Հայաստան-Իրան սահման, Մեղրիի անցակետ (լուսանկարներ)
Առաջին բանը, որ անում են Իրանից ցամաքային սահմանով Մեղրիի անցակետը հատած քաղաքացիները, ինտերնետին միանալն է, որպեսզի իմանան իրենց երկրում տեղի ունեցող պատերազմական վիճակի մասին ու կապ հաստատեն հարազատների և ծանոթների հետ։
Փետրվարի 28-ին սկսած Իսրայել-Իրան հակամարտությունից հետո օդային ճանապարհը փակ է։ Մեղրիի անցակետում, սակայն, Իրանից դուրս եկողների հոսքը մեծ չէ՝ օրվա կտրվածքով՝ մի քանի տասնյակ։
«Հետք»-ը երկու օր հետևում էր իրավիճակին անցակետում։ Որոշ քաղաքացիներ դուրս են գալիս Իրանի Իսլամական Հանրապետությունից անվտանգության նկատառումներով՝ անորոշ ժամանակով Հայաստանում անցկացնելու նպատակով, որոշները Հայաստանից են գնում Իրան՝ ընտանիքների մոտ լինելու համար։ Հետագայի մասին պատկերացում չունեն, թե ուր են գնալու. միգուցե մի երրորդ երկիր, կամ հետ՝ հայրենիք, երբ իրավիճակը հանդարտվի ու կայունանա։ Եկացողները մայրաքաղաք Թեհրանից են, Սպահանից, Թավրիզից, այլ քաղաքներից։ Բացի իրանցիներից կան նաև այլազգիներ՝ չինացիներ, հնդիկներ, ռուսաստանցիներ, աֆրիկացիներ, ովքեր աշխատանքի բերումով կամ որպես զբոսաշրջիկ գտնվել են Իրանում։
Հայկական անցակետով հիմնականում բեռնատար մեքենաներ են անցնում. և՛ Իրանից Հայաստան, և՛ հակառակը։ Մարդատար մեքենաների հոսքը շատ ավելի քիչ է։ Պատճառները տարբեր են․ ճանապարհները վտանգավոր են, շատերը, անվտանգությունից ելնելով, տեղափոխվում են այլ բնակավայրեր Իրանի մեջ, սակայն դուրս չեն գալիս երկրի տարածքից։
Պատերազմի և դրա հետևանքների մասին իրանցիները տեսախցիկնեերի առաջ շատ չեն խոսում, միայն հույս են հայտնում, որ ամեն ինչ շուտափույթ ավարտվի և խաղաղություն հաստատվի իրենց հայրենիքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել