Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ և արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թ․-ի դեկտեմբերից ստեղծել և մինչև 2024 թ․-ի հոկտեմբերի 12-ը ղեկավարել են կայուն և միավորված հանցավոր կազմակերպություն։ Դրա մասնակիցների գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր ու հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել հանցանքների կատարման համար անհրաժեշտ համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով ու ծրագրային ապահովումներով։ Մեծաթիվ տուժողների գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար կիրառել կեղծ բովանդակությամբ համացանցային կայք, վարձակալել հարմարավետ գրասենյակային տարածքներ, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում ու ժամկետներով հավաքագրել և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 դրամ գումարի հափշտակություն կատարելու հանգամանքը։
Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող Ռ.Պ.-ն կալանավորվել է:
Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել