HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողները հարցմանը լիազորագիր պետք է կցեն. Վարչական դատարանի վտանգավոր նախադեպը  

Վարչական դատարանը լրագրողների համար նոր պահանջ է սահմանում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելիս ներկայացնել լիազորագիր, հակառակ դեպքում կհամարվեն ոչ թե լրագրող, այլ  ուղղակի քաղաքացի։ Վանաձորի համայնքապետարանի դեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցի մերժումը կարող է վերածվել վտանգավոր նախադեպի, որը սահմանափակում է տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքի գործնական իրացումը։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն 2025թ. դեկտեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վանաձորի համայնքապետարանի՝ 2025թ. ընթացքում Վանաձոր քաղաքում տրամադրված շինարարության թույլտվությունների պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Համայնքապետարանը չի պատասխանել կազմակերպության լրագրողի գրավոր հարցմանը, հետևաբար չի տրամադրել տեղեկատվությունը, ինչն էլ դատարան դիմելու հիմք է դարձել:

Վարչական դատարանը  (դատավոր՝ Արթուր Ավագյան) մերժել է վարույթ ընդունել «Հետաքննող լրագրողներ»-ի հայցադիմումը: Ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն ստորադաս դատարանի որոշումը մնացել է  անփոփոխ (Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Արթուր Պողոսյան): 

Վարչական դատարանը, ապա նաև Վերաքննիչ դատարանն իրենց որոշումներում նշել են, թե հարցումը ներկայացրել է ֆիզիկական անձ Արմեն Ղազարյանը, մինչդեռ հայցը ներկայացրել է իրավաբանական անձը՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։ Դատարանի դիրքորոշմամբ՝ լրագրող Ա. Ղազարյանի լիազորությունը պատշաճ ձևակերպված չի եղել, հետևաբար կազմակերպությունը հայց ներկայացնելու իրավունք չունի։

Վանաձոր համայնքի ղեկավարին լրագրողի գրությունը եղել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ձևաթղթով, իսկ անուն-ազգանունից առաջ նշվել է՝ «HETQ.am-ի լրագրող Արմեն Ղազարյան»: Սակայն, թե Վարչական դատարանը, թե Վերաքննիչ վարչական դատարանը համարել են, որ ՀԿ-ն լրագրողին չի լիազորել կազմակերպության անունից հանդես գալ վարչական մարմնում, համապատասխան փաստաթուղթը բացակայում է: Ըստ դատարանների՝ Վանաձորի համայնքապետարան ուղարկված դիմումի վրա զուտ «Հետաքննող լրագրողներ» նշումը որևէ իրավական նշանակություն չունի ՀԿ-ի կողմից հայցադիմում ներկայացնելու դատավարական իրավունք ունենալու համար: Արձանագրել են, որ տեղեկատվության տրամադրման պահանջի վերաբերյալ վեճն առաջացել է մի կողմից ֆիզիկական անձի` Արմեն Ղազարյանի, մյուս կողմից՝ Վանաձոր համայնքի ղեկավարի միջև, ուստի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն չէր կարող լինել հայցվոր:

«Վերաքննիչ դատարանը նկատում է, որ միայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նշումով ձևաթուղթը և «HETQ.am-ի լրագրող Արմեն Ղազարյան» նշումը դիմումի մեջ բավարար ապացույցներ չեն կարող համարվել՝ հաստատելու այն, որ Արմեն Ղազարյանը, նախ, աշխատում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունում՝ որպես լրագրող: Ի վերջո, Արմեն Ղազարյանը պահանջվող տեղեկատվությունը հայցել է հենց իր, այլ ոչ թե կազմակերպության անունից, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթեր առկա չեն»,-նշված է Վերաքննիչ վարչական դատարանի որոշման մեջ:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը լրագրողին ճանաչում է որպես լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ։ Այսինքն՝ լրագրողը գործում է աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա՝ խմբագրության անունից և շահից ելնելով։ Այս տեսանկյունից՝ լրագրողը տեղեկատվություն է հավաքում ոչ թե անձնական հետաքրքրասիրության, այլ խմբագրության շահից ելնելով։ Դատարանի այն մոտեցումը, թե գրության ձևաթղթի վրա լրատվամիջոցի անվան նշումը «որևէ իրավական նշանակություն չունի», փաստացի անտեսում է լրատվական գործունեություն իրականացնողի շահը:

Լրագրողը գործում է աշխատանքային հարաբերության շրջանակում: Նրա գործողությունները տրամաբանորեն վերագրվում են կազմակերպությանը։ Հակառակ դեպքում ստեղծվում է իրավական անտրամաբանական իրավիճակ՝ լրագրողը տեղեկատվություն է հավաքում խմբագրության համար, նյութը հրապարակվում է լրատվամիջոցի անունից, բայց տեղեկատվության մերժման դեպքում խմբագրությունը «կողմ» չի համարվում։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն նախկինում ևս դիմել է Վարչական դատարան՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Թիվ ՎԴ/4483/05/16, ՎԴ/6538/05/17, ՎԴ/2845/05/19, ՎԴ/4365/05/23 վարչական գործերով դարձյալ տեղեկատվություն տրամադրելու գրությունները ստորագրել են լրագրողները, չեն կցել լիազորագրեր, սակայն հայցվոր ճանաչվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն:

Շինարարական թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության կարևոր ցուցիչներից են։ Դրանց հրապարակայնությունն առնչվում է համայնքային կառավարման թափանցիկությանը, հնարավոր շահերի բախմանը, կոռուպցիոն ռիսկերին: Երբ դատարանն «ակնհայտորեն իրավունք չունեցող անձ» ձևակերպմամբ մերժում է լրատվամիջոցի հայցը՝ չանդրադառնալով տեղեկատվության էությանը, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ լրագրողական հետազոտությունների ու նյութերի վրա։ Լրատվամիջոցները փաստացի կանգնելու են ընտրության առաջ․ յուրաքանչյուր հարցման համար նախապես ձևակերպել բյուրոկրատական փաստաթղթեր, լիազորագրեր կամ վտանգել դատական պաշտպանության իրենց իրավունքը։

Վարչական դատարանի որոշման ամենամտահոգիչ հատվածը լիազորագրի վերաբերյալ ձևակերպումն է։ Այս մոտեցումը կարող է ձևավորել վտանգավոր նախադեպ ամբողջ մեդիադաշտի համար։

Լրագրողները տեղեկատվության զգալի մասը ստանում են բանավոր ընթացակարգով։ Զրուցակցին ձայնագրում են, ինչը հետո կարող է դատարանում օգտագործվել։ Այս դեպքում ինչպե՞ս են իրենց իրավունքներն իրացնելու։ Նախապես պետք է լիազորագիրն ուղարկեն զրուցակցի՞ն, որպեսզի վերջինս համոզվի լրատվամիջոցի անունից հանդես գալու մեջ, թե հաղորդակցվեն միայն գրավոր՝ լիազորագրի առկայությամբ։ Այս սցենարներն առաջին հայացքից գուցե իրատեսական չեն, բայց իրականությունից շատ հեռու էլ չեն։ Դատարանները մի օր կարող են այս առնչությամբ էլ միջամտող որոշում կայացնել։

Եթե Վարչական դատարանի դիրքորոշումն ընդունվի որպես ընդհանուր կանոն, ապա յուրաքանչյուր լրագրող, յուրաքանչյուր հարցման պետք է գրավոր լիազորագիր կցի, ապացուցի իր ներկայացուցչական կարգավիճակը։ Սա փաստացի լրատվական կազմակերպության վրա հավելյալ վարչական բեռ է, որն օրենքով նախատեսված չէ։ Մինչդեռ, եթե լրագրողը հանդես է գալիս լրատվամիջոցի ձևաթղթով, իր կարգավիճակի նշումով, դա առնվազն ողջամիտ կանխավարկած է ստեղծում, որ նա գործում է խմբագրության անունից։ Պատկան մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել լրացուցիչ փաստաթուղթ։ Սակայն այդ հանգամանքը չի կարող կազմակերպությանը զրկել դատական պաշտպանության իրավունքից։

Արդյոք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաները, որոնք ստորագրում են պաշտոնական պատասխաններ, պետք է յուրաքանչյուր գրության կցեն ղեկավարի իրենց լիազորագիրը՝ ապացուցելու, որ իրավասու են ստորագրել։ Այդ տրամաբանությամբ՝ դատավորները յուրաքանչյուր դատական ակտի հետ պետք է ներկայացնեն Հանրապետության նախագահի հրամանագիրն իրենց նշանակման մասին կամ Դատական դեպարտամենտից տեղեկանք, որ գործող դատավորներ են։ Իհարկե, ոչ։ Որովհետև նրանց կարգավիճակը բխում է իրենց պաշտոնից։ Նույն կերպ լրագրողի կարգավիճակը բխում է նրա մասնագիտական հարաբերությունից խմբագրության հետ։ 

Եթե Վարչական դատարանի մոտեցումը կայուն դատական պրակտիկա դառնա, պետական մարմիններն ուղղակի անպատասխան կթողնեն լրագրողական հարցումները՝ հղում անելով լիազորագրի բացակայությանը։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ:

Լուսանկարում (ձախից)՝ դատավորներ Արթուր Ավագյանը, Արթուր Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter