Դատախազությունը պահանջում է «Աքիլա Տեխնիքս»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույք եւ 179 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որով «Աքիլա Տեխնիքս» (AQUILA TECHNICS) ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝
- 2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի մարզում.
- 7 շարժական գույք.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Ըստ դատախազության՝ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ 2021 թ. մայիսին Կարեն Ավդալյանը, տեղեկացված լինելով կառավարական օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին եւ տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել բրիտանական «Avtrade Limited» ընկերությունից 200 հազ. դոլարով, 2021 թ. մայիսի 7-ին բովանդակությամբ կեղծ գրությամբ ՔԱԿ-ին առաջարկել է նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազ. դոլարով գնել կիպրական «Brightcom Aviation Ltd»-ից, բայց նման ընկերություն այդ պահին գոյություն չուներ:
Այնուհետ, ըստ դատախազության, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով Կարեն Ավդալյանը, չարաշահելով ՔԱԿ-ի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թ. մայիսի 17-ին մեկ այլ՝ կրկին բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է, փոխարենն առաջարկել է «Brightcom Aviation Ltd»-ից ձեռք բերել նույն պահեստամասը առավել բարձր արժեքով՝ 370 հազ. դոլարով: Արդյունքում նշված պահեստամասը «Avtrade Limited»-ից 200 հազ. դոլարով ձեռք բերելու փոխարեն Կ. Ա.-ն 2021 թ. նոյեմբերի 25-ին ՔԱԿ-ին է ներկայացրել նույն տարվա մայիսի 30-ին կազմված ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող «Brightcom Aviation Ltd»-ից ձեռք բերելու վերաբերյալ:
Այսպիսով՝ պահեստամասի ձեռքբերման համար ՔԱԿ-ը Կարեն Ավդալյանի ղեկավարած «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ին փոխանցել է 370 հազ. դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազ. դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը, ըստ գլխավոր դատախազության, Ավդալյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել