Կնոջական գուլպաներ. անոնք նուրբ են ու սիրուն... Զարեհ Որբունի (մաս 2)
Ծօ՛, դուն պզտիկ ապուշ
«Ես միշտ փախչողը կը սիրեմ: Ահա թէ ինչո՞ւ լուսինը կը սիրեմ արեւէն աւելի: Եւ ահա թէ ինչո՞ւ Մելինէն սիրեցի ամենէն աւելի»: Բայց Մելինե Պողոսեանի հետ բան դուրս չեկավ: Երբ «բռնկումը խենթութեան հասած էր, մայրս և մօրեղբայրս այդպէս որոշեցին` հեռացնել անառակ տղան հրդեհէն» և, որպես «սիրոյ աքսորական», նավ դրեցին և ճամփեցին Մարսելիա՝ հորեղբայրների մոտ: Այնպես որ, փախչողներին համակրող Զարեհին ևս կյանքը ստիպում էր անդադար փախչել: Փախչել ծննդավայրից, փախչել Սևաստոպոլից, հիմա հերթը Մելինեից և ընդհանրապես Պոլսից փախչելունն էր: Դարձավ հավկիթ վաճառող: «Այնքան քիչ առեւտրական ոգի ունիմ, որ եթէ յաճախորդ մը ըսէ ինծի «ի՞նչ կը նուիրէք», «ինչ որ կուզէք», եթէ խորամանկ ըլլայ եւ պնդէ, կորած եմ»: Բնավ սակակրության ջիղ չուներ: Դրա համար մայրը փոքր տարիքին «պզտիկ ապուշ» էր ասում իրեն: Հիշում էր մորը՝ մածուն գնելիս: Գյուղացին վաճառում է իր պատրաստած ընտիր մածունի տեսակները՝ «ոչխարի կաթով մածունը մատ մը սերով, գոմէշինը՝ դգալը մէջը դնես, դգալը կանգնած կը մնայ, այնքան թանձր է»: Մայրը սկսում է դժգոհել՝ թե մածունը լաւը չէ, եթե 60 փարայի կու տաս, տուր...«Բայց մայրիկ, կ’սէի գրեթէ վշտացած, մածունը աղուոր է... Ա ՜խ, ինչքան ուժ պէտք է պզտիկ սրունքներուն վազելու համար տան չորս անկիւնները, սենեակէ սենեակ, ազատելու համար ետեւէս վազող մայրիկիս ծեծէն՝ «ծօ՛, դուն պզտիկ ապուշ...»:
Սպասյակը
Հակառակի պես իր կյանքում ստիպված եղավ երկար տարիներ առևտուր անել՝ հայտնի ընկերությունների ապրանքը գովազդելով վաճառել: Դարձավ կոմիվոյաժոր: Եղած էր նաև սուրճ եփող, խոհարարի աշակերտ, ճապոնական MAZDA ընկերությունում պահակ, գերեզմանի քար տաշող, ճաշարանի սպասյակ, մեթր դ’հօթել, թուղթի գործարանի բանվոր, շինարարության վրա աշխատող՝ «պեթոն կը թափէինք 450 մետր խորութեամբ աղի հանքերուն մէջ», որոնք հետո դարձան օդանավային գործարաններ..., «եղայ հինգ ճաշարաններու տէր և խոհարար, հարստացայ, կորսնցուցի...»: Բայց ամենից շատ զղջում էր գրականության համար կորսված 15 տարիների համար: Իսկ գրել սկսել էր Պոլսում: Մինչ Մարսել գալը, Մելինեից «այրված», բայց ոմն Սյուզանի` «որուն քաղցր հոգին այրած սիրտիս սպեղանի էր», ձոնած «Գառնուկս» բանաստեղծությունը, ինչ-ինչ ճանապարհով ընկավ Վահան Թէքէեանի ձեռքը: Շուտով Թէքէեանը այն տպագրեց «Ժողովրդի ձայն»ում: Հիմա, վտարանդի, միայնակ, հավկիթի գործը տանուլ տված Զարեհը, կարիք զգաց կամուրջ կապելու իր ոչ վաղ անցյալի հետ և Թէքէեանին շնորհակալական նամակ գրեց: Շուտով ստացավ պատասխանը. ««Ձեր քերթուածը հրապարակեցի, որովհետև դուք բանաստեղծ էք»: Այդ շլացուցիչ բառերը ուղեղիս մէջ` կը չափչփէի Մարսելիոյ փողոցները...»: Շուտով այս քաղաքը լցվեց քեմալականներից փախչող իր հայրենակիցներով՝ տնանկ, անոթի ու մոլորված: «Մարսիլիոյ մէջ մեզի պէս խեղճ չկայ ու չկայ: ...խաշլամայի ոսկորները կը կրծենք շունին պէս»,-իրենց վիճակը նամակում այսպես էր նկարագրում Արաքսին՝ մայրը: Մարսելում և հարակից ծովեզերյա քաղաքներում Զարեհը ապրուստը վաստակում է սրճարաններում մատուցող՝ սպասյակ աշխատելով: «Երկու մարդ կայ մէջս, որոնք իրարու հետ կը կռուին: Մատուցողը եւ ես: Երկու հակամարտ մտայնութիւններ: Ուզածիս չափ կը կռուիմ հոգեւիճակին դէմ, զոր ինծի կը պարտադրէ մատուցողի իմ պայմանս: Հագուստը մեծ դեր կը խաղայ, ինչ որ ալ ըսեն: Անմիջապէս որ «ռըտենկոթը» (սպասյակի զգեստ) կ’անցընեմ եւ կը կապեմ սպիտակ գոգնոցս, կ’ըլլամ շատախօս, թեթեւամիտ եւ հտպիտ: Քաղաքի հագուստով՝ ծանրախոհ, լռակեաց եւ երազող»: Սպասյակ աշխատելը օգնեց ուսումնասիրելու մարդկանց: Մտքին էր գալիս ֆրանսացի բժիշկ և գրող Ջորջ Դյուամելի ասածը. «Մի նայիք մարդոց երբ կ’ուտեն, եթէ կ’ուզէք զիրենք սիրել»:
Սուրճը՝ առանց շաքարի...
Ուրախ էր կնոջ՝ Էլիզաբեթի հետ: Միասին մի կերպ գլուխ էին հանում կենցաղային հարցերից: Նկարչուհի էր, բայց ստիպված եղավ թողնել այս զբաղմունքը` ավելի շահաբեր գործ անելու համար, որպեսզի ամուսնուն ազատի առտնին մտածմունքներից և թողնի նրան գրականության հետ դեմառդեմ: Հետո դարձավ կինեզիստ: Տարիներ անց բացեց մարզումի և մերսումի իր կենտրոնը: Բայց, մինչ այդ, սկսվեց 2-րդ աշխարհամարտը: «Սուրճը խմեցի առանց շաքարի: Պատերազմի առաջին նշանը»: Ուղարկվեց ֆրանս-գերմանական սահման, առաջին վարժանքները՝ 10 կմ քայլ, հակագազի վարժություն, հրացաններ. «Քաղաքային մարդուն հետքերը ամբողջութեամբ կ’անհետանան: Արդէն լրիւ զինուոր ենք»: Այս վարժանքների միջակայքում ստեղծագործում էր: Ինչպես մի ժամանակ մուսան գալիս էր սրճարանների աղմուկի մեջ, հիմա էլ զենքերի աղմուկն էր իր միջավայրը, և գրում էր Արշակ Չոպանեանի «Անահիտ» հանդեսի համար, մինչև որ գերմանացիները գերեւարեցին ողջ մնացած զինվորներին և տարան Սաքսոնիա՝ աշխատանքային ճամբար: Զարեհին՝ ևս: Վերադարձավ 1945-ի մայիսի 8-ին:
Ջ. Օսավան
Հաջորդ տարի նա ճամփա ընկավ Հայաստան, որ կայցելի դրանից հետո ևս 2 անգամ՝ բացառիկ տպավորություններով: Բայց առայժմ՝ Օսավան: Ինքը և կինը ուսումնասիրում էին Զեն ուսմունքը, որ «ճաբոնականացած Դաոն է»: Վարպետը Օսավան էր` մակրոբիոտիկ սննդակարգի և փիլիսոփայության հիմնադիրը՝ կյանքի բազում հարվածներ ստացած մի մտածող: Օսավայի մայրը մահացել էր 30 տարեկանում, մահացել էին նաև քույրերն ու եղբայրը: Ինքն էլ 18 տարեկանից հիվանդ՝ լքված բժիշկներից, առանց սննդի և դեղորայքի, նյութական մեծ անձկության մեջ, բայց կյանքի նկատմամբ սիրով, սկսեց ուսումնասիրել արևելյան բժշկությունը: Իգական պասիվ «ին» և արական ակտիվ «յան» էներգիաների ներդաշնակեցմամբ՝ բուժվեց տուբերկուլյոզից: Օսավան իր տիկնոջ հետ ճամփորդում էր աշխարհով մեկ՝ մարդկանց օգնելու համար: Ֆրանսիայում նրանց զրույցների ունկնդիրներից դարձան Զարեհը և Էլիզաբեթը: Ժամանակ անց, Զարեհն ինքն էր բանախոսությամբ հանդես գալիս: Իր հրաշալի «Վարձու սենեակ», «Ասֆալթ», «Եւ եղեւ մարդը», «Սովորական օր մը», «Թեկնածուն» գրքերի կողքին նաև մամուլում հրատարակված նրա փիլիսոփայական և առողջապահական գրություններն են: 1970թ. «Աշխարհ» պարբերականի Սեպտեմբերի համարներից մեկում, ի պատասխան հումակերության ջատագովներից՝ Հայաստանաբնակ Արշավիր Տէր Հովհաննիսեանի, գրեց դրա վնասների մասին: Հակադարձելով՝ ասում էր, թե ոչ մի լավ բան չկա, երբ ձմռան ամիսներին մեր շուկաները լեցուն են պտուղներով: Եթե պետք լիներ, ապա բնությունը այդ տարեշրջանին ինքը կապահովեր մեզ դրանցով: Այնպես որ, դա ժամանակակից քաղաքակրթության հանցանքն է, երբ «... զանազան կլիմաներ, զանազան միջավայրեր իրար խառնելով յառաջ կը բերէ տեսակ մը անհաւասարակշռութիւն, օրէնքի խախտում»: Ասում էր՝ պտուղներից ամենից քիչ վնասակարը խնձորն է, բայց «նկատեցէք, որ նոյնիսկ այդ ամենաքիչ վնասակարով մարդկութիւնը դրախտէն դժոխք նետուեցաւ, ենթագրելով որ դժոխքը մարդուն համար հիւանդութիւնն է...»: Բացատրում էր, թե աղը որքան կարևոր է, որ այն ոչ միայն ոսկորները և ակռաներն է ամրապնդում, «այլ եւ հոգեբանօրէն աղն է կամքին հիմքը: Առանց աղի կամազուրկ մարդկութիւն պիտի ունենայինք»: Ինքն էլ, երբ հիվանդանոց ընկավ պերիտոնիտի ախտորոշմամբ և հետվիրահատական շրջանին ակադեմիական բուժումը արդյունք չտվեց՝ անցավ աղին, հետո հասավ Օսավան՝ ճապոնական ումեբոսի կոչվող աղի սալորով: Այս պտուղը արդեն 1000 տարուց ավելի ճապոնական խոհանոցի և ավանդական բժշկության հիմքն էր:

Կինը՝ Էլիզաբեթը
Չէ՞ որ «կեանքը բերնէն կ’անցնի»
Ինչևէ՝ Որբունին գիտեր, որ առողջությունը նախևառաջ սննդառության հարց է, քանի որ «կեանքը բերնէն կ’անցնի»: Զարմացած էր, որ Խորհրդային Միության առողջապահական համակարգը` «անհաւատ երկիր մը Յիսուսի եւ Լաօ Ցէի դրութիւնները կը գործադրէ՝ ... ծոմապահութիւն: Ասում էր՝ «...Կատուս երբ գէշ բան մը կերած ըլլալով հիւանդանայ, անկիւն մը կը քաշուի, կը քնանայ, ծոմ կը պահէ, մէկ օր, երկու օր եւ յանկարծ ոտքի կ’ելլէ իբրեւ թէ բան մը պատահած չըլլար...»: Զարեհի քույրը՝ Մելանոյշը, թոթափեց իր նյարդային հիվանդությունը Օսավայի սննդակարգի և ապրելակերպի շնորհիվ: 1960-ին քաղցկեղով հիվանդացած կինը՝ Էլիզաբեթը, ապաքինվեց և ապրեց 12 առողջ տարի, մինչդեռ բժիշկները 6 ամսվա կյանք էին տվել: Իսկ թե ինչու նորից գլուխ բարձրացրեց հիվանդությունը, կպարզվի հետո: Ինքն էլ իր կրճախտը՝ արթրոզը և, դրա հետևանք, գլխապտույտները, բուժեց Օսավայի խորհրդով՝ կավե ծեփոցներ դնելով ծոծրակին: Արյան ճնշումն էլ կարգավորում էր սև բրնձով և թեյով: 1961-ին Զարեհը մեկնեց Ճապոնիա: Տպավորված էր Կաբուկի թատրոնով, ինչպես մի ժամանակ՝ անդալուզական Ֆլամենկոյով: «Քապուքին ...ինձ կը մեկուսացնէ աշխարհէն ու կը տանի ուրիշ անիրական աշխարհի մը մէջ: ...Քապուքին ու Ֆլամենքօն զուգահեռաբար հրաշալի աշխարհի մը կը վերածուին մէջս ու զիս հզօր ուժականութեամբ մը կ’ապրեցնեն»: Վերադարձավ Օսավայի ՛՛Zen Macrobiotique՛՛ գրքի անգլերեն հրատարակությամբ և Փարիզում` իր ուսուցչի առողջապահական սկզբունքներով` ճաշարան բացելու նպատակադրումով: Հենց այս ռեստորանի ճաշացանկի դարձերեսին էլ գրեց իր նամակ-կենսագրականը Գուրգեն Մահարիին: Այդ մասին արդեն պատմել ենք:
Պարպել գլուխը ավելորդ մտքերից
«Նայիրի» հանդեսի 1964թ. համարներում տպագրվեց «Փիլիսոփայութեան մը մասին» հոդվածը՝ բացատրելով բարկության, վախի և մարդկային չարչարանքների շղթայական կապը և մարդկության պատմությունը ներկայացնելով որպես վախը փարատելու համար մղած պայքար: Երբ ճանապարհում էին Օսավային դեպի Ամերիկա, Զարեհը խոստացավ, որ պետք է շարունակի նրա մարդասիրական գործը՝ «շարունակել ցանել ինչ որ մենք հնձեցինք երեք տարիէ ի վեր, շեշտելով այն կարևորութիւնը, որ մեր ստացած դաստիարակութիւնը միայն հիւանդութիւններ բուժած ըլլալու մէջ չէ, այլ աշխարհը հիւանդութենէ փրկել նաև...»: Բայց շատերը, որ ձրիաբար Օսավայից գիտելիք էին ստացել, փրկվելով իրենց «... քանսէռներէն, սքլեռոզներէն, ֆիզիքապէս երիտասարդացած ու գեղեցկացած, կը մոռնան տալու ինչ որ ստացան ձրի...»: Ժամանակ անց առողջապահական առումով հայտնաբերեց մեկ ուրիշ փայլուն գիտնականի: Այս անգամ հորենական կողմից մի հայ կին էր՝ Բուխարեստի երկարակեցության հաստատության տնօրեն պրոֆեսոր Աննա Ասլանը, որի անունը փորագրված է Հիպոկրատի մարմարե արձանի վրա՝ Հունաստանում: Ասլանի ծերաբուժական սկզբունքները և ներարկումների՝ Gerovital սրվակները արդեն անպակաս էին Որբունու տանից: Սրվակներ, որոնց շնորհիվ կենսունակ և առույգ էին մնացել Շառլ Դը Գոլը, Ջոն Քենեդին, Քոնրադ Ադենաուերը, Ինդիրա Գանդին, Իոսիֆ Բրոս Տիտոն, Խո Շե Մինը, Չարլի Չապլինը և հոլիվուդյան ու էստրադային աստղերից շատերը: Մի խոսքով,առողջության հետ կապված հարցերը Զարեհ Որբունուն հետաքրքրում էին գիտական մակարդակով: Երևի զարմանալի չէ, որ իր միակ դուստրը՝ Լուիզեթը, դարձավ բժիշկ, ճիշտ է՝ երբեմն թերահավատ իր հոր համոզմունքներին: Ի վերջո՝ մարզումի և մերսումի սրահը ևս իր համոզմունքների սահմանների մեջ էր: Բայց մարմնի ներդաշնակ աշխատանքի համար մի շատ կարևոր պայման կա, որը, ըստ Որբունիի, անգամ կրոնները՝ «այդ դարաւոր ջանքերը չկրցան մարդուն տալ ամենատարրական բանը ապրելու համար այս թշուառական կեանքին մէջ, որ բարութիւնն է: Ամեն մարդ չի կրնար հասնիլ բարձունքներու, բայց ամեն մարդ կրնայ ստանալ բարութեան թթխմորը: Այս աշխարհը թշնամական է, ատելի եւ տեւական սպանութիւն՝ մարմնական թէ հոգեկան: Եթէ մարդիկ կրնան բարի ըլլալ, կեանքը կը դառնայ տանելի...»: Ուսումնասիրելով տարբեր կրոններ և փիլիսոփայություններ, հանգել էր հետևության, թե «... քիրստոնէութիւնը, թաոն, զենը, հինտուիզմը, թանթրիզմը, եւ այլն, այլեւս ընելիք չունին: Իրենց ներգործութեան ժամանակը անցած է»: Դրանք չեն փոխել մարդու հանդեպ մարդու գայլային բնույթը: Եվ որքան հրաշալի է, երբ հանդիպում ես նրանց, որոնց հետ կարող ես հանդարտորեն զրուցել, փոխանակել անտեսանելի էներգիաներ և զգալ մեկմեկու համաժամանակեցված կշռույթների հմայքը: «Հոգին պահանջ կը զգայ ուրիշներուն հետ խօսելու ներքին երկար մենախօսութիւններէ ետք: Ասիկա այնքան լաւ է հոգիին համար, որքան լուծողականը ստամոքսին»: Ազատվել այլևս չաշխատող ամեն հարաբերությունից, ամեն ավելորդությունից՝ պարպել գլուխը ավելորդ մտքերից, տունը պարպել ավելորդ իրերից: Աղոթք և խոկում...
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել