Ազգային ժողովն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թ. գործունեությանը
Ազգային ժողովի հերթական նիստում անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեությանը։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն կատարել է հաշվետու ժամանակահատվածի համար իր առջեւ դրված խնդիրները, կազմակերպել եւ իրականացրել է օրենքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննություն: Կառույցը պայմաններ է ապահովել նոր ձեւավորված իրավապահ մարմնի գործունեության համար, միջոցառումներ ձեռնարկել գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ծառայողների կազմակերպաիրավական, սոցիալական երաշխիքներն ապահովելու, քննչական աշխատանքներում նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաեւ տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը կատարելագործելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է կառույցի թափանցիկ գործունեությանն ուղղված դրական քայլերը, կառուցվածքային բարեփոխումները, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները:
2025 թվականի ընթացքում կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը: Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել: 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով:
2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք եւս: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ:
Արթուր Նահապետյանը ներկայացրել է նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում իրականացվող մի շարք այլ միջոցառումներ:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հաղորդման մեջ տեղ գտած քրեական վարույթներին, ոչ արդարացման հիմքով կարճված վարույթներին, ծանր եւ առանձնապես ծանր ենթադրյալ հանցագործությունների դեպքերին, կառույցի որոշ գործառույթների հստակեցմանը, մարզային տարածքային ստորաբաժանումների ձեւավորմանը, ընտրական, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործընթացին եւ այլ խնդիրների:
Կառույցի ղեկավարը մանրամասնել է օտարված մի շարք հողամասերին ու գույքերին վերաբերող քրեական վարույթները, նշել, որ մի շարք դեպքերում օրենքի խախտմամբ օտարում է իրականացվել: «Այս մասով քննությունը նոր փուլ է մտնում: Առաջիկայում իրավական գնահատականներ կտանք տվյալ հողամասերը ժամանակին օտարած պաշտոնյաների գործողություններին: Իրավական գործընթաց կսկսվի, եւ հանրությունը պատշաճ կիրազեկվի»,- նշել է Արթուր Նահապետյանը:
Կոմիտեի նախագահի խոսքով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար չկան նախկին եւ ներկա պաշտոնյաներ: «Կա հստակ ընթացակարգ, կա քրեական դատավարություն եւ համապատասխան հաղորդումների հիման վրա քննվել են քրեական վարույթներ, այդ թվում՝ նախկին տարիներին նախաձեռնված, որոնք հասել են իրենց տրամաբանական ավարտին»,- ընդգծել է զեկուցողը:
Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 5-ի նիստում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տե՛ս նաև․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել