HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուններին. օրակարգում վիզաների ազատականացման գործընթացն է

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։

Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է այցի պատմական նշանակությունը՝ փաստելով, որ սա ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարի առաջին այցն է Հայաստան։ Նախարարի խոսքով՝ այն լավագույնս վկայում է երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման և արձանագրված առաջընթացի մասին։

«ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային բարեփոխումների օրակարգին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված՝ ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։ Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին արդյունքներ գրանցելու նպատակով։

Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ, թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։

Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը՝ գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter