Դրամփյանների տոհմին պատկանող ևս մեկ կառույց սպասում է «փրկության» իր հերթին
Գյումրու Շիրազի (նախկին Գորկու 30) փողոցում գտնվող ալեքպոլցի մեծահարուստ Դրամփյանների տոհմին պատկանող ևս մեկ կառույց 30 տարի սպասում է «փրկության»: Արտաքուստ ամուր թվացող շինությունը 4-րդ կարգի վթարայնություն ունի: Անցած տարիներին ոչ ամրակայման, ոչ վերականգնման աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվել:
19-րդ դարավերջին Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից տեղափոխված և Ալեքսանդրապոլում հաստատված Դրամփյանների գերդաստանը (Նիկողայոս, Արտաշես, Գասպար, Լեւոն եղբայրները) համարվում էր մեծ կարողության տեր: Բացի քաղաքում կառուցած շահութաբեր տները վարձակալությամբ հանձնելուց, Դրամփյանները զբաղվում էին նաև հողագործությամբ եւ բանջարաբուծությայմբ: Տոհմում քիչ չէին նաեւ վաճառականները։
Ըստ ավանդության՝ գերդաստանի անունը կապված է մի եկեղեցու հետ, որի կառուցման համար Դրամփյանները սեղանին «դրըմփացրել են» մի խոշոր գումար՝ ոսկով: Ազգանվան ծագման մեկ այլ բացատրություն էլ կա, ըստ որի՝ գերդաստանի մեծերը զբաղվել են դրամափոխությամբ, ինչն էլ առիթ է տվել ձևավորելու գերդաստանի անունը:
Դրամփյանների մեկ այլ բարեգործության մասին տեղեկանում ենք ՀՀ պետական ազգային արխիվում պահպանվող մի փաստաթղթից: Այն Արտաշես և Գասպար Դրամփյան եղբայրների դիմումն է քաղաքապետարանին` հողահատկացման վերաբերյալ: Վերջիններս խնդրում են իրենց տրամադրել Բեյբութովսկի (ներկայիս Գորկի) և Միխայլովսկի (ներկայիս Վարպետաց) փողոցների անկյունում գտնվող առանձնատանը կից համայնքային նշանակության հողատարածքը:
Դիմումում նշվում է հետևյալ պատճառաբանությունը՝ քանի որ 1892թ.-ին, նախկին գավառապետ Բուտկևիչի պահանջով, իրենք ստիպված են եղել Միխայլովսկի փողոցի կողմից կրճատել տան շինարարության ծավալները` կապված փողոցաշինության հետ, որպես փոխհատուցում ցանկանում են 1 քմ-ը 3 ռուբլի վճարային արժեքով ձեռք բերել տան արևմտյան կողմում գտնվող մոտ 51 քմ ազատ տարածքը: Իրենց պահանջը Դրամփյանները հիմնավորել են նրանով, որ ժամանակին սեփական միջոցներով ստորգետնյա ջրահեռացման ուղի են կառուցել, որպեսզի Սուրբ Նշան եկեղեցու հիմքերը հարևանությամբ հոսող Գյումրի գետակի ջրերը չվնասեն: Մի բան, որ պիտի անեին քաղաքային իշխանությունները։ Բացի դրանից, կատարելով Բուտկևիչի պահանջը՝ 200 ռուբլու վնաս են կրել:
Այս հարցով Դրամփյանները երեք խնդրագիր են ուղարկել քաղաքապետարան: Ու քանի որ մեկ այլ հայտնի տոհմից Կոստանով եղբայրները ևս աչք են ունեցել այդ տարածքի վրա, եղել է մշտական վեճ երկու տոհմերի միջև: Հողահատկացումը կատարվել է դիմելուց երկու տարի անց միայն: Դրամփյան եղբայրներին, նկատի ունենալով քաղաքի համար կատարած նրանց բարեգործությունը (1000 ռուբլի՝ ջրանցքի համար), որոշվում է հատկացնել 31,03 քմ՝ 1 քմ-ը 3 ռուբլի պայմանով: Նույն պայմաններով էլ 17,04 քմ տրամադրվել է Կոստանովներին, քանզի վերջիններիս պնդումները, որ իրենք ևս մասնակցել են ջրանցքի կառուցմանը, ունեցել են վճռորոշ դերակատարում հողահատկացման գործում:
Տեղեկություններ չեն պահպանել, թե ինչ նպատակով են Դրամփյաններն օգտագործել առանձնատանը կից՝ հավելյալ 31 քմ տարածքը։ Ամենայն հավանականությամբ, այն ներառվել է բակային տարածքի մեջ: Երկհարկանի կառույցը, որն այն ժամանակ գնահատվել է 72 հազար ռուբլի, ունեցել է 37 սենյակ և տրվել է վարձակալությամբ: Խորհրդային կարգերի հաստատումից և հարուստների ունեզրկումից հետո այս շենքում տեղավորվել է «Չեկան» (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ), հետագայում մի մասը դարձել է բնակելի, իսկ նկուղային հատվածում գործել էր «Գյումրի» ռեստորանը, որի պատերից մեկին կարելի է տեսնել ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի որմնաքանդակը:
1990թ.-ին ռեստորանային հատվածի սեփականատեր Հրաչյա Խալաթյանը գնել է տարածքը: Երկրորդ հարկը, որն առանց տանիքի է, 2006թ.-ին աճուրդով վաճառվել է Երևանի բնակիչ Սվետլանա Վերդոյանին: Առանձնատան մեկ հարկանի հատվածը (434,02 քմ), որը համայնքային սեփականություն է, 2014թ.-ի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Գյումրու քաղաքապետարանը (քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան) 30 տարով անհատույց (մշտական) օգտագործման էր տրամադրել «Գյումրու ընկերներ» մշակութային հիմնադրամին՝ շենքը ամրակայելու, վերականգնելու և մշակութային նպատակներով օգտագործելու համար:
Այս տարիների ընթացքում շինության տարբեր հատվածների սեփականատերերից ոչ մեկը, քաղաքապետարանի հետ ունեցած տարբեր խնդիրների պատճառով, չի կարողացել ոչ պահպանության, ոչ վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք իրականացնել: Սվետլանա Վերդոյանին, օրինակ, Գյումրու քաղաքապետարանը պարտավորեցրել էր վճարել շենքի՝ տարիներով կուտակված գույքահարկը, գործը քննվել էր դատարանում և 2017թ.-ին պարզվել, որ 4-րդ կարգի վթարայնության շենքն, ըստ օրենքի, չի կարող գույքահարկ ունենալ՝ այն 0 դրամ է:
2013-2015թթ.-ի ընթացքում «Գյումրու ընկերներ» մշակութային հիմնադրամը կարողացել է նորոգման որոշ աշխատանքներ կատարել: Հիմնադրամի տնօրեն Լուսինե Ղազարյանի փոխանցմամբ, Վարդգես Սամսոնյանի քաղաքապետ եղած ժամանակ իրենց առաջարկվել է վերադարձնել տարածքը, լուծել պայմանագիրը: «Իրենք ինչ-որ գնորդ էին գտել և ուզում էին աճուրդով վաճառել,-ասում է «Գյումրու ընկերներ» մշակութային հիմնադրամի տնօրեն Լուսինե Ղազարյանը,-մենք բավական գումար ենք ծախսել մասնակի վերանորոգման վրա՝ շենքի հիմքերը խոնավ էին, պատուհաններն ենք փոխել, դռները, հատակը: Հետո, երբ առաջարկ եղավ վերադարձնել տարածքը, որովհետև գնորդ ունեն, համաձայնել ենք, քանի որ վաճառքից հետո պետք է մեր արած ծախսերը փոխհատուցվեին»:
Տարածքն առ այսօր չի վաճառվել, թեպետ աճուրդ կազմակերպվել է: Դրա փոխարեն հիմնադրամը 2025թ.-ի դեկտեմբերի 12-ին նամակ է ստացել Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինող Ավետիս Առաքելյանից, որ «Գյումրու ընկերներ» մշակութային հիմնադրամի կողմից անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները 2024 և 2025թթ-ին չեն կատարվել: Քաղաքապետարանը պահանջում է վճարել 293.490 դրամ, որից ապառքը կազմում է 250.665 դրամ: «Մենք անգամ բանալին ենք հանձնել՝ տարածքն այլևս մերը չէ, բայց թե ինչու ենք նման պահանջագիր ստացել, անհասկանալի է,-նկատում է Լուսինե Ղազարյանը,-մինչև անցած տարվա դեկտեմբերը, փաստորեն, համոզված ենք եղել, որ Գյումրու քաղաքապետարանն է մեզ պարտք ու համբերատար սպասում էինք, թե երբ է, ի վերջո, հայտնվելու նոր սեփականատերը, որ մեր գումարներն էլ մեզ վերադարձնեն»:
Այս խճճված պատմության վրա կարող էր լույս սփռել քաղաքի երկարամյա ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, սակայն նա անազատության մեջ է: Կալանավորվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ 2025թ.-ի հոկտեմբերի 21-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Ի դեպ, 2023թ.-ին Հենրիկ Գասպարյանը հայտարարում էր, որ Դրամփյանների տոհմին պատկանող կառույցը գնելու է սիրիահայ մի բարերար, որի անունը գաղտնի էր պահում: Նաև նշել էր, որ շենքը վերցվել է մյուս սեփականատերերից: Մեկ տարի անց իր այդ հայտարարությունը ճարտարապետը հաստատել էր՝ հայտնելով, թե վերականգնման նախագիծը պատրաստ է: Սակայն իրականությունն այն է, որ կառույցում որևէ գործողություն չի իրականացվել, ու այս շինությունն էլ, «Օժիտի» շենքի նման, քայքայվում է ներսից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել