Լեյլա Բաղդասարյան. «Արդեն տուն պիտի ստանայինք, երկրաշարժը եղավ»
Լեյլա Բաղդասարյանը ծնվել ու հասակ է առել հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հետո ամուսնացել, տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի)։ Ամուսնու հետ ուսուցչություն են արել Մուսայելյան գյուղում, այնտեղ էլ ապրել են մինչեւ երկրաշարժը։
«Աշխատում էինք, անուն ունեինք, գյուղն էլ մեծ գյուղ էր, լավ երեխաներ էին։ Ճիշտն ասած՝ սեփական տուն էլ չունեինք, ուսուցչի տանն էինք ապրում, այդպես երեսունմեկ տարի»,-հիշում է տիկին Լեյլան։
Հետո, երբ զավակները հասունանում են, ընդունվում ինստիտուտ, ուսուցիչների ընտանիքը տեղափոխվում է Լենինական։ «Գրվել էինք, արդեն տուն պիտի ստանայինք, երկրաշարժը եղավ։ Մենք պետությունից ժամանակավոր կացարան էլ չստացանք, գնեցինք այս դոմիկը»։
Տիկին Լեյլայի ամուսինը երկար տարիներ եղել է Մուսայելյան գյուղի դպրոցի տնօրենը եւ պաշտոնի բերումով՝ բնականաբար, Կոմունիստական կուսակցության անդամ, սակայն դա չի խանգարել, որ երեխաներին մկրտեն եկեղեցում։ «Երկրաշարժից հետո, դեռ սովետ էր, երեխաներին կնքեցինք։ Էն ժամանակ չէր թույլատրվում, բայց շատ պարտիականներ, իմանում էինք, թաքուն կնունք էին անում։ Հավատքը մեր մեջ ի սկզբանե է դրված, մեր հավատքը մեզանից ոչ ոք չի կարող խլել»,-ասում է թոշակառու ուսուցչուհին։
Հարցին՝ ԽՍՀՄ-ի նման մեծ, հզոր երկիրն ինչո՞ւ փլուզվեց, կարճ դադարից հետո տիկին Լեյլան պատասխանում է. «Այդ հարցը ես կարող եմ նաեւ ձեզ ուղղել, մեր Հայաստանը հիմի ինչի՞ ա փլուզվում, փլուզողն ա փլուզում»։
Գոհ է, որ Հայաստանն առանձին երկիր է դարձել, աշխարհին ներկայանում է իր դեմքով, իր դրոշով ու հիմնով, բայց շատ բաներ նրա համար անսովոր են։ Օրինակ՝ չի հասկանում, թե ում է պետք ժողովրդավարությունը։ «Առաջ, որ ղեկավարներին նշանակում էին, ավելի լավ էր։ Նախ մի լավ տնտղում էին՝ կրթությունը, աշխատանքային ստաժը, ինչ աթոռ որ պիտի զբաղեցներ, համապատասխան մասնագիտություն ունենար, նոր որոշում էին կայացնում։ Իսկ հիմի ես էլ կարող եմ գնամ, դնեմ թեկնածությունս, ինչ-ինչ ձեւերով քվե հավաքեմ՝ անցնեմ։ Բայց արդյո՞ք ես կարող եմ ղեկավարել»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել