120 մլն եվրո՝ մարզային ենթակառուցվածքների համար. ԱԺ-ն քննարկել է նոր վարկային համաձայնագիրը
««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի հուլիսի 22-ին եւ 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 120 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ: 24,101 մլն եվրոն համաֆինանսավորելու է ՀՀ Կառավարությունը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից:
Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, առաջին մարումը կատարվելու է 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման եւ մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25 տոկոսի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի:
Գեւորգ Պապոյանի խոսքով ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ եւ գործիքներ ավելանալ: Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը: Հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:
Համաձայնագիրը քննարկվել է փետրվարի 10-ի ԱԺ հերթական նիստում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել