HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը». ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՀ-ի՝ ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարման մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ի վարույթում, ի թիվս հարյուրավոր այլ օտարերկրյա քաղաքացիների, առկա են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող երեք ՌԴ քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի գործերը, ովքեր այս պահին գտնվում են ՀՀ կողմից ՌԴ-ին արտահանձնվելու վտանգի առջև։

Սույնով հայտարարում ենք, որ նշված քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի դեմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացված ոչ իրավաչափ քննությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ մտացածին կամ ոչ բավարար ապացույցներով առաջադրվել է մեղադրանք, այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները հրապարակայնորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծած ագրեսիայի և հակամարդկային քաղաքականության դեմ, քննադատել են գործող իշխանություններին և որպես արդյունք՝ արժանացել անհիմն քրեական հետապնդման։

Հերթական անգամ ընդգծում ենք, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, որոնց նկատմամբ իրենց պետությունում կան քաղաքական նպատակներով հարուցված ապօրինի քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն ետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի, ապա ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին հանձնելու/արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Ուստի, նման վտանգների առկայության դեպքում անձի հանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող իմպերատիվ նորմերը, այլ նաև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։

Ամփոփելով, ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից, հանձինս՝ ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Գլխավոր դատախազության մարմիններից ամեն ջանք գործադրել և ձեռնպահ մնալ Վլադիմիր Ուխալովին, Պավել Դանիլովին և Դմիտրի Շիգաևին Ռուսաստանի Դաշնությանը արտահանձնելու գործընթացից, քանի որ արտահանձնման դեպքում վերջիններս իրենց քաղաքացիության երկրում կենթարկվեն վատ վերաբերմունքի, իսկ արտահանձնումը թույլատրելով ՀՀ-ն ուղղակիորեն կխախտի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով ստանձնած պարտավորությունները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter