HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դրամփյանների ժառանգներից խլված շենքի պատկանելությունը կրկին վիճարկվում է դատարանում

Գյումրու պատմական թաղամասի ճարտարապետական ինքնատիպ նմուշներից մեկը՝ 1897 թվականին կառուցված Դրամփյանների տունը, կրկին դատական վեճի առարկա է դարձել: 

2024թ.-ին Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը Գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել՝ պահանջելով ուսումնասիրել երկու քաղաքապետերի կառավարման տարիներին (2003-2018թթ.) օտարված 24 անուն գույքի (որից 22-ը՝ Վարդան Ղուկասյանի և 2-ը՝ Սամվել Բալասանյանի) օտարման իրավաչափությունն ու համայնքին վերադարձնելու հնարավորությունը: 24 անուն գույքի ցանկում է Աբովյան 262 շենքը: Վարչական դատարանը գործը վարույթ է ընդունել 2024թ.-ի օգոստոսի 5-ին:

Աբովյան 262 հասցեում գտնվող շենքը պատկանել է Ալեքսանդրապոլում հայտնի Դրամփյանների տոհմից Լևոն Դրամփյանին: Ունեցել է 22 սենյակ՝ մառաններով եւ ձիանոցով: Գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի: Ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող այս շենքը 1920 թ.-ին հանձնվել է ժողդատարանին, իսկ երկրաշարժից հետո այստեղ գործել է մարզի Ընդհանուր իրավասության դատարանը: Լևոն Դրամփյանին է պատկանել նաև Աբովյան (Ալեքսանդրովսկի) փողոցի 260 համարի շենքը` բաղկացած 25 սենյակից, արժեքը` 52 հազար ռուբլի: Այդ շենքը սկզբում հատկացվել է  «Ամերկոմին», հետո` 4-րդ դպրոցին: Ներկայում այդ շենքում գործում է Գյումրու թիվ 2 երաժշտական դպրոցը: 

Լևոն և Աստղիկ Դրամփյանները սեփական զավակներ չեն ունեցել, սակայն որդեգրել և մեծացրել են Լիանային ու Հասմիկին` նրանց տալով իրենց ազգանունը: Երկրաշարժից հետո՝ 1993թ.-ին, երկու քույրերը որոշում են խորհրդային տարիներին պապից խլված սեփականությունը վերադարձնել դատական կարգով: Ախուրյանի շրջանի ժողովրդական դատարանը 1993թ.-ի սեպտեմբերի 3-ին քննության առնելով Լիանա եւ Հասմիկ Դրամփյանների հայցն ընդդեմ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Գյումրի քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոցի և Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի ժողդատարանի` ժառանգական շենքերը ապօրինի տիրապետումից և օգտագործումից հետ պահանջելու, հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու պահանջի մասին, հայցը բավարարել է՝ վճռելով վերականգնել բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը:

Վճիռը չի բողոքարկվել և 10 օր անց՝ սեպտեմբերի 13-ին մտել է ուժի մեջ: Վճռի և Գյումրու քաղխորհրդի գործկոմի 1988թ. հոկտեմբերի 11-ի թիվ 21 որոշման համաձայն՝ նշված շենքերի նկատմամբ սեփականության հայցվորների իրավունքը տեխնիկական գույքագրման վարչության բյուրոյում գրանցվել է 22.03.94թ.-ին: 1996թ.-ի դեկտեմբերին հայցվորներին հրավիրել են Արթիկի շրջանի ժողդատարան՝ նույն գործը քննելու: Գործի երկրորդ քննությունը հայցվորների օգտին չի եղել: 

Լևոն Դրամփյանին պատկանած այս կառույցներին, նրանց հետ կապված դատական գործերին, Աբովյան 262 հասցեից ժառանգների աղմկահարույց վտարումներին «Հետքն» անդրադարձել է 2010թ.-ին: Ուսումնասիրությամբ պարզել էինք, որ համայնքային նշանակության Աբովյան 262 հասցեի շենքն, իրոք, վաճառվել է՝ 53.389.747 դրամ կադաստրային արժեքով: Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի Գյումրիի տարածքային ստորաբաժանումից ստացած պաշտոնական գրությունով շենքի վաճառքը հիմնավորվել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության, գնորդները Համլետ Ռոբերտի Գրիգորյան եւ Լիանա Պետրոսի Հակոբյան ամուսնական զույգն էր: Գույքը ձեռք էր բերվել որպես համատեղ սեփականություն: 

15 տարի առաջ նման անուն ազգանունով միլիոնատեր զույգի Գյումրիում հնարավոր չեղավ հայտնաբերել։ Փոխարենը «Սլաբոդկա» թաղամասի բնակիչներից եղան հավաստիացումներ, որ շենքի իրական սեփականատերերը քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա որդին են՝ Սպարտակ Ղուկասյանը: Ասում էին, որ շենքը ձեռք է բերվել հյուրանոցի վերածելու մտադրությամբ: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Հետքը» 2010թ.-ի հուլիսի 9-ին պաշտոնական գրությամբ դիմել էր Գյումրու քաղաքապետարան՝ 5 ամիս շարունակ ոչ մի տեսակի պատասխան չստանալով ՝ոչ գրավոր, ոչ բանավոր, ոչ դրական, ոչ բացասական: 2010թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը վարույթ էր ընդունել «Հետաքննող լրագողներ» հասարակական կազմակերպության` տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: 

Մինչև հայցի՝ դատական կարգով քննությունը, «Հետքը» Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի անունից ստացել էր  լղոզված մի պատասխան, որով փորձ էր արվում շենքի վաճառքի և սեփականատերերի հետ կապված հարցումները վերագրել լրագրողական կազմակերպության երևակայությանը: 2011թ.-ին Վարչական դատարանի Գյումրու նստավայրում քննվող գործը՝ դատավոր Էդիկ Նահապետյանի նախագահությամբ, չվճռվեց հօգուտ «Հետաքննող լրագողներ» հասարակական կազմակերպության:  Նիստերի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցչին՝ Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի այն ժամանակվա պետ Արա Սարգսյանը խորհուրդ էր տալիս «հեռու մնալ քաղաքապետից», ուղարկված պաշտոնական հարցումը համարում «քիթը խոթել ուրիշի անձնական կյանք», իսկ դատարան դիմելը՝ լրատվամիջոցի հեղինակության բարձրացմանը միտված շոու:

Անցել է 15 տարի, և միաժամանակ երկու ՝Հակակոռուպցիոն և Վարչական դատարաններում քննվող գործերի շրջանակում փողերի լվացման և եկամուտներն օրինականացնելու, ինչպես նաև մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի համար մեղադրվող Գյումրու նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանն այլևս չի ժխտում, որ Դրամփյանների տունն իրեն է պատկանում: 2025թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Մերի Մոսինյանի նախագահությամբ ընթացած դատական նիստի ժամանակ, Աբովյան 262/1 շենքի օտարման հետ կապված Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ Գյումրիում առկա է 1780 հուշարձան՝ բաց երկնքի տակ: Ինքը, երբ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը 1999թ.-ին, նպատակ է ունեցել այդ ամբողջը պահպանել: «Այսօր ինչ որ պահպանված է, իմ օրոք է պահպանվել: Պետության կողմից և նախկինում, և ներկայում ոչ մի լումա չի դրվել հուշարձանների պահպանության համար»,-հայտարարել է Վ. Ղուկասյանը՝ հավելելով, որ նշված կառույցը Կառավարության կողմից օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում առկա չէ:

Կռվախնձոր դարձած Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը 2010թ.-ի փետրվարին արված լուսանկարում ուներ այսպիսի տեսք:

2026թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ կառույցի տեսքն այսպիսին է՝ նոր պատուհաններ, հավելյալ ձեղնահարկային կառույց տանիքին, սենյակների վերանորոգում: Առայժմ պահպանված է մուտքի դռան հին տարբերակը, պատշգամբը ևս չի փոփոխվել: Ենթադրվում է, որ կատարվել է շենքի ներքին և արտաքին տեսքի մասնակի նորոգում, քանի որ այն չի շահագործվում: 

Դրա փոխարեն, հուշարձան համարվող կառույցին կից՝ Ղուկասյանները կառուցել ու մի քանի տարի է շահագործում են ավտոսպասարկման օբյեկտ: 

Տարիներ առաջ շենքի պատկանելությունը խնամքով թաքցնող սեփականատերերը վերջին տարում այդ մասին թմբկահարում են հրապարակային՝ շնորհակալություն հայտնելով իրենք իրենց: Պատշգամբից կախված մեծ պաստառի վրա կարելի է կարդալ հետևյալ նախադասությունը. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղուկասյանների ընտանիքին՝ շենքը փլուզումից փրկելու համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter