Ամեն ցամաքող հոսքի հետ մենք կորցնում ենք մեծ ջրի երազանքը. Երևանի հիդրոպոետիկան
Անցումային ճգնաժամերով լի նախորդ տասնամյակներում մենք բազմաթիվ ջրային մարմիններ ենք տանուլ տվել, շատրվաններ ու ավազաններ գոլորշիացրել, լճեր ու ջրամբարներ աղտոտել, ջրանցքներ ու գետեր թաղել։ Վերահսկելով, թաքցնելով, խողովակելով ու արխիվացնելով զով կապույտը՝ մենք կորցրել ենք ջրի ձայնն ու թարմությունը, ջրի սոցիալական ներկայությունը, բնության հետ երկխոսելու ձևերը: Ամեն ցամաքող հոսքի հետ մենք կորցնում ենք մեծ ջրի երազանքը։ Բայց ամեն անգամ ստորգետնյա մետաղական ցանցերից դուրս հորդացող ջրի ձայնը վերադարձնում է հիշողությունը շոգ ամառային օրվա մասին, երբ ծնկները ծալած պատրաստվում էինք ցատկել կապույտի խորքը:
Փետրվարի 12-ին Գրականության և արվեստի թանգարանում Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab) բացեց «Կապույտ արխիվներ» ցուցահանդեսը:
Այն տարածություն է ստեղծում՝ խորհելու Երևանի քաղաքային լանդշաֆտում ջրային մարմինների նշանակության, դրանց միահյուսված համայնքային հիշողության, կապույտ գոտիների ներկայության և բացակայության շուրջ։
Գետեր և առվակներ, լճեր և ջրամբարներ, շատրվաններ և ավազաններ․ նախորդ տասնամյակների ընթացքում անհետացել են բազմաթիվ ջրային գոտիներ՝ հետզհետե զիջելով իրենց տեղը փոշոտ ու չոր, քարե բիրտ քաղաքին։ Սակայն, մղված լինելով անգամ քաղաքային տարածության ու կյանքի եզրեր, ջուրը շարունակում է անդադար հոսել մեր համայնքային և մշակութային հիշողությունում, քաղաքի անցյալը հիշելու և ապագան երևակայելու պատումներում։
Ցուցահանդեսի հիմքում CSN Lab-ի հինգ հետազոտական նախագծեր են, որոնք արդյունք են հետազոտողների, արվեստագետների, ճարտարապետների, ուրբանիստների և մարդաբանների համաստեղծարարության։ Միահյուսելով արխիվային նյութեր, բանավոր պատմություններ, լուսանկարչական հավաքածուներ և գրական տեքստեր՝ ցուցադրությունը ներկայացնում է ջրային մարմինների ու ենթակառուցվածքների ենթարկեցման ու փոխակերպման, դեգրադացիայի ու անհետացման բարդ գործընթացները։
«Կապույտ արխիվները» բացվում են՝ վեր հանելու քաղաքը, որը կարող է լինել ավելին, քան վարդագույնը, ավելին, քան միայն քարը․ քաղաքը, որ կարող է նաև հոսել, քաղաքը, որ կարող է լինել կապույտ։
Ցուցադրությունը հետազոտական նախագծի մի մասն է, որը ներկայացնում է Երևանի ջրային ենթակառուցվածքների փոխակերպումները և դրանց ազդեցությունը։ Նախագծի հեղինակները արխիվների ուսումնասիրման, դաշտային աշխատանքների, քարտեզագրումների միջոցով ջուրը դիտարկել են որպես բանալի՝ քաղաքային հիշողությունն ու սոցիալական վերափոխումները վերլուծելու համար։
Հինգ ժամանակակից արվեստագետներ, դիմելով անձնական և հավաքական հիշողություններին, ուսումնասիրում են ջուրը որպես զգայական միջավայր և մարմնական փորձառություն։ Ուղեկցելով մեզ կապույտի խորքերը՝ նրանք առաջարկում են նորից վերապրել ու երևակայել ջուրը որպես խինդի ու մտորումի, հոգատարության ու իսկության, հանրայնության ու ինտիմության, թափանցիկության ու մերկության մարմնական տարածք:
Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 12-ը՝ Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1)։
«Կապույտ արխիվներ» ցուցադրության համադրողներ և հեղինակներ` Տիգրան Ամիրյան, Արսեն Աբրահամյան
Արտ-տնօրեն` Հարություն Թումաղյան
Արվեստագետներ` Աննա Հակոբյան, Արմինե Շահբազյան, Դավիթ Քոչունց, Լուսինե Թալալյան, Հարություն Թումաղյան
Հետազոտական թիմ` OHM | Oral History Matters, Նանոր Հովհաննիսյան, Դավիթ Երեմյան, Ինեսա Սահակյան, Թամարա Խուրշուդյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել