ԶՊՄԿ-ին դատի տված 8 նախկին աշխատակիցների հայցերը բավարարվել են մասնակի. 3 հոգի դիմել է վերաքննիչ ատյան
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր ներկայացրած 8 նախկին աշխատակիցների գործերով վճիռներ է հրապարակել։ Նախկին աշխատողների պահանջը մասնակի բավարարվել է, սակայն նրանցից 3-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Ամեն ինչ սկսվել է մեկ տարի առաջ՝ 2025 թ. հունվարի 31-ին, երբ ԶՊՄԿ-ի մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ էին սկսել՝ գործատուից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Փետրվարի 10-ին՝ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, հայտարարվել էր գործադուլի ավարտի մասին։ Սակայն ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր գործադուլին մասնակցած 8 հոգու։ Վերջիններս էլ դատարան էին դիմել՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանալու համար։
Աշխատանքից ազատված աշխատակիցներն են Կարեն Արշակյանը, Տիգրան Աթայանը, Շավարշ Մարգարյանը, Վահե Մխիթարյանը, Կարեն Անդրեասյանը, Գոռ Բաբաջանյանը, Արթուր Բաբաջանյանը եւ Վահե Բաբաջանյանը։
Դատարանում բոլորի շահերը ներկայացրել է փաստաբան Հրայր Խաչատրյանը։ Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ մինչեւ 2025 թ. փետրվարի 10-ը, երբ դեռ գործադուլը շարունակվում էր, ինքը ոչ միայն վերոնշյալ 8 հոգուց, այլեւ ԶՊՄԿ-ի տասնյակ աշխատակիցներից զանգեր է ստացել։ Ըստ Խաչատրյանի՝ ինքն իրավական հարցերում ուղղորդել է զանգահարող քաղաքացիներին։
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի փետրվարի 7-ի հրամանով գործադուլի մասնակից 8 անձինք ազատվել են աշխատանքից, սակայն այդ մասին նրանք պաշտոնապես իրազեկվել են ավելի ուշ: Ըստ Խաչատրյանի՝ երբ փետրվարի 10-ին Խուդոլին հայտարարությամբ է հանդես եկել, երաշխիքներ է խոստացել, որ որեւէ անձ չի ազատվելու աշխատանքից, սկսել են աշխատանքային պայմանների բարելավման գործընթացը, ապահովագրության գործընթացը։
«Երբ այս երաշխիքները հնչեցվեցին, տեսանյութը ներբեռնեցի իմ համակարգիչ, ուղարկեցի ինձ զանգողներին, ասացի՝ սրանից լավ երաշխիք չեք ունենալու, ընկերության առաջին դեմքով ասվում է, խոստանում են, որ հաշվեհարդարներ, հետապնդումներ չեն լինելու, եւ որ ձեր ասած պահանջներն աստիճանաբար սկսելու են կատարել։ Բացի 8 հոգուց, մնացածը մտածում են, որ Խուդոլին խոստացել է, ու վերադառնում են աշխատանքի, տակը մնում են այդ 8 հոգին, որոնք դեռ չէին ստացել աշխատանքից ազատման հրամանները, ընդամենը «Ֆեյսբուքով» տեղեկացել էին, որ ազատվել են աշխատանքից եւ այլեւս չեն հանդիսանում տվյալ ընկերության աշխատակից, բայց մինչեւ փետրվարի 10-ը գործադուլը շարունակվում էր։ Այսինքն՝ եթե այդ մարդիկ էին խոչընդոտում, ապա առնվազն փետրվարի 7-ից հետո պետք է գործադուլը դադարեցվեր»,- պարզաբանում է փաստաբանը։
Հրայր Խաչատրյանի փոխանցմամբ՝ նշված 8 հոգու անունից դիմում-խնդրանք է ներկայացրել ԶՊՄԿ-ին՝ հարցը վերանայելու համար, ինչպես նաեւ հիշեցրել է ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունն այն մասին, որ հաշվերահարդարներ, հետապնդումներ չեն լինելու գործադուլի մասնակիցների նկատմամբ։ Սակայն կոմբինատից բացասական պատասխան է ստացվել 8 աշխատակիցներին վերականգնելու մասով։
Դրանից հետո նրանք դիմել են դատարան՝ հայցադիմումներում նշելով, որ աշխատանքի վերականգնվելու դեպքում որեւէ պահանջ, այդ թվում՝ դատախան ծախս, հատուցում, չեն ներկայացնելու ընկերությանը։
Նրանց հայցերը ընդգրկվել են երեք դատավորների վարույթում՝ Գուրգեն Քոթանջյանի (2 հայց), Ռոմեն Ահարոնյանի (3 հայց) եւ Անահիտ Թումանյանի (3 հայց)։
«Այս գործերի քննության փուլում ԶՊՄԿ-ն էլեկտրոնային եղանակով, թաքուն հայց է ներկայացնում 4,7 մլրդ դրամի չափով։ Մեզ հայցադիմումի օրինակ չի ուղարկում եւ հայցի ապահովման միջնորդություն է ուղարկած լինում, որ բոլորի գույքի վրա ենթադրյալ վնասի չափով արգելանք դրվի։ Դատարանն անմիջապես անցնում է հայցի ապահովման բավարարմանը՝ գումարի չափից ելնելով։ Մենք այդ հայցի մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, երբ արգելանք դրված լինելու վերաբերյալ որոշումներ ենք ստանում»,- ասում է փաստաբան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ ընթացքում ԶՊՄԿ-ի իրավաբանների հետ բանակցությունների մեջ էին ու չէին մտածում, որ կոմբինատն իր հերթին հայց եւ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացնելու։
Աշխատանքից ազատելուց առաջ ԶՊՄԿ-ն իբր կարգապահական խախտման համար բացատրություն է պահանջել աշխատողներից: Չստանալով բացատրություն՝ կիրառել է կարգապահական տույժ՝ լուծել է նրանց աշխատանքային պայմանագրերը: Սակայն փաստաբան Խաչատրյանն ասում է, որ գործատուն չի պահպանել աշխատողներին ծանուցելու ընթացակարգը: Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ»:
«ԶՊՄԿ-ն մարդկանց պատշաճ չի ծանուցել, ընդամենը նրանց «Վայբերին» կամ «Վոթսափին» ծանուցագրի լուսանկարն են ուղարկել, որ մեկ ժամվա ընթացքում բացատրություն ներկայացնեն, հակառակ դեպքում աշխատանքից կազատվեն։ Բնականաբար, գործադուլի մեջ գտնվող մարդիկ են, մարդիկ կան, որ հեռախոսահամար են փոխել, բացի դրանից՝ ամեն մարդ չէ, որ իր «Վայբերն» ու «Վոթսափն» անընդհատ ստուգում է։ Այսինքն՝ ծանուցման ընթացակարգը պահպանված չի եղել»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։
Վերջինիս փոխանցմամբ՝ դատավոր Քոթանջյանի վարույթում գտնվող երկու գործերով հայցադիմումները մասնակի բավարարվել են այն հիմնավորմամբ, որ ծանուցման ընթացակարգը պահպանված չի եղել։ Մյուս կողմից, սակայն, նախկին աշխատողները չեն վերականգնվել աշխատանքում, քանի որ, ըստ դատարանի, գործատուի եւ հայցվորների միջեւ առկա են լարված հարաբերություններ, կողմերը միմյանց նկատմամբ ունեն բացասական տրամադրվածություն, փոխադարձ անվստահություն, եւ այս պայմաններում դատարանն իրավաչափ է համարել հայցվորներին նախկին աշխատանքում չվերականգնելը: Փոխարենը դատարանը բավարարել է հարկադիր պարապուրդի համար հատուցում վճարելու պահանջը:
Ըստ փաստաբան Խաչատրյանի՝ նմանատիպ ավարտ են ունեցել դատավոր Ահարոնյանի վարույթում եղած երեք գործերից երկուսը եւ դատավոր Թումանյանի վարույթում եղած երեք գործերից մեկը, այսինքն՝ ընդհանուր 5 գործ։ «Հետքի» զրուցակիցը նշում է, որ այս վճիռները կողմերը չեն բողոքարկել։
Բողոքարկվել են Կարեն Արշակյանի, Վահե Մխիթարյանի ու Շավարշ Մարգարյանի գործերով վճիռները: Մխիթարյանի ու Մարգարյանի գործերով դատավորը եղել է Անահիտ Թումանյանը:
«Թումանյանի երկու վճիռներում ունեցել ենք հետեւյալ իրավիճակը՝ հայցը մասնակի բավարարվել է, բայց մոտավոր այսպիսի բան էր գրել, որ հայցվորներն իրենց գործողություններով ԶՊՄԿ-ին վնաս են պատճառել։ Դատարանը սա հաստատել էր որպես փաստ: Զուտ դրա համար մենք դատավոր Թումանյանի վճիռները դիտարկել ենք ոչ անաչառ»,- ասում է փաստաբան Խաչատրյանը։
2025 թ. աշնանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Կարեն Արշակյանի, Վահե Մխիթարյանի ու Շավարշ Մարգարյանի բողոքները: Այս տարվա փետրվարին վերաքննիչ ատյանը որոշել է Մարգարյանի բողոքը քննել գրավոր ընթացակարգով: Դատական ակտը հրապարակվելու է մարտի 10-ին:
Նախկին աշխատողների դեմ ԶՊՄԿ-ի ներկայացրած հայցադիմումին կանդրադառնանք առանձին հոդվածով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել