HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր զարգացումներ` Մասյացոտնի թեմի շուրջ․ եկեղեցին վիճարկում է հարկադիր կատարողի որոշումները

Մասյացոտնի թեմի առաջնորդի շուրջ ծագած իրավական վեճը նոր փուլ է մտել․ դատարանում վիճարկվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) որոշումները, որով պետական կառույցը փորձել է ապահովել Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) լիազորությունների իրականացումը։ Եկեղեցին, սակայն, պնդում է, որ հարկադիր կատարողը գերազանցել է իր լիազորությունները և միջամտել եկեղեցու ներքին կառավարմանը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀԿԱԾ դեմ երեք հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նրա որոշումները:

Հայցերից մեկով վիճարկվում է ՀԿԱԾ 2026թ. փետրվարի 18-ի որոշումը: Արման Սարոյանը, դիմելով Հարկադիր ծառայություն, հայտնել է, որ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, անտեսելով դատարանի միջանկյալ որոշումը, շարունակում է խոչընդոտներ ստեղծել Մասյացոտնի թեմի առաջնորդի գործունեության համար. շրջում է թեմի եկեղեցիներով, պատարագներ է մատուցում, հանդիպումներ կազմակերպում թեմական քահանաների և երիտասարդների հետ, ժողովներ անցկացնում: Ստեղծել է առաջնորդարան Մասիս համայնքի Դաշտավան վարչական շրջանում, բացել է ֆեյսբուքյան նոր էջ, տարածում են հայտարարություններ, խաթարում թեմի գործունեության բնականոն ընթացքը:

Բացի այդ, թեմի եկեղեցիներում վաճառվող ծիսական պարագաները՝ մոմ, խունկ, հոգևոր գրականություն, այլևս ձեռք չեն բերվում առաջնորդարանի պահեստից, թեմական եկեղեցիներում ապօրինի վաճառք է տեղի ունենում, որը բացասաբար է ազդում թեմի ֆինանսական գործունեության վրա՝ ստեղծելով անվերահսկելի վիճակ: Նշված պարագաներն ապօրինի կերպով են ձեռք բերվել Մայր Աթոռի համապատասխան պահեստներից՝ ֆինանսական և վարչական բաժինների տնօրենների թույլտվությամբ. այդպիսով Մայր Աթոռն իր հերթին աջակցել է Ռուբեն վարդապետ Զարգարյանին՝ խոչընդոտելու դատարանի որոշման իրագործմանը:

Հիշեցնենք՝ Արման Սարոյանը  2026թ. հունվարի 10-ին ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Հայցադիմում է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որպեսզի վերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում: Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (դատավոր Է. Հովհաննիսյան), որի շրջանակներում էլ հայցի ապահովման միջնորդություն է կայացվել և ուղարկվել հարկադիր կատարման:

ՀԿԱԾ որոշմամբ՝ արգելվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները: Դրանց թվում է նաև թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։

Դատարանի կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Ղարիբյանը 2026թ. հունվարի 16-ին հարուցել է կատարողական վարույթ: 3 օր անց կատարողական վարույթն ավարտվել է, սակայն հունվարի 20-ին Արման Սարոյանը դիմում է ներկայացրել Ծառայություն և խնդրել է վերսկսել կատարողական վարույթը: Նշել է, որ կարողանում է առանց խոչընդոտի պաշտոնավարել, սակայն չունի հասանելիություն Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվներին, չի կարողանում դրանք տնօրինել: Նույն օրը Հարկադիր ծառայությունը որոշել է ավարտված կատարողական վարույթը վերսկսել:

Եկեղեցին դատարանին հայտնել է, որ հարկադիր կատարողը կատարողական թերթի ծավալից դուրս պարտադրանք կիրառելու որոշում է կայացրել, ինչն օրենքի պահանջների խախտում է: Ըստ Մայր Աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի՝ հարկադիր կատարողը ֆեյսբուքյան էջի, քահանաների հետ հանդիպումների, կրոնական ծեսերի հետ կապված հարցերով կատարում է Արման Սարոյանի քմահաճությունները: Մինչդեռ նա վարձատրվում է պետական բյուջեի միջոցներից և իրավունք չունի պետության ողջ ռեսուրսներն օգտագործել ֆիզիկական անձի ցանկությունների իրագործման համար: Դատարանի կատարողական թերթով նման պահանջ դրված չէ: Հարկադիր կատարողը չի կարող մեկ անձի դիմումի հիման վրա նման իրավիճակ գնահատել: Հարկադիր կատարողը չէր կարող Արման Սարոյանի դիմումի հիման վրա, առանց ապացույցների, համարել, որ Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոչընդոտել է դատական ակտի կատարմանը:

Եկեղեցին պահանջել է օրենքի մի շարք դրույթների խախտմամբ կայացված ՀԿԱԾ որոշումը ճանաչել անվավեր: Հայցադիմումի հետ Ա. Զոհրաբյանը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ամբողջությամբ կասեցնելու հարկադիր կատարողի որոշումը, սակայն միջնորդությունը մերժել է:

Հայցերից մյուսը վերաբերում է Արման Սարոյանի 2026թ. հունվարի 23-ի դիմումին, որով նա Հարկադիր ծառայությանը խնդրել է ապահովել Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը: Այս անգամ դիմումում նշել է, որ թեմին պատկանող հաշվարկային հաշիվներով գործարքներ կատարելու սահմանափակում կա, ինչը խոչընդոտում է իր լիազորությունների իրականացմանը:

Հարկադիր ծառայության Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի պետ Ալիկ Հակոբյանը 2026թ. հունվարի 26-ին և 29-ին «Արարատբանկ» և «Արդշինբանկ» ընկերություններին գրություններ է ուղարկել՝ նշելով, որ «Եկեղեցին, ում անունից հանդես է գալիս Ծառայությունը, լիազորում է Արման Սարոյանին իրականացնելու թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը»:

«Արարատբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը Ալիկ Հակոբյանի գրությունների հիման վրա Արման Սարոյանին տվել են համապատասխան լիազորություններ: Հայցադիմումում նշված է, որ բաժանմունքի պետը չէր կարող հանդես գալ եկեղեցու անունից և գրություններ ուղարկել բանկերին։ Նման իրավունք ունի միայն հարկադիր կատարողը, իսկ բաժամունքի պետի եւ հարկադիր կատարողի լիազորությունները նույնը չեն։ Բացի այդ, «Արդշինբանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն եկեղեցու կոնտրագենտներն են (պայմանագրի կամ գործարքի մյուս կողմ), հետևաբար բաժանմունքի պետը իրավունք չուներ առանց որոշման, միայն գրություն ուղարկելով՝ պարտավորեցնել ընդունել «ապօրինի սահմանված լիազորությունները»: Հետևաբար, բաժանմունքի պետի գործողություններն իրավաչափ չեն:

Հաջորդ հիմնավորումն այն է, որ եկեղեցու պարագայում նույնիսկ հարկադիր կատարողը չի կարող գործել որպես վերջինիս ներկայացուցիչ: Եկեղեցին անջատված է պետությունից: Պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն:

Այս հայցի շրջանակում նույնպես ներկայացվել է հայցի ապահովման միջնորդություն, որպեսզի դատարանը կասեցնի կամ դադարեցնի Արման Սարոյանի՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անունից «Արդշինբանկ»-ում և «Արարատբանկ»-ում հանդես գալու լիազորությունը: Այս դեպքում ևս Վարչական դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառել:

ՀԿԱԾ դեմ երրորդ հայցը վերաբերում է վերաբացված կատարողական վարույթի հիմքում ընկած դիմումին: Ըստ եկեղեցու հիմնավորումների՝ հարկադիր կատարողը կարող էր վերսկսել կատարողական վարույթը, եթե պահանջատերը օրենքի պահանջներին համահունչ նոր դիմում ներկայացներ, հակառակ դեպքում պարտավոր է այն մերժել: Փաստաբան Արա Զոհրաբյանի  պնդմամբ, վարույթը վերսկսելու՝ հարկադիր կատարողի  որոշումն իրավաչափ չէ, քանի որ դիմումը թերի է, պարտադիր պայմանների խախտմամբ։ Հետևաբար, պետք է մերժվեր, ինչը չի արվել: Դիմումում չի նշվել ոչ կատարման ենթակա ակտը կայացրած դատարանի, ոչ էլ այդ ակտի կայացման օրը:

Դատարանի առաջիկա որոշումներով պետք է հստակեցվեն ոչ միայն կոնկրետ այս վեճի հանգուցալուծումը, այլև այն սահմանները, թե որքանով կարող են պետական կառույցները միջամտել եկեղեցու ներքին կառավարման հարցերին։

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Օհանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter