«Լիբանանը հայտնվել է տարածաշրջանային պատերազմի ամենաթեժ կետերից մեկում»
Մերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարավում, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսին, բախումներ են: Կոնֆլիկտի աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Լիբանանի կենտրոնական շրջաններ, մասնավորապես՝ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններ: ԱԹՍ-ների, հրթիռակոծության, ռմբակոծության ձայները լսվում են նաեւ հայաշատ բնակավայրերում, որոնք առայժմ հեռու են բախումների վայրերից:
Երկրում ներքին տեղահանվածների հոսք է սկսվել դեպի համեմատաբար անվտանգ վայրեր: Երկուշաբթի օրվանից փակվել են դպրոցները, պետական որոշ դպրոցներ վերածվել են տեղահանվածների համար ժամանակավոր կացարանների:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում պատմել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա դիտարկմամբ՝ Լիբանանը պատերազմի ամենաթեժ կետերից մեկն է տարածաշրջանում: «Այս վերջին բռնկումներից առաջ Իսրայելը սպառնացել էր, որ եթե «Հեզբոլլահը» հարձակումներ իրականացնի, անպայման շատ խիստ պատասխան կստանա ոչ միայն իր կենտրոններին ու դիրքերին, այլ նաեւ լիբանանյան ենթակառուցվածքներին, նույնիսկ նշել էր Բեյրութի օդանավակայանը: Հատկապես հարավային շրջաններում սաստիկ բախումներ են, նաեւ՝ Բեյրութի հարավային արվարձաններում: Աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Բեքաայի, Բաալբեքի շրջաններ, որտեղ «Հեզբոլլահի» կենտրոններ կան»,- ասում է Շահան Գանտահարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Իսրայելը կոչ էր արել Բեյրութի հարավային արվարձանների բնակչությանը հեռանալ, ինչից հետո հրթիռակոծել է բնակավայրերը: Դրանք շարունակվում են մինչ օրս:
«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ խափանվել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը: Թռիչքները դեպի արաբական երկրներ առկախվել են, արտերկրյա ավիաընկերությունները չեղարկել են դեպի Լիբանան չվերթերը: Ըստ Շ. Գանտահարյանի՝ միայն լիբանանյան Middle East Airlines-ն է թռիչքներ կատարում մի քանի ուղղությամբ: Իսկ օրեր առաջ միայն դեպի Կիպրոս ուղղությունն էր գործում:
«Հիմնական խնդիրը, որ Իսրայելն առաջադրել է, ոչ միայն «Հեզբոլլահի» դիրքերի հետքաշումն է կամ զինաթափումը, այլեւ անվտանգության գոտու ստեղծումը,- ասում է «Ազդակի» գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ նման գոտի ստեղծելու Իսրայելի ծրագիրը, որը ներառում է մի քանի կետ, փորձ է արվում կյանքի կոչել ներխուժման միջոցով:- Այս ամենը հանգեցնում է գաղթականների մեծ ալիքների, որոնք լքում են իրենց շրջանները, բնակավայրերն ու տները եւ փոխադրվում համեմատաբար ոչ բախումային գոտիներ»,- նշում է մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ չնայած քրիստոնեական շրջանները հեռու են կոնֆլիկտի գոտիներից, Լիբանանում առկա ընդհանուր անորոշությունն ու անհեռանկարային վիճակն ազդում են մարդկանց վրա: Ներքին տեղահանվածների մեծ հոսքը դեպի համեմատաբար անվտանգ շրջաններ, Գանտահարյանի փոխանցմամբ, հագնեցնելու է սոցիալական ու տնտեսական խնդիրների:
Առաջին լուսանկարում՝ Բեյրութի Նահատակների հրապարակը, լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել