Նավթի գները կտրուկ աճել են
Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության սրման ֆոնին նավթի համաշխարհային գներն այսօր բարձրացել են ավելի քան 26%-ով։ Ինչպես հաղորդում է Forbes-ը, եթե Լոնդոնի ICE բորսայում ուրբաթ՝ մարտի 7-ին, Brent տեսակի նավթի ֆյուչերսները փակվել են մեկ բարելի դիմաց 92.69 դոլարով, ապա մարտի 9-ի առավոտյան հասել են 119.5 դոլարի։
Ժամեր անց, ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այն փոքր-ինչ իջել է, սակայն մնում է բարձր մակարդակում։
Վերջին անգամ նավթի բորսայական գները ավելի բարձր են եղել 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։
Նավթի գնի աճը կարող է հանգեցնել մանրածախ բենզինի գնի արագ աճի, որն արդեն իսկ երևում է։ Իրանի հետ ինը օրվա պատերազմը խաթարել է համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ը և այս թիվը շարունակում է աճել, հաղորդում է Axios-ը։
Կայքը նշում է, որ ամերիկացի ավտոմեքենաների սեփականատերերն արդեն զգում են նավթի գների աճի հետևանքները. բենզինը սկսել է թանկանալ։
Նավթի շուկայում ամենակարևոր գործոններից մեկը Հորմուզի նեղուցի փակման երկարատև ձգձգման մտավախություններն են։ Դա ստիպել է Մերձավոր Արևելքի խոշոր նավթարտադրողներին կրճատել են մատակարարումները։
Այս նեղուցը ընկած է Օմանի և Իրանի միջև։ Համաշխարհային տնտեսության համար Հորմուզի նեղուցը կարևորագույն զարկերակներից է՝ նավթի և հեղուկ գազի տեղափոխման համար։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։
Մարտի 4-ի առավոտյան, Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է նեղուցը, և դրանով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է ենթարկվել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ նավթի գների աճը կարճաժամկետ է, արագ կմարի, երբ վերացվի իրանական միջուկային սպառնալիքը։ Թրամփն այս թանկացումը որակել է որպես շատ փոքր գին ԱՄՆ-ում և աշխարհում անվտանգության և խաղաղության համար։
Նավթի մատակարարումների խափանումների հետ մեկտեղ փորձագետները քննարկում են համաշխարհային տնտեսական անկման ռիսկերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել