Շաղիկ․ բնության տարերքի հետ ապրող գյուղը (ֆոտոպատմություն)
Պատկերացրեք մի փոքրիկ բնակավայր, որտեղ բոլորը, անկախ կրթությունից, սեռից ու նույնիսկ տարիքից, նույն զբաղվածությունն ունեն։ Հայաստանի հյուսիսարևմտյան ամենահեռու գյուղում՝ Շաղիկում, 5 ընտանիք է ապրում, որոնք բոլորը զբաղվում են անանսպահությամբ։
Շաղիկը Շիրակի մարզում է՝ Արփի լճի ափին, մեր Հանրապետության ամենահեռավոր և ցուրտ գյուղերից մեկն է․ գտնվում է Թուրքիայի սահմանից 1 կմ և Վրաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա։
Սամվելը գյուղի հնաբնակներից է, Ջավախքից է տեղափոխվել Շաղիկ։
Շաղիկում տարվա կեսից ավելին ցրտաշունչ ձմեռ է։ Մեր նկարահանող խումբն առաջին անգամ էր այստեղ, Գյումրիից մինչև Շաղիկ տաքսին չհասավ․ մեքենայի ճանապարհն ինչ-որ կետից ուղղակի վերջացավ, գիշերվա ձնաբքից հետո այն փակվել էր նույնիսկ ամենագնացների համար։
Հարևան Ծաղկուտ գյուղից ոտքով հասանք սկզբում Գառնառիճ, ապա Շաղիկ։
Չալոն մեզ միացավ Ծաղկուտում և ուղեկցեց մինչև վերջ։
Փչողը
Ճանապարհը բացող հատուկ տեխնիկան գրեթե ամեն օր է աշխատում՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու համար․ գյուղացիները հեռվից լսվող մեքենայի շարժիչի ձայնից հասկանում են թե այդ պահին որ տեսակի ձյուն մաքրող տեխնիկան է Ամասիայից գալիս գյուղ․ տեխնիկաներից մեկին գյուղացիները կարճ ասում են «փչողը»։
Փոքրաթիվ բնակչությամբ գյուղը բոլոր գյուղերի պես արթնանում է վաղ առավոտյան՝ անասունների կերի ժամին։
Չալոյին դիմավորում է Բարբուսը, որը հետո մեզ ամենուր ուղեկցելու է գյուղում։
Մինչ կանայք զբաղված են նախաճաշի պատրաստությամբ, մեկ բաժակ քաղցր սուրճ խմելուց հետո (այստեղ սուրճը միայն քաղցր են խմում) տան տղամարդիկ գնում են գոմ՝ անասուններին կերակրելու, տակը մաքրելու և ջրելու։
Այստեղ ջրելը նշանակում է ոչ թե կենդանիներին լողացնել, այլ գոմից հանել դուրս՝ ջուր խմելու։
Արթուրը բոլոր կովերին ու ցուլիկներին անուններով գիտի։
«Պայքար, ուր էլ ուզում ես գնա, գնա լուսնի վրա, գնա էն լավ լավ տեղերը, գնա Դուբայ, աշխատես պիտի»,- ասում է Արթուրը։
Երվանդը
Գյուղում օրվա ցանկացած ժամի, որ ճանապարհով էլ գնաս, քիչ անց Երվանդը կհայտնվի դիմացդ։ Նա մի գոմից շտապում է մյուսը՝ խնամելով համագյուղացու անասունները, իր գործի վարպետն է, ոչ միայն բոլոր անասունների անունները գիտի, այլ, թվում է, գիտի նույնիսկ բնավորությունները։ Հպարտությամբ ցույց է տալիս տասնյակ կովերի մեջից միակ կովին, որն իրենն է՝ բարեգործությամբ է ստացել։ Ֆերմերությամբ սկսել է զբաղվել առաջին իսկ օրվանից, երբ տարիներ առաջ Շաղիկ է տեղափոխվել Գյումրիից։ Երվանդի ընտանիքն ամենաբազմանդամն է գյուղում։ Ապրում է կնոջ և 4 երեխաների հետ, ովքեր օգնում են ծնողներին տնտեսության մեջ։
Բացի տեղական սորտերից, Շաղիկում կան նաև ազնվացեղ տեսակներ, օրինակ, այս անգուսները։
Ծեր հսկան՝ Բարբուսը
Բաժանվելը
Շիրակի բնորոշ արտահայտություններից ևս մի հետաքրքիր բառ կա, որը կարող է բացասական հնչողություն ունենալ, եթե չգիտես կիրառության իմաստը համատեքստում։ Տներից մեկում ամուսիններն ուրախությամբ պատմում էին, որ իրենց երեխաներից երկուսն այժմ Գյումրիում են ապրում, բաժանվել են։ Միայն ճշտող հարցից հետո պարզ դարձավ որ բաժանվելն այս դեպքում նշանակում է ամուսնանալուց հետո ծնողներից առանձնանալ։ Գործընկերոջս՝ Ֆրունզի համար, ով նույպես Շիրակի մարզից է, Արթուրի և Աննայի համար, ովքեր մեզ հյուրընկալել էին, ոչ մի տարօրինակ բան չկար այդ բառի մեջ, զարմացած ինձ էին նայում, երբ դեմքս խոժոռեցի այդ արտահայտությունը լսելիս։
Ֆրունզը՝ գյուղի մասին ռեպորտաժ պատրաստելիս։
Գյուղի դպրոցում մեկ աշակերտ է սովորում, որն այս տարի կավարտի, և դպրոցը առժամանակ կփակվի։
Շաղիկի եկեղեցին։
Թիփի
Ամենաշատ գործածվող բառը որ լսեցինք, թիփի բառն էր, որը նշանակում է ձնաբուք։ Երբ թիփի է սկսվում, բնությունը սկսում է իր տարերքի մեջ հայտնվել, թվում է՝ ձյունե սիմֆոնիա է գյուղում, ձյունը վազում է, քամու տակ պար է գալիս, մի պահ հանդարտվում, էլի թափ հավաքում ու շարունակում իր ցրտաշունչ մեղեդին։
Նկարահանումների ընթացքում մեզ այս տունն էին տրամադրել գիշերակացի համար։ Մինչև սովորեցինք ճիշտ վառել վառարանը, որ ծուխը ներս չլցվի, վերադառնալու ժամանակն էր։
Ընդամենը երկու-երեք օր գյուղում մնալուց այնպես սովորեցինք սաստիկ ցրտին ու իրար փոխարինող ձնաբքին ու կարճ ժամանակով հայտնվող արևին, որ արդեն չէինք ուզում գնալ գյուղից։
Վերադառնում ենք Գյումրի։ Սամվելը հարևան Գառանռիճ գյուղից է, որի Նիվան այս տարածքներում ամենահայտնի ամենագնացն է։ Ցանկացած եղանակի, եթե ճանապարհը փակ չէ, ապահով ու արագ տեղ է հասցնում։
Այն, ինչ մեզ համար էքստրեմալ, ինչ-որ տեղ արկածային աշխատանքային օրեր էին, գյուղի բնակիչների համար ամենօրյա փորձություններ են, որոնք հաղթահարելու համար պահանջվում է ջանասիրություն, հոգատարություն միմյանց հանդեպ ու հավատ՝ ավելի լավ ապագայի, որովհետև կյանքն այստեղ մշտապես կապված է ներկայի հետ։ Գյուղը, կարծես ձուլված է եղանակի, բնության սրտխփոցի հետ, իսկ բնությունն այլ ժամանակ չունի՝ բացի անժամանակ ներկայից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել