HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ինչպիսին էր 2025-ը տեխնոլոգիական համայնքում ու ինչ սպասել 2026-ին. ԱՏՁՄ 25-րդ համաժողովը

Փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ընտրվեցին ԱՏՁՄ նոր խորհուրդն ու խորհրդի նախագահը։ 11 տարի միությունը ղեկավարած Team Telecom Armenia, Firebird AI և մի շարք այլ ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Եսայանին նախագահի պաշտոնում փոխարինեց VOLO ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը։

ԱՏՁՄ-ն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր բիզնես միավորումն է, որը համախմբում է ավելի քան 270 ընկերությունների։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների վճարած հարկերի շուրջ 70%-ը վճարում են ԱՏՁՄ անդամ ընկերությունները։

Համաժողովի ընթացքում ԱՏՁՄ-ն ամփոփեց 2025 թվականը, ներկայացվեցին սպասելիքները 2026-ից։ Նախորդ տարվա ընթացքում միությանը 80 նոր անդամ է միացել։ ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց՝ 3 տարի առաջ միությունը 100 անդամ ուներ, հիմա ամեն տարի մոտ 100 նոր ընկերություն է միանում։ Բացի համալրումներից, կորուստներ ևս եղել են․ 29 ընկերություն դադարեցրել է անդամակցությունը։ ԱՏՁՄ տնօրենի խոսքով՝ կեսը ֆինանսական խնդիրների կամ փակվելու պատճառով է դուրս եկել միությունից։ Ակնկալում են այս տարի ևս 400 անդամ ներգրավել ու նոր կապեր ստեղծել Սփյուռքի հետ։

Որպեսզի համագործակցությունը միության անդամների միջև ավելի արդյունավետ լինի, նախատեսվում է 2026-ին հարթակ ստեղծել, որտեղ ներկայացված կլինեն բոլոր ընկերություններն ու իրենց առաջարկած ծառայությունները։ 

ԱՏՁՄ-ի ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկը կրթությունն է։ Հայաստանում այս պահին 605 «Արմաթ» աշխատանոց է գործում, ինչի շնորհիվ 17 հազար արմաթցիներ տեխնոլոգիական կրթություն են ստանում Երևանում ու մարզերում։ Տեղական մրցույթներում հաջողություններ գրանցելուց բացի, աշակերտները մրցանակներ են նվաճում նաև միջազգային մրցույթներում։ Համաժողովի նախասրահում ցուցադրված էին արմաթցիների նախագծերը՝ պարող կատվից մինչև խելացի ջերմոցներ ու հայկական ազգային սպորտ։

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը շեշտում է՝ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու նորարարությունների վրա հենված տնտեսություն, ինչի ուղղությամբ նոր գործընթաց են սկսել, հավաքագրել են ոլորտի խնդիրներն ու մշակել ուղեցույց, որը կներկայացնի, թե ԱՏՁՄ-ն ինչպես է պատկերացնում Հայաստանի զարգացումը։ Ուղեցույցը միության անդամների հաստատումից հետո ներկայացվելու է Հայաստանի կառավարությանը։

«Մեր դերը համայնքի շահերը վեր հանելը, ձևավորելն ու Կառավարության ներկայացնելն է: Մենք Կառավարություն չենք ու չենք կարող որոշել այն կիրառվի, թե չկիրառվի, մենք այդ կապող օղակն ենք պետության և մասնավորի միջև ու, կարելի է ասել, մի քիչ էլ թարգմանիչը, որպեսզի համագործակցությունը լավ ստացվի»,- բացատրում է Կարապետյանը։

ԱՏՁՄ տնօրենը կարծում է՝ Հայաստանը լուրջ քայլեր է անում տեխնոլոգիական զարգացման ճանապարհին, ինչի ազդեցությունը տնտեսության վրա կարճ ժամանակում երևալու է։ Ամենաքննարկված նախագիծը Հայաստանում ստեղծվող ԱԲ գործարանն է։ Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համագործակցությամբ նախորդ տարվա հունիսին հայտարարվեց 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագծի մասին։ Երեկ՝ փետրվարի 10-ին, Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարեցին՝ մեկնարկում է նախագծի երկրորդ փուլը, ներդրումների ծավալը հասցվելու է շուրջ 4 միլիարդ դոլարի։

«Այսօր նման համակագչի հասանելիություն չունեն աշխարհի առաջատար համալսարանները։ Էդ համալսարանների դասախոսներն ընդունվում են Nvidia, Microsoft, Amazon, որ հասանելիություն ունենան հետազոտություն անելու։ Էս համակարգիչը դրսից գիտնականներ է բերելու»,- ասում է Սարգիս Կարապետյանը։

Կարապետյանը վստահ է՝ դրա անհրաժեշտությունն ու պահանջարկը կա, ժամանակի հետ նաև ավելանալու է։

«Ամեն ինչ էնքան արագ է զարգանում, որ Հայաստանում տնտեսության բոլոր ճյուղերը կիրառելու են արհեստական բանականություն։ Ես ոչ թե մեր էկոհամակարգի մասին եմ խոսում, որտեղ ստեղծվում են այդ գործիքները, այլ կիրառողների։ Հենց սկսեցին կիրառել, այդ համակարգիչները չեն հերիքելու։ Նոր ներդրումներ պիտի լինեն, որ այդ կենտրոնները շարունակեն մրցունակ մնալ»,- ասում է ԱՏՁՄ տնօրենը։

Համաժողովի վերջին հատվածում անցկացվեցին ԱՏՁՄ նոր խորհրդի ու նախագահի ընտրությունները։ Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ նախագահ ընտրվեց VOLO ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը։

Լուսանկարները՝ հեղինակի և ԱՏՁՄ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter