HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2024 թվականին ամեն օր քաղցկեղից մահացել է 14 մարդ 

Երբ ամեն առավոտ փորձում ենք տեղավորվել Երևանի ծանրաբեռնված ավտոբուսներում, դժվար թե մտածենք, որ մեր կողքին նստած մարդը կարող է քաղցկեղ ունենալ։ 2025 թվականին հրապարակված տվյալներով՝ անկախացումից ի վեր ամեն տարի քաղցկեղի նոր հայտնաբերվող դեպքերը երկու անգամ աճել են։ Նույն տվյալների համաձայն, Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ։ 

Առողջության և առողջապահության ինստիտուտի չարորակ նորագոյացությունների 2025 թվականի վիճակագրական տարեգրքում ներկայացված տվյալները փաստում են քաղցկեղի հիվանդացության և 2024 թվականի տարեվերջին հաշվառման մեջ գտնվող բուժառուների թվի շարունակական և մտահոգիչ աճի մասին։ 

Ինչքան է աճել քաղցկեղով ապրողների թիվը 

Եթե մոտ 35 տարի առաջ՝ 1990 թվականի տարեվերջին, ՀՀ-ում հաշվառված է եղել ընդհանուր 20 929 բուժառու, ապա 2024 թվականին այս թիվը հասել է 70 961-ի՝ ավելանալով մոտ 3,3 անգամ։ Այս թիվը գրեթե հավասար է Կապան ու Հրազդան քաղաքների ողջ բնակչության թվին: 

Միջինացված ու ավելի հստակ տվյալներով, եթե 1990-ի տարեվերջին 100 000 մարդուց 588-ի մոտ կար քաղցկեղ, 2024-ի տարեվերջին այս թիվը հասել էր 2 306-ի։ Հիմնվելով այս տվյալների վրա՝ պարզում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր 43-րդի մոտ կա քաղցկեղ։ 

Այս տվյալները վկայում են ինչպես հիվանդացության աճի մասին, այնպես էլ ախտորոշումից հետո բուժառուների ավելի երկար ապրելու, այսինքն՝ բժշկության առաջընթացի մասին։ 

Յուրաքանչյուր 50 րոպեն մեկ քաղցկեղի նոր դեպք է գրանցվում

Զգալի աճ է գրանցվել նաև կյանքում առաջին անգամ հաստատված քաղցկեղի դեպքերում։ Մինչև 2000 թվականը և 2000-ականների սկիզբը կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումների թիվը տատանվում էր 4500-5000-ի սահմանում։ 2024 թվականին նոր հաստատված դեպքերի քանակը մոտ երկու անգամ գերազանցել է այս թիվը՝ կազմելով 10 174։ Եթե 2024 թվականին քաղցկեղի նոր հայտնաբերված դեպքերի քանակը բաժանենք տարվա օրերի վրա, կստացվի՝ Հայաստանում օրական 28 մարդ իմանում է, որ քաղցկեղ ունի: Սա նաև նշանակում է, որ 2024 թվականին յուրաքանչյուր 50 րոպեն մեկ քաղցկեղի նոր դեպք է գրանցվել: 

Դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023 թվականին նոր հայտնաբերված դեպքերի թիվը 8 327 էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում նոր հայտնաբերված դեպքերի թիվն աճել է շուրջ 22 տոկոսով։

Քանի որ տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվը փոխվել է, հարաբերական ցուցանիշներն ավելի հստակ են խոսում հայտնաբերված նոր դեպքերի մասին։ 1990 թվականին 100 000 բնակչից նոր հայտնաբերված քաղցկեղ գրանցվել է 145 մարդու մոտ։ 35 տարի անց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, միաժամանակ հայտնաբերման հաճախականությունը մոտ երկու անգամ ավելացել է՝ հասնելով 335-ի։ 

2019-2020 թվականներին նկատվել է ընդհանուր նոր հայտնաբերված քաղցկեղի դեպքերի նվազում՝ 7 908-ից իջնելով մինչև 6 934։ Սակայն 2021-ից հետո այդ թիվը սկսել է նորից աճել։

Տարիքին զուգահեռ, քաղցկեղի հայտնաբերման նոր դեպքերն ավելանում են: Հիվանդացության ցուցանիշները կտրուկ աճում են 45 տարեկանից հետո և հասնում են բարձրակետին 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։ 2024 թվականին քաղցկեղի նոր հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի կեսը 65 և ավելի բարձր տարիքի մարդիկ են։

Քաղցկեղն ավելի հաճախ հայտնաբերվում է կանանց մոտ

2024 թվականին հայտնաբերված բոլոր նոր դեպքերի 54 տոկոսը կանայք են։ Եթե կանանց մոտ 2024 թվականին հայտնաբերվել է 5487 դեպք, ապա տղամարդկանց շրջանում՝ մոտ 1000-ով ավելի քիչ՝ 4687 դեպք: Սա պայմանավորված է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի մեծ տարածվածությամբ: 

Միաժամանակ նկատվում է որոշակի տարբերություն կանանց ու տղամարդկանց տարիքային խմբերի միջեւ: Կանանց՝ քաղցկեղով հիվանդացությունը բարձր է 25-54 տարեկանների մոտ։ Այս շեմում կանանց դեպքերը մոտ 2,5 անգամ գերազանցում են տղամարդկանց հիվանդացության թվին։ Սրան զուգահեռ, 65-ից բարձր տարիքային խմբում 100 000 բնակչի հաշվով տղամարդկանց հիվանդացությունը մոտ երկու անգամ ավելի բարձր է կանանցից։ Այսպիսով, միջին տարիքում քաղցկեղի նոր դեպքերով գերակշռում են կանայք, իսկ տարեցների խմբում՝ տղամարդիկ:

Կանանց մոտ նոր հայտնաբերվող քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է։ 2024 թվականին քաղցկեղի բոլոր նոր դեպքերի մեջ ամեն 6-րդը կին է, ում մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: 2024 թվականին կրծքագեղձի քաղցկեղի 1634 նոր դեպք է գրանցվել: Քաղցկեղի այս տեսակի հիվանդացությունը կտրուկ սկսում է աճել 35 տարեկանից: Հաջորդիվ հայտնաբերվող դեպքերի մեջ ամենամեծ թիվը կազմում են արգանդի մարմնի, հաստ աղիքի և մաշկի քաղցկեղները:

Տղամարդկանց մոտ գերիշխում է շնչառական համակարգի օրգանների քաղցկեղը՝ շնչափողի, բրոնխների ու թոքերի քաղցկեղը՝ ընդհանուր 806 դեպքով։ Կանանց մոտ այս քաղցկեղի 180 նոր դեպք է գրանցվել 2024-ին: Տղամարդկանց մոտ երկրորդ տեղում շագանակագեղձի քաղցկեղն է, որի բացարձակ մեծամասնությունը հայտնաբերվում է 65-ն անց տղամարդկանց մոտ: Հաջորդ տեղում միզապարկի, հաստ աղիքի ու ստամոքսի դեպքերն են:  

Ընդհանուր առմամբ, կանանց դեպքում նոր հայտնաբերվող քաղցկեղի դեպքերը ամենահաճախն առնչվում են վերարտադրողական համակարգին ու կրծքագեղձին, տղամարդկանց դեպքում՝ միզասեռական ու շնչառական համակարգերին: 

Երբ են մարդիկ դիմում բժշկի

2024 թվականին բոլոր նոր հայտնաբերված դեպքերի գրեթե կեսը՝ 48,4 տոկոսը, հայտնաբերվել է հիվանդության զարգացման 1-2-րդ՝ վաղ փուլում: 

Չորրորդ՝ ուշացած փուլում հայտնաբերվածները կազմում են ընդհանուրի 27,4 տոկոսը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր 4-րդ նոր բուժառու դիմում է բժշկի այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն տարածված է: Ամենաուշացածը հայտնաբերվում է լյարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: 

Բայց սրան զուգահեռ, քաղցկեղի հայտնաբերումից հետո միջին ապրելիությունը դրական միտումներ է ցույց տալիս․ քաղցկեղով հիվանդների կեսից ավելին՝ 57,5 տոկոսը ապրում է 5 տարուց ավելի: 

Երևանում ամեն 35-րդն ունի քաղցկեղ

Քաղցկեղով հիվանդ բուժառուների 45 տոկոսը բնակվում է Երևանում, իսկ 100 000 բնակչի հաշվով Երևանում հաշվառված է 2842 բուժառու: Սա նշանակում է, որ Երևանում յուրաքանչյուր 35-րդ մարդն ունի քաղցկեղ: Հաջորդը Լոռու և Շիրակի մարզն է՝ համապատասխանաբար՝ 2 605 և 2 376 թվերով: Ամենացածր ցուցանիշը նկատվում է Գեղարքունիքի մարզում: 

Ապրելիության մակարդակով առաջին տեղում Տավուշի մարզն է, որտեղ հիվանդների 60 տոկոսն ապրում է 5 և ավել տարի: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչը կարող է պայմանավորված լինել նաև քաղցկեղի՝ ուշ փուլում հայտնաբերմամբ: 

Քաղցկեղը՝ յուրքանչյուր 5-րդ մահվան պատճառ 

Ընդհանուր մահերի պատճառների մեջ քաղցկեղը երկրորդ տեղում է՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: 

Վերջին տարիներին քաղցկեղից մահացությունը որոշակի կայունացում ու նվազման միտումներ է ցույց տալիս։ Մինչև 2015 թվականը քաղցկեղից մահացությունը կայուն աճում էր՝ հատելով 6 000-ի շեմը: 2024 թվականին քաղցկեղից մահացել է 5 184 մարդ, որը Հայաստանում գրանցված բոլոր մահերի մոտ 20,4 տոկոսն է: Բայց այս ցուցանիշն էլ շարունակում է մտահոգիչ լինել։ 2024 թվականին յուրաքանչյուր 5-րդ մահվան պատճառը եղել է քաղցկեղը: 

Եթե 2024 թվականին քաղցկեղից մահացածների ընդհանուր թիվը բաշխենք մեկ տարվա մեջ, կստացվի, որ ամեն օր քաղցկեղից մահացել է 14 մարդ: Այս ցուցանիշը հիշեցնում է, որ քաղցկեղի դեմ պայքարի առաջին քայլը ժամանակին հետազոտվելն ու առողջապահության մասին իրազեկված լինելն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter