Ռուբեն Սաֆրաստյան. «Պետք է շատ զգոն ու պատրաստ լինել բոլոր տեսակի զարգացումներին»
Փետրվարի 26-ին Ժնեւում տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցություններից երկու օր անց՝ այսօր, Իսրայելն ու ԱՄՆ-ն ավիահարվածներ են սկսել հասցնել Իրանին:
ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով բանակցություններին եւ հարցին, թե արդյոք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն չկար, ելնելով ընդհանուր լարվածությունից, նշում է, որ մի քանի հանգամանք պետք է հաշվի առնել:
Նախ՝ մինչեւ բանակցությունները ԱՄՆ-ն աննախադեպ հզոր զինված ուժեր էր կենտրոնացրել Իրանի շուրջ, ինչը, ըստ մեր զրուցակցի, նախկինում որեւէ երկրի դեմ չէր եղել: Երկրորդ հագամանքն այդ պայմաններում բանակցություններ վարելն է:
«Պատկերացնում եք, չէ՞, Իրանի համար ինչ է նշանակում բանակցություններ վարել այդ պայմաններում: Ըստ էության, ամերիկյան կողմը բանակցությունները վարում էր ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ վերջնագիր էին ներկայացնում Իրանին (որքանով կարող եմ դատել, իհարկե, գաղտնի մանրամասներին տեղյակ չլինելով, հրապարակյին ելույթներից, մասնավորապես՝ ամերիկյան ղեկավարների տարբեր ելույթներից): Եվ այս պայմաններում Իրանը հնարավորինս փորձում էր, դիվանագիտական մեթոդներ կիրառելով, խուսափել այդ ամեն ինչի հետեւանքներից, այսինքն՝ լրիվ զիջումների չէր գնում»,- ասում է ակադեմիկոս Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ եթե Իրանն բանակցություններում համաձայներ ամերիկյան կողմի բոլոր պահանջների կատարմանը, ապա դա կնշանակեր, որ Իրանի վերջին տարիների քաղաքականությունը զինված ուժերում, միջուկային ծրագրում ներդրված մեծագույն ջանքերը ջուրն է ընկնում: Եվ դրանից ելնելով՝ Իրանը փորձում էր չենթարկվել վերջնագրին՝ դիվանագիտական մեթոդներով հնարավորինս փորձելով ձգձգել բանակցությունները:
«Կարծում եմ՝ առաջին հարվածի նպատակն է գլխատել Իրանի ղեկավարությանը: Չեմ բացառում, որ հետագայում կլինեն ավելի լայնածավալ հարձակումներ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, եւ նույնիսկ չեմ բացառում, որ ամերիկացիները կարող են իրենց իրական ուժերն սկսեն կիրառել՝ ծանր ինքնաթիռների, օդուժի միջոցով զանգվածային հարվածներ հասցնել Իրանին, ինչը կարող է բերել ավերածությունների այդ երկրում»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի դեմ սկսած ռազմական գործողությունները տեւելու են մի քանի օր: Իրանն իր հերթին ավիահարվածներ է հասցնում Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Հարցին, թե արդյոք այս անկայունությունը կարող է տարածվել աշխարհագրորեն, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է, որ դա չի բացառում, ամբողջ ռեգիոնը կարող է դառնալ անկայուն, իսկ ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է տարածվել: Նրա դիտարկմամբ՝ դրա նախանշաններն արդեն տեսանելի են արաբական մի շարք երկրներում: Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ տեղի է ունենում հակամարտության ռեգիոնալիզացիա, ինչը շատ վտանգավոր է:
Իսրայելական կողմի հայտարարության վերաբերյալ, թե ռազմական գործողությունը մի քանի օր կտեւի, Սաֆրաստյանը նշում է, որ այն կարող է ավելի երկար տեւել՝ հաշվի առնելով Իրանի հակահարվածները:
«Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել այն ամենակարեւոր մոտեցմամբ (Թրամփն էլ մի քանի ժամ առաջ հայտարարեց այդ մասին), որ սա ռազմական գործողություն է, որի նպատակն է փոխել Իրանի կառավարությունը: Դրա համար կշարունակվեն ավիահարվածներն ու երկար կտեւեն»,- ասում է արեւելագետը:
Իսկ թե այս իրավիճակն ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ Իրանը մեր հարեւանն է, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է. «Իրանը մեր անմիջական հարեւանն ու բարեկամ երկիրն է: Մեզ համար շատ կարեւոր են այն կոմունիկացիաները, որոնք Իրանի ու Հայաստանի միջեւ են, այն ճանապարհը, որ կա երկու երկրների միջեւ»:
Եթե իրավիճակը մնա նույնը, ըստ ակադեմիկոսի, ամերիկյան կողմն, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կանի՝ Իրանի ներսում իշխանության դեմ ապստամբություն նախապատրաստելու համար: Նկատում է, որ Իսրայելի վարչապետը Իրանի էթնիկ խմբերին կոչ է արել պայքարել իշխանության դեմ:
«Եթե այս ամեն ինչը տեղի ունենա, կարծում եմ՝ այս անգամ հնարավորությունները մեծ են, որ մեր ճանապարհն Իրանի հետ փակվի, եւ դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար»,- ասում է Սաֆրաստյանը:
Մյուս հանգամանքն այն է, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի փախստականների մեծ հոսքի Իրանից դեպի Հայաստան: «Դա կարող է առաջացնել անկայունություն մեզ համար, եւ պետք է շատ զգոն ու պատրաստ լինել բոլոր տեսակի զարգացումներին»,- եզրափակում է արեւելագետը:
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել