմանագիրը կկնքվի Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ: Ըստ նախարարի՝ վերջինս QS վարկանշավորման համակարգում ըստ ոլորտների տարիներ շարունակ երկրորդ հորիզոնականում է: «Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ և այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում, որը մեծապես աջակցելու է մեզ նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործընթացում: Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, հանդիսանում է կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից: Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- ասել է նախարարը:

Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ: Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով 24 ամիս ժամկետով: Ըստ այդմ՝ նախատեսվում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ՝ կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ պայմանագրերի շրջանակում գործընկերներն աշխատում են ոչ միայն և ոչ այնքան Կառավարության, որքան հենց բուհերի և ուսանողների հետ: Վարչապետն ընդգծել է աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն՝ ինֆորմացիային և փորձին հասանելիություն ունենալու կարևորությունը:

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներից: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման լրացված հայեցակարգը, որն ամբողջությամբ հիմնվում է մինչ այս կատարված աշխատանքների վրա և շատ հստակ նկարագրում է ծրագրի իրականացման փուլերը: Առաջին փուլը ներառում է ուսանողական կացարանների կառուցում առնվազն 3600 ուսանողի համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցում, որը կօգնի տարածքը դարձնել գրավիչ քաղաքացիների և միջոցառումների անցկացման համար, տեխնոլոգիական կլաստերի կառուցում:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը: Զուգահեռաբար աշխատանք է տարվում նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված, այդ թվում՝ ՀԷՑ-ի համապատասխան գծերի տեղափոխման: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարվանից մեկնարկել են նաև Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները. շուրջ 17 հազար խորանարդ մետր աղբ պետք է հեռացվի տարածքից։ «Գլխավոր հատակագիծն այժմ գտնվում է համալիր փորձաքննության փուլում, և դրա հաստատումը նախատեսվում է փորձաքննության ավարտից հետո։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ծրագիրն իրագործման ակտիվ փուլում է և առաջ է շարժվում նախատեսված ժամանակացույցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter