Գյումրու ներկայիս իշխանությունները փորձում են վիճարկել նախորդների հաստատած ներդրումային ծրագրերը
Գյումրու ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված 38 հարցերից ամենախնդրահարույցը 13-րդն էր: Քննարկումներից հետո այն պարզապես հանվեց օրակարգից: Նախագիծը վերաբերում էր քաղաքին նախկինում պատկանած գույքերի օտարման կամ վարձակալության տրված պայմանագրերի իրավաչափության որոշմանն ու դատական հայցերով մի շարք անշարժ գույքեր համայնքին վերադարձնելուն: Գործադիրը, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարից 2026թ.-ի հունվարի 29-ին ստացած զեկուցագիրը, ավագանուց խնդրում էր հաստատել բյուջեից 5 մլն դրամի տրամադրում փաստաբանական ծառայությունների համար:
Ներկայացվել էր շենք-շինությունների հետևյալ ցանկը՝ Շիրակ ֆուտբոլային ակումբ (Օզանյան փողոց), Գյուլբենկյան հիվանդանոցի շենքը (Ջիվանու փողոց), ջրմուղի ցանցը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հիմքերի իրավաչափությունը, Գյումրու նախկին շուկան (Շահումյան փողոց), Թումոյի շենքը և հարակից հողատարածքները (Կենտրոնական զբոսայգի), Մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը (Գայի փողոց) և Աբովյան փողոցում գտնվող «Ցայգ» հեռուստաընկերության շենքը (զեկուցագիր ներկայացնողը հավանաբար նկատի է ունեցել Աբովյան 248 հասցեն, որի երկու հարկերը երկար տարիներ զբաղեցրել է նշված հեռուտաընկերությունը):
Նիստի ժամանակ, համայնքի կալանավորված ղեկավար Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը հայտարարեց, որ ինչ անում են՝ հանուն քաղաքի են անում, որ հետո մարդիկ չգան ասեն՝ հասեք, փրկեք, անտեր է մնացել՝ քանդվում է: Այնինչ ներկայացված ցանկից առնվազն 4-ում շոշափելի ներդրումներ են կատարված:
Օրինակ, Շինարարների նախկին պալատը, որտեղ 2019թ.-ից գործում է «Թումո Գյումրին», «Թումո» ստեղծարար կենտրոնին հատկացվել է Կառավարության որոշմամբ՝ երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով: Հուշարձան-շենքի փրկությունից զատ, կենտրոնը պարտավորվել էր ներդրումներ կատարել նաև այգու ողջ տարածքում, սակայն իրականացրել է միայն շենքի վերակառուցման ծրագիրը, իսկ այգու բարեկարգմանը խոչընդոտում է «Օազիս» ռեստորանի սեփականատեր «Ամբերդ» ՍՊԸ-ի (սեփականատեր Գևորգ Ղուկասյան) և «Թումո» ստեղծարար կենտրոնի միջև սկսված դատական վեճը:
Ցանկում նշված մեկ այլ կառույցում էլ՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի նախկին շենքում, 2014թ.-ից գործում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Ինչ վերաբերում է Գյումրու ջրմուղկոյուղու ցանցը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու որոշման հիմքերին, 2016թ. հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշումով Կառավարությունը 5 ընկերությունների կողմից (այդ թվում՝ Շիրակի մարզում գործող) օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ O» բաժնետիրական ընկերությանը:
«Արդյոք մենք պատրաստ ենք և կարող ենք վերադարձնել այն գումարները, որոնք սեփականատերերը ներդրել են նշված կառույցների մեջ,- նկատում է «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը,- և հետո, մյուս կողմից էլ՝ շատ վատ միտում է, երբ ներկաները գալիս են իշխանության ու սկսում են սրբագրել նախորդների արածները: Ներկայացված նախագծի իմաստն այն էր, որպեսզի ավագանու համաձայնությամբ, մի քանի տարի առաջ օտարված կամ վարձակալությամբ տրված մի շարք անշարժ գույքերի տնօրինման օրինաչափության հարցը վիճարկվեր դատարանում, և փաստաբանական ծառայությունների համար անհրաժեշտ էր 5 մլն դրամ»:
Նիստի ժամանակ «Մեր քաղաքը» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը՝ այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով նախագծին: «Մենք բոլորս մեր նախընտրական ծրագրերում խոսել ենք ներդրումային քաղաքականության խրախուսման, ներդրողներ գրավելու մասին, և հիմա, նման վարքագիծ տեսնելով, ո՞ր մի ներդրողը կուզենա գալ Գյումրի»,-նկատում է խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։ Նա հիշեցնում է այն ժամանակաշրջանը, երբ տուրիստական հոսքերի հետ կապված՝ երևանյան մի շարք բիզնեսներ իրենց մասնաճյուղերը բացեցին քաղաքում: Բայց երկար կյանք չունեցան, կարճ ժամանակ հետո փակվեցին: «Միայն տուրիստով քաղաք չես պահի, կամ բիզնես հրապուրես՝ ներդրման նպատակով: Տեղացին պետք է կայուն աշխատատեղ ունենա: Այնպես որ, նման հապճեպ որոշումները քաղաքի շահերից չեն բխում: Ուրիշ բան, եթե իրոք քանդվող, ներդրման երես չտեսած կառույցների մասին լիներ խոսքը»,- ասում է Լիզա Գասպարյանը:
13-րդ հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության անդամները փորձեցին հասկանալ, թե համայնքապետարանի իրավաբանական բաժնի առկայության պայմաններում ինչո՞ւ է պահանջ դրվում փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ 5 մլն դրամի հատկացման: Հարցը զեկուցողը պարզաբանեց, որ 300-ից ավելի դատական գործեր կան, և բաժինը ծանրաբեռնված է, դրան գումարվում է նաև մասնագետների պակասը: ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն էլ առաջարկեց իրենց օրինակով դիմել դատախազություն՝ վստահեցնելով, որ և արագ կլինի, և՝ անվճար:
Սակայն նիստը վարողը, տեսնելով խմբակցությունների ընդհանուր տրամադրվածությունը և վստահ չլինելով, թե հարցը կստանա բավարար դրական ձայներ, որոշեց այն հանել օրակարգից: Քանի որ հարցը հանելու առաջարկը չդրվեց քվեարկության, նախագիծն էլ չստացավ դեմ քվեներ, նախնական տեղեկություններով, այն կրկին բերվելու է օրակարգ և քվեարկության է դրվելու ավագանու մարտի 11-ի նիստին, թե ինչ փոփոխություններով՝ պարզ կդառնա այդ օրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել