HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրաքննության նոր գործիքակա՞զմ, թե ներքաղաքական կյանքին միջամտելու արգելք. օրենքի նախագիծ՝ ԱԺ ընտրություններից առաջ

2026-ի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ուժեղացնում է տեղեկատվական անվտանգության սահմանները։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված մեդիային վերաբերող օրենսդրական փոփոխություններն իշխանությունները ներկայացնում են որպես օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից պաշտպանության մեխանիզմի ներդնում։ Ընդդիմությունն այլ վտանգներ է տեսնում՝ գրաքննություն է իրականացվելու։

2025թ. փետրվարի 13-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Մի շարք այլ կարգավորումներից բացի, նպատակ է դրվել կանխել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. հուլիսի 16-ին։ Կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել առանձին կարգավորումներ: Բացի այդ, կարիք կա ներմուծել նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու, երկրի տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։

Գործող օրենքում նախատեսված են տեսալսողական հաղորդումների ընթացքում բովանդակության չարաշահման արգելքներ: Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առկա արգելքները պատշաճ հստակությամբ չեն սահմանում, թե կոնկրետ որ տեսակի բովանդակությունն է որակվում որպես իրավախախտում։ Դա դժվարացնում է թե՛ տեսալսողական մեդիա արտադրանք մատուցող անձանց իրավաչափ վարքի ձևավորումը, և թե՛ կարգավորող պետական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացումը։

Տեսալսողական մեդիայի բնագավառի գործող օրենսդրությունը կարգավորող պետական մարմնին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին (ՀՌՀ) չի ապահովում անհրաժեշտ գործիքակազմով՝ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության և քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար: Կարգավորումից գրեթե դուրս են մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը։

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումը՝ տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքին վերաբերող դրույթներում որոշակիություն մտցնելու նպատակով։ Այս ձևակերպմամբ նախատեսվում է նաև, որ կարգավորող մարմնի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք՝ օրինախախտումների ճանաչման և գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող, ցանցային օպերատոր և դիստրիբյուտոր անձանց համար ապահովվում է իրավական որոշակիություն՝ թույլատրելի և արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ։

«Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:

Նախագծով նաև սահմանվել են ցանցային օպերատորին տրված լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերն ու դրանց կիրառման մեխանիզմները: Մ. Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող բոլոր կարգավորումները վերցված են դեռևս 2010թ.-ից Եվրոպական միության համապատասխան` տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող դիրեկտիվներից:

Նախարարի ներկայացմամբ, փոփոխությունների նպատակներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքները հնարավորինս նվազեցնելն է։ Մասնավորապես՝ տեսալսողական մեդիա բնագավառը «պաշտպանված չէ» օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից: Հենց այս հարցի շուրջ են բախվում ընդդիմության և իշխանության տեսակետները։

Նախագծով արգելվում է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը, բռնություն, դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, պոռնկագրություն, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը և այլն:

Արգելվում է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում, Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պետք է դիմի իրավասու մարմիններին։

Ինչ դիրքորոշումներ ունեն պատգամավորները

Նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով նախարար Հայրապետյանին, ասաց, որ Deutsche Welle-ն  «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում տարիներ շարունակ ամենօրյա լուրերի ռուսերեն թողարկում է ունեցել։ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին տևական ժամանակ դադարեցրել են հեռարձակումը՝ հաշվի առնելով ապատեղեկատվության վտանգը: Սակայն, այս նախագծով առաջարկվող ձևակերպումը «շատ հեղհեղուկ» է։

«Միջամտությունը ի՞նչ էր նշանակում։ Դիցուք, Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, «Եվրանյուզը» և ենթադրենք «Վեստին» լուսաբանում են։ Բնականաբար, ընդդիմության հանրահավաք է, ընդդիմադիր գործիչների ելույթները էդ ռեպորտաժում ավելի շատ են։ Դա համարո՞ւմ ենք միջամտություն։ «Եվրանյուզը», կրկնում եմ՝ ինչի եմ ասում «Եվրանյուզ», որովհետև «Եվրանյուզ»-ի հետ մենք ունեցել ենք շատ դժվարին հարաբերություններ Հայաստանում, որովհետև «Եվրանյուզ»-ում մասնաբաժին ուներ Թուրքիան, և տևական ժամանակ հակահայաստանյան նաև ռեպորտաժներ, տեսանյութեր են գնացել։ Վերջին շրջանում, ի դեպ, ևս։ Միջամտությունը ո՞րն եք համարելու, կոչ, ենթադրենք, քաղաքական իրականությունը փոխելու, իշխանություն փոխելու, թե՞ ուղղակի Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության լուսաբանումը»,-հարցրեց Գեղամ Մանուկյանը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ, իր կարծիքով, Կառավարությունը որևէ հեռուստահաղորդման կամ ծրագրի գնահատական տալու իրավունք չունի։ Այսինքն` Կառավարությունը չէ այն սուբյեկտը, որ պիտի գնահատական տա՝ միջամտություն է, թե միջամտություն չէ։ Դրա համար կա հստակ տարանջատված մարմին՝ նկատի ունենալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Գեղամ Մանուկյանը հակադարձեց նախարարին: Ըստ նրա՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, որով աջակցություն է հայտնել Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, եթե քննարկվի Հանձնաժողովում՝ միջամտությո՞ւն է, թե՝ չէ: Հաշվի առնելով, որ «ՀՌՀ-ում ճաշակով մարդիկ են նստած», օրինակ՝ Հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը կհամարի, որ Ֆիդանի հայտարարությունը միջամտություն չէ։

«Բայց էն Սոլովյովը, որ հերթական անգամ էշ-էշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է։ Այսինքն` դրա համար եմ ասում, շատ սուբյեկտիվ է ձևակերպումը, և էդ սուբյեկտիվությունը, որը տրվում է ՀՌՀ-ին, ըստ ճաշակի և քիմքի է լինելու՝ որը համարեք միջամտություն, որը չհամարեք միջամտություն: Արդյունքում դրա համար է հասարակության մեջ անհանգստություն, որ էս նախագիծը էս պահին գալիս է ընտրությունների ժամանակ ևս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»,-նշեց  Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի մտահոգությանն ի պատասխան՝ նախարար Հայրապետյանը նշեց, որ օրենքում կարելի է ամրագրել գնահատման չափանիշների ցանկ, օրինակ՝ բովանդակության նպատակային լսարանը՝ արդյոք ՀՀ քաղաքացիներն են, հաղորդման ժամանակացույցը՝ արդյոք դրանք ընտրություններից առաջ են, ճգնաժամի պահին են հնչեցվել, օգտագործվող լեզուները, ֆինանսավորման և խմբագրական վերահսկողության աղբյուրը, հաղորդման կրկնվող և համակարգված բնույթը և այլն։

Նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար «ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակություն» արտահայտությունը չափազանց անորոշ է, նա առաջարկեց դա նախագծից հանել: Պատգամավորի հաջորդ մտահոգությունը վերաբերում էր քրեական ենթամշակույթին: Օրինակ՝ նախագծով արգելվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը։

«Սա նշանակում է՝ «Կնքահայր» ֆիլմը չպիտի՞ հեռարձակվի այսուհետ որևէ հեռուստաալիքով, և եթե օտարերկրյա հեռարձակում է տեղի ունենում, ապա պետք է դադարեցնե՞լ»,-հարցրեց Արծվիկ Մինասյանը։

Նախարար Հայրապետյանը չընդունեց միջամտության դրույթը նախագծից հանելու առաջարկը: Ինչ վերաբերում է ֆիլմի ցուցադրությանը, ըստ նախարարի՝ «Կնքահայր» լեգենդար ֆիլմն այս կարգավորման տակ չի ընկնում, բայց մի շարք դետալներ կան, որոնք մասնագիտական, փորձագիտական կարծիքի դաշտում են, սակայն օրենքը չպետք է դետալների մեջ այդ աստիճան խորանա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի դիտարկմամբ, նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վրա հավելյալ մշտադիտարկման պարտավորություն դնելու մասին է: Հետևաբար, հավելյալ ծանրաբեռնվածություն, ռեսուրսներ, մարդկանց կամ գործիքների ներգրավմամբ պետք է իրականացվի, որովհետև մի քանի անգամ ավելանում է այն ծավալը, որը պետք է մշտադիտարկեն հանձնաժողովի աշխատակիցները։

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, հակառակը՝ ՀՌՀ-ին տրվում է ճնշման նոր գործիք: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը։ Մինչդեռ նախագծով նրան գրաքննության նոր գործիք է տրվում:

Առաջիկայում նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter