HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

140 մլն եվրո՝ ջրային համակարգի արդիականացմանը. ԱԺ-ն քննարկում է նոր վարկային համաձայնագիրը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի տեղեկացմամբ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին: Համաձայնագրով բանկը համաձայնում է  Հայաստանի Հանրապետությանը  տրամադրել 70 մլն 400 հազար եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից՝ 70 մլն եվրո գումարի չափով:

Զեկուցողի խոսքով ծրագիրը բազմափուլ է: Առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար: Նախատեսվում է նաեւ ծրագրի երկրորդ փուլ: Առաջին փուլի համար նախատեսվում է 180 մլն դոլարի, իսկ երկրորդ փուլի համար՝ մոտ 250 մլն դոլարի չափով գումար:

Ծրագիրն ուղղված է լինելու ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման արդիականացմանն ու բարելավմանը Հայաստանի ընտրված տարածքներում: Այն բաղկացած է լինելու 4 բաղադրիչից՝  ջրային ոլորտի բարեփոխում եւ կլիմայադիմացկուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ  ջրահեռացման բարելավում,  ոռոգման ենթակառուցվածքների եւ համակարգերի կառավարման արդիականացում եւ  ծրագրի կառավարում:

Վարկի ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը 10 տարի է: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով,  առաջին մարումը նախատեսված է 2035 թվականի հուլիսի 15-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի հունվարի 15-ին:

Արամազդ Ղալամքարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրանջատումներին, ջրի կորուստներին գյուղական եւ քաղաքային  բնակավայրերում, ոռոգման ջրին, Սեւանա լճի մակարդակին, ջրի խողովակների մաշվածությանը, որոշ բնակավայրերում ջրի բացակայությանը, ոլորտում կապիտալ ներդրումներին եւ այլ խնդիրների:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Կարապետյանը:

Լուսանկարում՝ Արամազդ Ղալամքարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter