Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում՝ մոծակի խայթոցից։ Այս պահին հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։
Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են «Չիկունգունիա տենդի» բռնկումներ։
Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
* օգտագործել հակամիջատային ցանցեր
* կրել փակ, երկարաճիտք հագուստ
* օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր
Հիշեցում ճանապարհորդներին
Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի։
լուսանկարը՝ wikipedia.org-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել