Հայկական Մելպոմենայի տաճարի չքնաղագույն և արևահամ դիցուհին. Արուս Ոսկանեան (մաս 1)
Արո՛ւս, սոնետ ես դու
Հագնում էր կիմոնոն, սեղանին շարում իր ծննդավայր Կոստանդնուպոլսի պատկերներով բացիկները, իր մասին նոր լույս տեսած թատերախոսականները և հոդվածները, որոնց մեջ հատկապես առանձնացնում էր Ռուբեն Մամուլեանի գրածը, և սկսվում էր թեյախմությունը իր հյուրերի հետ: Ժամանակին լավագույն հյուրերը Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, գրականագետներ Տիգրան Հախումեանը և Հայկ Գյուլիքևխեանն էին: Արուսը և Եղիշեն շատ մտերիմ էին: Հոգևոր առումով նրանց կապն անդավաճան էր և ճակատագրական...: Ստալինյան բռնատիրության տարիներին, երբ ընկած էին պոետի ետևից, Արուսը իր զգեստապահարանի խորքում թաքցրեց Չարենցի ձեռագիր մասունքները՝ իրեն ձոնած անտիպ բանաստեղծությունների ընծայագրով տետրակը՝ «Նվիրում եմ իրեն՝ Արուսին՝ նրա հանճարով և հրով ներշնչված այս պոեմը, հայկական Մելպոմենայի տաճարի չքնաղագույն և արևահամ դիցուհու-նոյն Արուսի մասին». Գրեց Նայիրյան պոետ Չարենց Յեղիշէ մեղապարտ դպիր քերթողական Արվեստի»: Տետրակի վերին անկյունում Վահան Տերեանի խոսքերն էին՝ «Չկա քեզնից գերիչ յերազ, քո անունից անուշ անուն...»:
Անշուշտ Մելպոմենայի տաճարը թատրոնն էր, որտեղ Արուսը դիցուհի էր՝ դրամատիկ կերպարների փայլուն դերակատար: Չարենցը խնդրեց նրան այդ տետրակը ոչ մեկին թույլ չտալ արտագրելու, քանի հրատարակված չէ, «...Իսկ տպագրության իրավունքը պատկանում է միայն անձամբ քեզ՝ եթե ես ներկա չլինեմ...»: Բայց Չարենցը, այս ձոն-տետրակից բացի, էլի տողեր ուներ Արուսի համար՝ «Յոթ պոեմ (ինտիմ) Արուսին»՝ գրված 1936-ի ամառային գիշերներում:
Դու - բոդլերյան պոեմ,-
Արո՛ւս սոնետ ես դու
Մարդու համար արդի։-
Թույլ տուր քնքուշ շոյեմ
Շրթունքներով իմ թույլ
Թավշե թերթերը քո
Կոնքերը վարդի․․․
Երևան, 1937թ., Նոյեմբեր 27, գիշեր. Հանրապետության փողոց, 62 շենք
Մինչ այդ՝ 1935-ին, Չարենցին զրպարտությամբ հեռացրել էին Գրողների միությունից և հրատարակչությունից:
Պետությունն՝ ամբողջ իր ապարատով
Ելել է ահա… մի պոետի դեմ,-
Էլ ինչպես ես ինձ ահով չդիտեմ
Ու չհիանամ իմ «բիրտ» սֆաթով,-
Եվ… զարհուրելի իմ ուժով հպարտ,-
Չբացականչեմ՝ «-Հերո՜ս եմ ու մարդ»:

Նրա հետ կատարվող դեպքերը անասելի ցավ էին պատճառում Արուսին: Բացառված չէ, որ ինքն էլ էր լրտեսների և մատնիչների նշանառության տակ՝ իբրև Չարենցի, դերասան Մկրտիչ Ջանանի, Վահան Թոթովենցի լավ բարեկամ: Խոսակցություններ կան, թե 1943-ի ամռանը վրա հասած Արուսի մահը, այդքան էլ բնական չի եղել: Դա՝ հետո: Համենայնդեպս՝ չնայած վտանգին, նա Չարենցին չթողեց անօգնական և չխուսափեց նրա հետ շփումից: Գրականության և արվեստի թանգարանում, Արուսի թղթածրարի մեջ Չարենցի գրած ռուսերեն մի նամակ կա՝ հասցեագրված գրող Տիցիան Տաբիձեին: Արուսը այն պետք է հասցներ Թիֆլիս: 1935թ փետրվար 28 -ով թվագրված նամակում, Չարենցը նկարագրում էր իր շան օրից էլ ծանր նյութական վիճակը՝ ‘’хуже собачьего’’ և խնդրում Արուսի միջոցով, համաձայն պայմանագրի, իրեն ուղարկել «Յերկիր Նայիրի»-ի թարգմանության համար՝ իրեն հասանելիք հոնորարը, գոնե մի մասը: Չարենցի մահվան օր, Արուսը մղձավանջային գիշեր անցկացրեց Հանրապետության փողոցի 62 շենքի իր բնակարանում: Պոետի հզոր տողերի ընթերցում՝ նկարի մոտ վառվող մոմի առջև, սեղմված կոկորդ, անկառավարելի արցունքներ... Այդպես նա կատարեց, իր բնորոշմամբ,«հայ ժողովրդի Վահագն»-ի՝ ի՛ր Չարենցի հոգու խաղաղության ծեսը և անիծեց «շան որդի» Ստալինին, որ կործանեց հանճարեղ պոետին:
Շքեղ լանջաբացով կինը
Պատմում են, թե մինչ Արուսը, Երևանը այսպիսի շքեղ decollete՝ պարանոց, ճերմակ ուսեր և ավելի վար, չէր տեսել: Այդ լանջաբացը՝ վրան թափվող ոսկեծամով և իր ձայնը՝ «ասես բարակ աղբյուրի անուշ մի կարկաչ», խանգարել էր Առաջին պետական թատրոնի, և ոչ միայն, տղամարդկանց քունը՝ Վաղարշ Վաղարշեանից մինչև Արմեն Գուլակեան...: « ...Հեռանում եմ Երևանից երկար ժամանակով, ես չեմ կարող հետս տանել իմ կարօտը: Ես յայտնում եմ այն Ձեզ (որ տեղ բացուի նոր կարօտի համար): Գնում եմ Մօսկվա. Արուսի պատկերը միշտ կը մնայ ինձ հետ մինչեւ որ, մինչեւ որ...՝ Արուսի երիտասարդ սիրահար. 1921թ. օգոստոս 24»՝ դերասանուհու թղթածրարի մեջ պահվում է Գուլակեանի գրած այս նամակը: Այնպես որ, Ալ. Շիրվանզադեն միանգամայն ճիշտ էր, երբ դեռ 1914-ին հարցրեց Արուսին, արդյոք այդպե՞ս է, որ «...տղամարդկանց սրտերից մանյակ եք շինում և Ձեր վզին կախում»:

... ծնվել ենք իրար և բեմը սիրելու համար
Բայց դերասաններից Արուսին սիրահարված էր նախ Վահրամ Փափազեանը՝ Պոլսի իրենց բակի այդ չարուկ տղան, որը միևնույն ժամանակ եղբոր՝ Վահրամի դասընկերն էր Վենետիկի Մուրադ Ռափայելեան վարժարանում: Գերված Արուսյակ Դարպասեանով, բեմ բարձրանալու նրա համարձակ ցանկությամբ, Միլանի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց հետո Պոլիս վերադարձած Փափազեանը, նրան առաջարկեց դա անել միասին, ստանձնել Յագոյի կնոջ՝ Էմիլիայի դերը «Օթելլո» ներկայացման մեջ, որ պատրաստվում էր բեմադրել Սկյուտարում՝ գուցե հոգու խորքում հույս փայփայելով, թե այդ «միասինը» կվերաբերի նաև այլ հարցերի: Վահրամը «սպառնաց»՝ եթե Արուսյակի հետ բեմ չբարձրանա, ապա կկործանվի իր ապագան: Մինչդեռ Արուսյակի փեսացուն էլ հայտարարեց, թե կչեղարկի ամուսնությունը, եթե նա բեմ ելնի: «...եթէ Արուսեակի նշանածը անոր բեմ դուրս գալուն դէմ առարկութիւններ պիտի ընէ, ապա այդպիսի ամուսին Արուսեակին պէտք չէ...»՝ որոշեց Վահրամը՝ երևի թաքուն մտածելով, թե իր առջև նոր հնարավորություններ կբացվեն նրան հասնելու: «Երկուսս էլ ծնվել ենք իրար և բեմը սիրելու համար»՝ համոզված էր Վ.Փափազեանը: Բայց նա տեղյակ չէր, թե ինչ էր որոշված Դարպասեանների ընտանեկան ժողովում:
Անօգուտ փախուստ սիրահարված Փափազեանից
Մորական գերդաստանում դեռ 1860-ականներից 2 ոչ այնքան բարեհաջող թատերական փորձառություն էր եղել: Մոր մորաքույրը և մեկ ուրիշ ազգականուհի արդեն բարձրացել էին բեմ և շատ բան չէին շահել կյանքում: Այնպես որ Արուսյակի մայրը՝ Արաքսյան, աղջկան փախցրեց Բուլղարիա՝ Ֆիլիպե, իր մորաքրոջ՝ նախկին դերասանուհու մոտ՝ հեռու բեմից և հեռու Վահրամ Փափազեանից: Սիրահարված Վահրամից եկած նամակները այդպես էլ մայրը չփոխանցեց իր աղջկան: Բայց կյանքը ամեն բան իր տեղը գցեց: Թատրոնից հեռացնելու բոլոր ջանքերը ապարդյուն անցան, թեև ինչ-որ առումով ստացվեց հեռացնել սիրահարված Վ.Փափազեանից: Բայց միևնույն է՝ նրանց մտերմությունը հետո շարունակվեց. միասին խաղացին բեմում, ունեցան համատեղ հիշողությունները: Եվ ամեն մեկը գնաց անձնական կյանքի ի՛ր ճանապարհով: Հետո նրանց թատերական ուղին հատվեց Երևանում՝ Առաջին պետական թատրոնում, որ հետո կրեց Սունդուկեանի անունը: «..աղւորս. Շատ հօգնել եմ տրամադրութիւնս լաւ չէ, առողջութիւնս նոյնպէս...»՝ արևմտահայերենի և արևելահայերենի չքնաղ խառնուրդ իր յուրահատուկ լեզվով՝ երբեմն համեմված ֆրանսերենով նամակները էին հասնում Արուսին՝ հյուրախաղերով այսուայն քաղաք մեկնած Փափազեանից:
Երթաս բարով...
Ամեն բան փոխվեց, երբ Պոլիս եկավ Աբելեան-Արմենեան թատերախումբը: Արուսյակը, որ մինչ այդ դիտել էր իտալական, ֆրանսական հունական թատերախմբերի ելույթները, վայելել էր Սառա Բեռնարի, բայց առավել սիրել Սյուզան Դեպրեի խաղը, հիացավ Կովկասից եկած այս դերասաններով: Մայրն այլևս կասեցնել չէր կարող աղջկան, մանավանդ որ Աբելեանը նրա մեջ տաղանդ էր տեսել և վճռական էր իր թատերախմբի հետ Կովկաս տանելու, իսկ դերասաններից Հովսեփ Ոսկանեանը սիրահարվել էր նրան: Գրիգոր Զոհրապը, որի մոտ Արուսյակը խորհրդի էր գնացել, թատերական ապագայի մասին ասել էր՝ թե փշոտ վարդ է, որ առանց ձեռքերդ արյունոտելու քաղել չես կարող, բայց եթե «կորով ունիս՝ երթա՛ս բարով»: Իր ուսուցչուհի Սիպիլն էլ ներկայացրել էր դերասանի թափառական կյանքի դժվարությունները, բայցև ասել՝ եթե կարող ես հաղթահարել, ապա մի վարանիր, գնա՛ առաջ: Եվ այսպես, Արուսյակը Աբելեան-Արմենեան թատերախմբով թողեց Պոլիսը և նավով մեկնեց, մեծ հաշվով, անհայտություն՝ նոր մարտահրավերներին ընդառաջ:

Հրաժեշտ Պոլսին
Պոլսում մնացին Կարինի Սանասարեան վարժարանն ավարտած հոր՝ Տիգրանի և նրանից 15 տարով փոքր՝ Սամաթիայի թաղական վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի եղած մոր՝ Արաքսյայի սիրահարության պատմությունը, 1889-ի նոր տոմարով Մայիս 10-ին իր ծնունդը, 8 ամսականից առաջին ինքնուրույն քայլերի անասելի հրճվանքը, հետո եղբայրների՝ Վահրամի և Վազգենի լույս աշխարհ գալը: Տղաների ծնունդը ավելի խտացրեց իր հանդեպ ծնողների խանդաղատանքը՝ տան միակ աղջիկը լինելու պարագայով: Կյանքում առաջին մեծ դրաման, որի պատկերային հիշողությունը այդպես էլ չխամրեց, այն օրն էր, երբ հայրը շնչակտուր եկավ մանկապարտեզ՝ իրեն տուն տանելու: Փողոցներում արյան գետեր էին հոսում, աղմուկ էր, իրարանցում: Հասան տուն, մայրը կողպեց դուռը, քողարկեց պատուհանները վարագույրներով... Հետո իմացավ՝ համիդյան կոտորածներն էին: Անցյալում մնացին նաև Էսայեան վարժարանում, École Française -ում ուսումը, գրաբարի փայլուն ուսուցիչ Հակոբ Գուրգենի և Զապել Խանջեանի՝ Սիպիլի մասին հուշերը:Համիդի տարիներին դպրոցներում արգելված էր գրականություն առարկան, բայց Էսայեան վարժարանի փառահեղ ուսուցչուհի Սիպիլը Սիպիլ չէր լինի, եթե չխախտեր Բ. Դռան հիմար և վտանգավոր հրամանները և իր սաների առջև չբացեր գրականության աշխարհը: Իսկ «շաքար պատրիա՜րքը». Ամեն անգամ, երբ Մաղաքիա Օրմանեանը Էսայեան վարժարան՝ սաներին հանդիպելու էր գալիս՝ անուշեղենով էր բեռնված: Աշակերտուհիները նրա անունը կնքել էին «շաքար պատրիարք»: 1904-ին օրիորդ Դարպասեանը ավարտական վկայականը ստացավ անձամբ այս անուշ հոգևորականի ձեռքից: Հիշողությունները շատ էին... Միով բանիվ՝ Պոլսից հեռացավ Արուսյակ Դարպասեանը, իսկ Կովկաս հասավ Արուս Ոսկանեանը:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել