HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիան» Օմանի տարածքով էվակուացնում է ՀՀ քաղաքացիներին

Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-FOE) այսօր Երեւանից թռել է Օմանի մայրաքաղաք Մասկատ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի հետեւանքով Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Պարսից ծոցի երկրներում ստեղծված պայմաններում երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ ԱՄԷ-ից դեպի Հայաստան թռիչքների չեղարկման հետեւանքով ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Օմանի միջոցով, այսինքն՝ ԱՄԷ-ից ցամաքով մեկնել հարեւան Օման, իսկ հետո օդային ուղով հասնել Հայաստան: 

«ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաեւ թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին եւ տարեց անձանց»,- հայտարարել էր ԱԳՆ-ն կցելով հայտ լրացնելու հղումը։

«Ֆլայուան Արմենիայի» Երեւան-Մասկատ հատուկ չվերթը (չվերթի համարը՝ 3F 7777) բավական երկար է տեւել՝ շուրջ 6 ժամ: Իրանի, Իրաքի ու Պարսից ծոցի մյուս երկրների փակ օդային սահմանների պայմաններում EK-FOE-ն ստիպված է եղել շրջանցել տարածաշրջանը՝ անցնելով Հայաստան-Թուրքիա-Կիպրոս-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Օման երթուղով: Ըստ թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքի՝ 13:51-ին Երեւանից մեկնած օդանավը Մասկատ է հասել Երեւանի ժամանակով 19:42-ին: 

Այս պահին, ըստ flightradar24.com-ի, EK-FOE-ն դեռ Մասկատում է:

Առաջին լուսանկարում՝ Մասկատի միջազգային օդանավակայանը, 2020 թ. (Ank Kumar/commons.wikimedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter