ՔՊ-ն ձախողված է համարում Գյումրիի կառավարումը
Գյումրի համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը երեկ՝ մարտի 11-ին անցավ լարված, վիճաբանության մթնոլորտում: Մինչև ներկայացված նախագծերին անդրադառնալը, «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց Գյումրու՝ հիմնանորոգման ենթակա փողոցների ճակատագրով: «Մենք անընդհատ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից փողոցների անմխիթար վիճակի հետ կապված ու նշեմ, որ արդարացի բողոքներ են: Հիմա, ուզում ենք իմանալ, թե երբ են սկսվելու փողոցների հիմնանորոգման աշխատանքները, երբ են մրցույթներ հայտարարվելու և քանի փողոցի համար, գումարի չափն էլ նշեք: Նաև հույս ունենք, որ մեկ կազմակերպություն չի շահի այդ մրցույթները»,-ասաց Կ. Գրիգորյանը:
«21 փողոց հիմնանորոգվելու է այս տարի»,- ներկաներին հուսադրեց Ավետիս Առաքելյանը: Նա հավաստիացրեց, որ 18 փողոցի կապիտալ շինարարության մրցույթներն արդեն հայտարարված են: Շինաշխատանքները կսկսվեն, երբ եղանակները թույլ տան: Հիմնանորոգման աշխատանքներն, ըստ Ավետիս Առաքելյանի, իրականացվելու են սուբվենցիոն ծրագրի շրջանակում, ծախսվելու է մոտ 3 մլրդ դրամ: Փոսային նորոգումների համար համայնքը նախատեսել է 240 մլն դրամ: Առաջնահերթությունը տրվելու է Անի, Մուշ և Բուլվարային թաղամասերին: Շիրակացի փողոցը ևս հիմնանորոգվելու է՝ հատկացվել է 1 մլրդ դրամ:
Հաջորդ հարցն ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Բեգզադյանը՝ ինչու՞ օրակարգում ընդգրկված չէ շների կացարանի նոր նախագիծը, ինչպես խոստացել էին ավագանու նախորդ նիստին: Հիշեցնենք, որ Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում կացարանի կառուցման ծրագիրը տապալելուց հետո Ավետիս Առաքելյանը հայտարարել էր, որ անկախ անցած տարվա ձախողումից, կացարան պարտադիր կառուցելու են։ Ավագանու այս նիստին Քաղաքաշինության բաժինը պետք է ներկայացներ կառույցի իրենց տարբերակը:
Պարզվեց, սակայն, որ մեկ ամսում ոչինչ չի արվել այս ուղղությամբ, և նախագծի ներկայացումը հետաձգվեց հաջորդ նիստին: Խոսելով ձախողված ծրագրից՝ Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ իրենց գործը մրցույթներ հայտարարելն է եղել՝ արել են, բայց թե ինչու ոչ մեկը չի դիմել, իշխող ուժը պետք է իր մեջ փնտրի:
«Ես չեմ հիշում մի դեպք, որ Կառավարության ֆինանսավորած ծրագրին հանկարծ մասնակից չլինի: Վստահաբար կարող եմ պնդել, որ անվստահությունը քաղաքապետարանի հանդեպ է: Չմոռանանք, որ պետությունը գումարի կեսն արդեն իսկ փոխանցել էր, իսկ թե ինչու ոչ մի շինարարական կազմակերպություն չի ուզել մասնակցել, ենթադրում ենք, որ հենց ձեզ չեն վստահել»,-հակադարձեց ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը:
Նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր Գյումրի համայնքի 2025թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատմանը: Նիստը նախագահողը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ իրենք քաղաքի կառավարման ղեկին եղել են ընդամենը 7 ամիս, սակայն բյուջեն կատարել են 95 տոկոսով, որը լավ ցուցանիշ է:
«Այդ դեպքում ներկայացրեք գոնե 3 գլոբալ ծրագիր, որ կարողացել եք անցած տարի անել,-առաջարկեց Քնարիկ Հարությունյանը,-դուք անընդհատ խոսում եք 2 մլրդ ազատ գումարների մասին, որը չի օգտագործվել, չեք ծախսել: Ի՞նչ ծրագրեր եք արել անցած տարի, որ նշված գումարներն էլ չեն ծախսվել: Իմ կարծիքով, սա խոսում է անհաջող կառավարման մասին: Եկեք խոստովանեք, որ դուք քաղաքի կառավարումը ձախողել եք»:
«Համաձայն չեմ,-հակադարձեց Ավետիս Առաքելյանը,-շատ աշխատանքներ են կատարվել: Ձախողումները միայն մեզանից չեն: Մրցույթների կազմակերպման վրա է շատ ժամանակ գնում: Հետո տարատեսակ գերատեսչություններով պտտվող թղթատարությունն է շատ խանգարում: Մարդիկ գալիս են, ուզում են ներդրում անեն, թղթաբանությունն էնքան է երկարում, որ ուղղակի զզվում, թողնում գնում են»:
ՔՊ խմբակցությունից Վահագն Մկրտչյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու 5 ամիս է չեն պատասխանում իր գրավոր հարցմանը՝ աղբի վերամշակման գործարանի մերժված ծրագրի վերաբերյալ: «Բանավոր ավագանու նիստերին հարցն ուղղեցի, ասեցիք՝ գրավոր դիմեք, կպատասխանենք: Հինգ ամիս է սպասում եմ, որ պատասխանեք, հասկանանք, թե ինչու չեք ընդառաջում գործարարին, որ պատրաստ է միլիոնների ներդրում անել: Բանավոր ինձ ասում եք՝ համայնքի օգտին չէ, ինչ-որ հարցեր կան, դե գոնե գրավոր պատասխանեք՝ հասկանանք ինչ պրոբլեմներ կան, ինչու նախորդ ավագանու կողմից հաստատված ծրագիրը գործողության մեջ չի դրվում»,-պնդեց Վ. Մկրտչյանը:
Ավագանու նիստին ներկայացված 23 հարցից 3-ը տարբեր պատճառաբանությամբ հանվեց օրակարգից: Դրանցից երկուսը վերաբերում էին «Մի Սար» կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպությանը և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելուն՝ համապատասխանաբար 350 հազար և 400 հազար դրամ: «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց նմանատիպ նախագծերն այլևս օրակարգ չբերել, հատկապես նրանք, որոնք հանձնաժողովում ստանում են բացասական եզրակացություն: Նա հիշեց, որ անցած տարի մի թատերախմբի էլ գումար հատկացրեցին, բայց այդպես էլ արդյունքը չտեսան:
«Հիմա մեզանից 350 հազար դրամ են ուզում, որ հարվածային գործիք գնեն: Ասեմ, որ նմանատիպ հարցերով պետք է դոնորների դիմել, ոչ թե քաղաքապետարանին, հատկապես, եթե համայնքային ենթակայության կառույց էլ չես,-նկատեց Ռուբեն Մխիթարյանը,-երեք տարվա կազմակերպություն է, բայց չունի սեփական տարածք և մինչև հիմա գործիք է հավաքում: Էդպես լինի, մի վեց նկարիչ կարող են մի կազմակերպություն հիմնեն, հետո գան համայնքից գումարներ խնդրեն, կամ մի երեք հոգի մեկ այլ տեսակի գրողների միություն ձևավորեն ու էլի որոշեն, որ իրենց համայնքը պիտի պահի: Ես նորից եմ առաջարկում տարանջատել դրամաշնորհների տրամադրման սկզբունքն ու կարգ սահմանել, որպեսզի խաբվածի զգացողություն չունենանք ամեն անգամ»:
Օրակարգի 10-րդ հարցը, որը ևս հանվեց օրակարգից, վերաբերում էր Գյումրու վեց բնակիչների սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելուն: «Ես ուսումնասիրել եմ դիմումատուների ցանկը ու պարզապես զարմացած եմ, որ, ասենք, Լեքսուս ՋԻԷՔՍ 460» դասի մեքենա ունեցող անձը, որը, կարծում եմ, քիչ գումար չի մուծել 90NX990 համարների համար, չի կարողանում մուծել 63.539 դրամը, կամ՝ Վարդան Աշոտի Մանուկյանը, ում մեքենան «Մերսեդես-բենս S600» է, կուտակել է 587.903 դրամ ու խնդրում է արտոնություն: Ցանկում ունենք «Շևրոլե քամարո» մակնիշի մեքենայատեր, որ չի վճարել 296.571 դրամ, «Ինֆինիտիի» տեր՝ պարտքի գումարը 242.630 դրամ: Էս վեց հոգուն որ արտոնություն սահմանենք, բյուջեն զրկվելու է 1մլն 452 հազար 517 դրամից»,- ասաց Քնարիկ Հարությունյանը:
Նա առաջարկեց մերժել դիմումատուներին, իսկ գանձված գումարն ուղղել համայնքապատկան մանկապարտեզների հոգսերը թեթևացնելուն: Առաջարկ եղավ նման դիմումներին ցուցաբերել առավել խիստ մոտեցում և համակողմանի ուսումնասիրություն անցկացնել մինչև որևէ մեկի պարտքը չեղարկելը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել